Պաշտոնատար անձը քաղաքացիներին նպաստ հատկացնելու համար պահանջել և ստացել է նպաստի մեկ ամսվա գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում կաշառքի դրսևորման մի շարք դեպքեր:
2018թ. փետրվարի 16-ին մի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2013 թվականից հանդիսանալով սոցիալական օգնություն ստացող անձ՝ յուրաքանչյուր տարի հունվար, փետրվար, մարտ ամիսներին ստացել է նպաստ՝ ամսական 18.000 ՀՀ դրամ։ Ըստ քաղաքացու՝ յուրաքանչյուր տարի մեկ ամսվա գումարը համապատասխան պաշտոնատար անձի պահանջով տվել է նրան՝ սոցիալական օգնության ծրագրում մնալու համար։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:
Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողութունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ նույն անձի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հանդիսանալով ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակից, 2009-2018 թվականների ընթացքում մի շարք բնակիչների՝ նպաստառուների ցուցակում ընդգրկելու, նպաստ տրամադրելու, հրատապ օգնություն տրամադրելու համար վերջիններիցս տարբեր ժամանակահատվածներում և դեպքերում պահանջել և ստացել է հասանելիք նպաստի մեկ ամսվա գումարը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), ևս 5 հոգու՝ կաշառք տալու փորձի համար։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ կաշառքի դրսևորման հնարավոր այլ դրվագներ բացահայտելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել է մասնագիտական ստուգում՝ պարզելու՝ արդյոք այդ քաղաքացիներին, օրենքով սահմանվածով կարգով, նախատեսվում էր ստանալ սոցիալական օգնություն։

ՀՀ քննչական կոմիտե




Լրահոս