«Ելք»-ում ընդհանուր հայտարարի չեն եկել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ մինչեւ ուշ երեկո շարունակվում էր ԱԺ «Ելք» խմբակցության նիստը: Իսկ քննարկումների թեման դաշինքի կողմից Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի ձեւաչափի մասին որոշումն էր: Սակայն մի քանի ժամ տեւած քննարկման արդյունքում «Ելք»-ի ներկայացուցիչներն այդպես էլ ընդհանուր եզրահանգման չեն եկել, եւ որոշվել է քննարկումները շարունակել: Ըստ մեր տեղեկությունների` «Ելք» խմբակցության մի մասը` ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կողմնակից է եղել փողոցային պայքար սկսելուն, մինչդեռ Էդմոն Մարուքյանն իր կողմնակիցների հետ դեմ է եղել` համարելով այն անհեռանկարային, ոչինչ չտվող: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հետ:

-Պարո՛ն Գորգիսյան, ինչո՞ւ այդպես էլ որեւէ որոշում չկայացվեց:

-Անհրաժեշտ է ամեն ինչ ճիշտ հաշվարկել, որպեսզի որոշումն էլ լինի այդպիսին:

-Ձեր դաշինքի տարբեր ներկայացուցիչներ չեն հերքում, որ կան տարաձայնություններ, թե Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ ուղղված պայքարն ինչ ձեւով ընթանա: Հիմա, ի վերջո, ըստ Ձեզ` հասնելո՞ւ եք ընդհանուր հայտարարի:

-Դե, մեզ մոտ շատ հարցերի շուրջ կա բազմակարծություն, եւ դա նորմալ է: Մենք միշտ քննարկումներով մինչեւ հիմա եկել ենք կոնսենսուսի: Կարծում եմ` այս պարագայում էլ կհաջողենք:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս