ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ ՎՃԻՌՆԵՐԸ՝ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

-Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության տեքստը զարմանալիորեն ընդունվեց ԱԺ նիստերի օրակարգ, եւ դա այն դեպքում, երբ պետական-իրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն էր ստացել: Ո՞րն էր այն ընդունելու պատճառը:
-Շատ պարզ պատճառով: Պետաիրավական հանձնաժողովի նիստում «Ելք»-ի առաջարկած Ազգային ժողովի հայտարարության հիմքում 5 կետ էր դրված, պետաիրավական հանձնաժողովի նիստում մենք 5 կետերն առանձին-առանձին, դետալացված վերլուծեցինք, քննարկեցինք` լսելով բոլորի տեսակետները եւ, ըստ էության, եկանք այն եզրակացության, որ այդ 5 կետերն էլ` ե՛ւ առանձին-առանձին, ե՛ւ իրենց ամբողջության մեջ, ոչ միայն պատշաճ հիմնավորված չէին, այսինքն` զուտ հարցադրում լինելու տեսանկյունից, միաժամանակ դրանք չէին կարող որեւէ կերպ ուղղված լինել մեր հասարակության եւ մեր մտահոգությունները փարատելուն: Եվ իմ մոտեցումները իրավական առումով ես ներկայացրեցի հանձնաժողովի նիստում եւ միաժամանակ նպատակահարմարության տեսանկյունից բարձրացրեցի այն հարցը, որ եկեք` 40 հայտարարություն ընդունենք, բայց դա արժեք չունի՞, չէ՞, որովհետեւ որեւէ կերպ չի փարատելու այն մտահոգությունները, որոնք առկա են ե՛ւ մեր հասարակության, ե՛ւ մեզանից յուրաքանչյուրի մոտ: Հիմա ինչո՞վ է պայմանավորված, որ, այնուամենայնիվ, այն որոշեցինք լիագումար նիստում քննարկման առարկա դարձնել: Նկատի ունենալով, որ մեր հանձնաժողովի նիստի ընթացքում էր դա քննարկվել, մենք ուղղակի դեմ չեղանք մտցնել լիագումար նիստ, որպեսզի այդ քննարկումը, այդ փաստարկները, որոնք բերվում են մեր եւ մեր ընդդիմադիր գործընկերների կողմից, լինի ավելի լայն հրապարակման առարկա, որպեսզ մեր հասարակությունն էլ հասկանա` արդյո՞ք նման հայտարարության անհրաժեշտությունն առկա է եւ արդյո՞ք այն իսկապես կարող է այնպիսի կարեւոր նշանակություն ունենալ, ինչպես մեր գործընկերներն են պնդում: Դրա համար մենք համաձայնեցինք, որ այն դառնա քննարկման առարկա, այլ ոչ թե համաձայնեցինք, որ դրանց մեջ ներառված կետերն ընդունելի են: Մենք ընդամենը փորձում ենք սրանով մեր հասարակության ավելի լայն շերտերին ներկայացնել` ինչու այդ հայտարարության հինգ կետերն ընդունելի չեն:
-Ստացվում է, որ կքննարկեք, բայց արդյունքում չե՞ք ընդունի այն:
-Այդ հայտարարությունը կամ որեւէ հայտարարություն ի՞նչ է տալու: Ես այժմ հռետորական հարց եմ հնչեցնում: Եկեք, ամեն օր հայտարարություն hրապարակենք` ԱԺ անունից, այդ թվում` օրը 10 հատ` մենք դատապարտում ենք, կոչ ենք անում գլխավոր դատախազին կամ քննչական ծառայության պետին: Շատ լավ, բայց նրանք ունեն օրենքով իրենց վրա դրված պարտավորություններ: Անկախ նրանից` մենք ինչ հայտարարություն անենք, դա ո՛չ ավելացնելու է իրենց իրավունքների ծավալը, ո՛չ էլ պարտականությունների ծավալը: Իրենք անում են դա անկախ ամեն ինչից: Հետեւաբար մեկ հայտարարություն չէ, 100 հայտարարություն էլ անենք, դա զրո նշանակություն ունի:
-Առաջիկայում մարտի 1-ի դեպքերի բացահայտման առումով ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել: Խոսք է գնում նոր փաստահավաք խմբի կամ հանձնաժողովի ստեղծման մասին: Այդ առումով զարգացումներ հնարավո՞ր են:
-Գիտեք ինչ կա. քրեական գործերը կամ կոնկրետ մահվան հանգամանքները պարզելու համար չի կարող ստեղծվել ո՛չ փաստագրական, ո՛չ էլ այլ խումբ: Որովհետեւ, եթե մեզ դա պետք է` մահվան փաստերի վերաբերյալ քննությունն իրականացնելու համար, դա նշանակում է, որ մենք ստեղծելու ենք մի մարմին, որը պետք է ունենա դատախազի կամ քննիչի կամ ոստիկանի գործառույթներ, ինչը չի կարող ունենալ: Այսինքն` նման մարմիններն ի սկզբանե անարդյունավետություն են իրենց մեջ պարունակում: Ի սկզբանե զուտ ցուցադրակամ կամ պոպուլիստական նպատակներից ելնելով է, եկեք, ինչքան ուզենք` մարմին ստեղծենք, մենք դեմ չենք, բայց եթե դուք ասեք, որ այդ մարմինը ինչ կարող է անել, եւ ինչ լիազորություն պետք է տանք, ապա ինչ լիազորություն էլ անեք, դա կլինի այլ մարմնի լիազորություն, ինչն անթույլատրելի է իրավական եւ ոչ իրավական տեսանկյունից: Հետեւաբար նոր մարմին ստեղծելու անհրաժեշտությունը բացակայում է ցանկացած տեսակետից, ցանկացած ռակուրսից, որ նայենք: Այլ հարց է, որ մենք պետք է քննարկենք` ինչ անենք, որ քրեական գործի արդյունավետությունը մենք տեսնենք: Այսինքն` այո՛, մեր թիվ մեկ խնդիրը յուրաքանչյուր մահվան դեպքի բացահայտված լինելու մեջ է:
-Ի՞նչ կարող ենք սպասել ՄԻԵԴ որոշումներից: Մասնավորապես Արտակ Զեյնալյանը, ով հանդիսանում է տուժողների իրավահաջորդը ՄԻԵԴ-ում, նշել է, թե եվրոպական դատարանի որոշումներից հետո իշխանությունները պետք է ինչ-որ քայլեր անեն:
-Այստեղ խոսքը չի վերաբերում 10 մահերին: Այդ դեպքում գործեր միգուցե կան եվրոպական դատարանում, բայց այստեղ քրեական գործը շարունակվում է: Այսինքն` քրեական գործի վերաբացման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ գործը քննվում է: Գործի վերաբացվածություն ասելով` պարոն Զեյնալյանը ոչ թե նկատի ունի մարտի 1-ի զոհերի հետ կապված գործերը, այլ, օրինակ, մարտի 1-ի կապակցությամբ տարբեր մարդիկ կալանավորվեցին, ձերբակալվեցին, դատավճիռներ եղան, այս գործերով 7 հատ բողոքներ կան Եվրոպական դատարանում: Եվ եթե ՄԻԵԴ-ը ճանաչեց խախտումներ, դա մեզ համար ֆորմալ պարտավորություն է` այդ գործերը վերաբացելու համար: Խոսքը սրա մասին է:
-Իսկ ի՞նչ հետեւանքներ կլինեն, եւ ե՞րբ կարող են կայացվել վճիռները:
-Եթե խախտումներ արձանագրվեն, այդ գործերը, խոսքը չի վերաբերում 10 մահերին, այլ այն դեպքերին, երբ անձը դատապարտվել է մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ այս կամ այն գործողության համար, այդ գործերն արդեն կոնկրետ իրավիճակներում ենթակա են վերաբացման: Ես կարծում եմ` մենք այս տարի կամ այս տարվա վերջ կակնկալենք 1-2 գործերով վճիռներ:
-Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու պահանջով: ԱԺ-ում լսումների ժամանակ եւս սլանքերը նրա կողմ ուղղվեցին:
-Իրավական տեսակետից ես չեմ կարծում, որ գլխավոր դատախազությունը կբավարարի: Քրեական գործով միջնորդություն անելու իրավունք ունեն կոնկրետ սուբյեկտներ` տուժող, տուժողի իրավահաջորդ, մեղադրյալ, մեղադրյալի ներկայացուցիչ, փաստաբան եւ այլն: Ես կարծում եմ` եթե ես լինեի գլխավոր դատախազ, ես մերժելու էի այդ միջնորդությունը, որովհետեւ Փաշինյանն առնվազն իրավունք չունի նման միջնորդությամբ հանդես գալու: Նման միջնորդությամբ հանդես գալու իրավունք ունեն գործի մասնակիցները, այսինքն` վարույթի մասնակիցները:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

«ՈՒԶՈՒՄ Է` ԲԵՂ ՊԱՀԵՆ, ՈՒԶՈՒՄ Է` ՄՈՐՈՒՔ»

Ինչպես հայտնի է` ՕԵԿ-ը, որ ժամանակին դարձել էր «Հայկական վերածնունդ» կուսակցություն, կրկին վերադարձել է հին անվանը: Եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի հետ:

-Վերջին օրերին ՕԵԿ-ի կողմից ակտիվություն է նկատվում: Սա նշանակում է, որ կուսակցությունը նորից քաղաքական դաշտ է մտնո՞ւմ:
-Մենք գտնվում էինք որոշակի դադարի մեջ, դուք տեսաք: Այո՛, կուսակցությունն այսօր ակտիվ աշխատում է եւ աշխատելու է, այդ թվում նաեւ` հասարակական դաշտում:
-Բայց տեղեկություններ կան, որ կուսակցության որոշ կառույցներ փակվել են, կամ ղեկավարները հրաժարական են տվել:
-Ո՛չ: Մենք այդպիսի կառույցներ չունենք:
-Կուսակցությունն այլեւս լուսանցքում չի՞ մնա եւ կշարունակի՞ պայքարել քաղաքական դաշտում:
-Մենք երբեք չենք եղել լուսանցքում: Այս ընտրություններին Ազգային ժողով չանցանք, բայց հավաքեցինք 60.000 ձայն, ունենք համայնքի ղեկավարներ, ավագանի: Կար դադար, բայց այդ փուլն արդեն անցել է:
-Պարո՛ն Շահգելդյան, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարել էր. «ՕԵԿ-ականները քիչ է մնում` բեղ պահեն, որ փողոցում նրանց չճանաչեն»: Հիմա Դուք ի՞նչ պատասխան ունեք նրան:
-Ուզում է` բեղ պահեն, ուզում է` մորուք:
-Բայց Փաշինյանն ՕԵԿ-ի վերաբերյալ էր դա ասել:
-Բայց դա ի՞նչ հարց է: Ես Ձեզ հետո կզանգեմ:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐԱՆՏԸ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անցել է ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելուն: Սա, թերեւս, այն պատճառով, որ ընտանիքներում բռնության կանխարգելման անվան տակ առաջիկայում սպասվում է դրամաշնորհների մեծ հոսք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդպիսի խորհուրդ ստեղծելը բխում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության մասին» օրենքից: Նախագծում ամրագրված է, որ այդ բնագավառում լիազորված մարմին է ճանաչվում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որը պետք է որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացնի խորհրդի անհատական կազմը: Բազմիցս է նշվել, թե ընտանեկան բռնության կանխարգելմանը վերաբերող աղմկահարույց նախագծի համար իշխանությունները մեծ գումարներ են ստացել եւ դեռ ստանալու են. գումարներն էլ, բնականաբար, հոսելու են Արտեմ Ասատրյանի եւ մյուս պաշտոնյաների գրպանները:

 

 

ԿԲԱՎԱՐԱՐԻ ՀԱՅՏԸ
«Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը պահանջել է Վայոց ձորի մարզում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար տրամադրել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով: Եւ հանձնաժողովը պատրաստվում է այսօրվա նիստին բավարարել ընկերության պահանջը:
Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` «Լիդիան Արմենիա» ընկերությունը կապ ունի ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքի հետ: Այս տեղեկությունները համառորեն շրջանառվում են, չնայած այն բանին, որ անձամբ Սարգսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ նշված ընկերության հետ ինքը բիզնես կապեր չունի։

 

 

ԿՎԻՐԱՀԱՏԵ՞Ն
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` 2017թ. սեպտեմբերին Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցների գործով մեղադրյալ Ռաֆայել Խաչատրյանին, ամենայն հավանականությամբ, կվիրահատեն: Բայց դեռ որոշված չէ՝ արդյո՞ք նրան կվիրահատեն պետպատվերի շրջանակում, թե ոչ: Հիշեցնենք, որ ալավերդցի քրեական հեղինակություններ Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը, որ մեղադրվում են ալավերդցի մեկ այլ քրեական հեղինակության` Վահագն Աբգարյանի ընկերոջ սպանության եւ Վահագնի սպանության փորձի մեջ, դեպքից հետո փախել էին Վրաստան, որտեղ եւ հայտնաբերվել են, բայց դեռ չեն տեղափոխվել ՀՀ:




Լրահոս