«ԱԳՈՒԼԻՍ» ԹԱՏՐՈՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ալամբուչիկ», «Հաղորդում թիվ 6», «Հատակում», «Տուն-տունիկ», «Օլյայի օրագիրը», «Քրիստոմանիա», «Հոպլյաթիռ», «Թեթեւ սոլիդ», «4-ին գումարած» հեռուստատեսային ծրագրերի հեղինակ, մի շարք երգերի հեղինակ-կատարող, գրող Քրիստ Մանարյանի հետ։

-Պարո՛ն Մանարյան, նախկինում Ձեզ տեսնում էինք մանկական հաղորդումների շրջանակներում, շատերը դեռ հիշում են Ձեր հեղինակած հեռուստատեսային ծրագրերի հերոսներին։ Հիմա մանուկների հետ կապված նախագծեր հեղինակելու մտադրություն ունե՞ք։
-Հիմա իմ հիմնական անելիքը Հայաստանի Հանրային ռադիոյի «Արեւիկ» մանկապատենական անսամբլի գործունեությունը կրկին կյանքի կոչելն է, այսինքն՝ դրան նոր շունչ հաղորդելը։ Ես համույթի գեղարվեստական ղեկավարն եմ։ Մարտի 7-ին եւ 8-ին սպասվում է երեխաների ընդունելություն։ Հիմա իմ բոլոր պլանները «Արեւիկի» հետ են կապված։ Նաեւ ուզում ենք հեռուստատեսային շոուներ անել։ Խոսքը մանկական երաժշտական շոուների մասին է։ Բայց թե երբ դրանք կհեռարձակվեն կամ ինչ պարբերականությամբ, դեռ չէի ուզենա բարձրաձայնել։ Այնուամենայնիվ, գաղափարը կա։ Մտածում ենք նաեւ «Արեւիկին» երկրորդ անգամ «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթ ուղարկելու մասին։ Ինչ վերաբերում է իմ՝ եթերում երեւալուն, առայժմ նման ծրագրեր չկան։ Կարող եմ ասել, որ շարունակում եմ ստեղծագործել, գրում եմ նաեւ մանկական գործեր։ Շատ կցանկանայի, որ մեր կոմպոզիտորները մանկական երգեր գրեին, մենք էլ լսեինք, քննարկեինք, ընտրեինք այն գործերը, որոնք հարմար կլինեին երեխաների կատարելու համար։
-Բայց հիմա մանկապատանեկան երգեր կարծես թե քիչ են գրվում։
-Երեւի, բայց կատարողներն էլ են քիչ։ Իհարկե, այն, ինչ ներկայացվում է, բավարար չէ։ Կան հեղինակներ, որոնք անդրադառնում են մանկական թեմաների, ուղղակի երեւի թե մենք էլ ենք անտարբեր դրանց նկատմամբ։ Մենք մեր երեխաներին, թերեւս, բավարար ուշադրություն չենք դարձնում։ Դրսի երեխաներն, օրինակ, այնքան ազատ են, զուրկ բարդույթներից, իսկ մենք մեր երեխաներին ավելորդ կոմպլեքսներով ենք մեծացնում։ Ես դեմ եմ դրան։
-Պարո՛ն Մանարյան, շատերին հետաքրքիր է՝ ինչպես դասավորվեց «Ագուլիս» թատրոնի ճակատագիրը (դեռեւս 2016 թվականի աշնանը Քրիստ Մանարյանն ահազանգեց, որ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանի հիմնադրած թատրոնը փակել է իր դռները։ Թատրոնը, որը տեղակայված է Դերենիկ Դեմիրճյանի հուշատան նկուղում (որն էլ իր հերթին պատկանում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին), համալիր վերանորոգման կարիք ուներ. մշակութային փոքրիկ օջախի կենցաղային վիճակն աղետալի էր-հեղ.):
-Հիմա թատրոնում տարվում են վերանորոգման աշխատանքներ։ Կան խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Երեսուն տարուց ավել է՝ «Ագուլիսը» չի վերանորոգվել։ Այդ տարիների ընթացքում հայրս ինչ կարողացել է, արել է։ Հիմա արդեն օգնության ձեռք են մեկնել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետարանը, եւ մենք կարողանում ենք քիչ թե շատ տանելի պայմաններ ստեղծել մեր հանդիսատեսի համար։ Կարծում եմ՝ այս տարի վերանորոգման աշխատանքները կավարտենք։ Բայց մինչեւ վերանորոգումը չավարտվի, առավել մանրամասն տեղեկություններ հայտնել չեմ կարող։
-Պարո՛ն Մանարյան, իսկ որպես հեղինակ կատարող` ի՞նչ նորություններ ունեք հանդիսատեսի համար։
-Վերջին աշխատանքս «Գլխիս վերեւը եռագույնը» խորագրով ձայնասկավառակն է, որտեղ հավաքել եմ Հայոց բանակին, Արցախյան գոյամարտին նվիրված գրեթե բոլոր երգերս։
-Եվ վերջում՝ ի՞նչ կարծիք ունեք մեր երկրում տարվող մշակութային քաղաքականության մասին։
-Դե, ինչ ասեմ, դժգոհ եմ սերիալներից, մասնավորապես հնդկական սերիալներից, երկրում գերիշխող ռաբիս երաժշտությունից։ Որեւէ օրենքով դրանք չեն արգելվում, բայց ես՝ որպես արվեստագետ, դատապարտում եմ այդ ամենը։ Դրանց դեմ պայքարելու միայն մեկ ձեւ կա՝ ավելի լավ եւ մնայուն արժեքներ ստեղծելը։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԱԶԻԶՅԱՆՆԵՐԸ» ԱՊՐԻԼԻՑ ՆՈՐԻՑ ԵԹԵՐՈՒՄ ԿԼԻՆԵՆ

Ապրիլին եթերում կլինի հեռուստադիտողներից շատերի կողմից սիրված «Ազիզյաններ» սիթքոմի նոր եթերաշրջանը։ Հումորային սերիալի դերասանուհի Անի Լուպեն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ հեռուստադիտողներին սպասվում են սցենարային թեժ զարգացումներ, սակայն իր կերպարը առանձնակի փոփոխություններ չի կրի, նրա կենսակերպը կմնա նույնը։ Ինչ վերաբերում է դերասանական կազմին, ապա դերասաններից ոչ ոք չի պակասի, փոխարենը կավելանան նոր կերպարներ: Այլ մանրամասներ դերասանուհին դեռեւս չհայտնեց:

Հարցին, թե արդյո՞ք սա «Ազիզյաններ» սիթքոմի վերջին եթերաշրջանն է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ կարծում»:
Վերջերս Երեւանի կամերային թատրոնում տեղի ունեցավ Անի Լուպեի մասնակցությամբ «Կաբարե ռեստարտ» ներկայացման պրեմիերան: Այն Արա Երնջակյանի «Կաբարե» ներկայացման նորացված տարբերակն է: Բեմադրիչը Լուսինե Երնջակյանն է. «Սա արդեն արդիականացված, ժամանակին համահունչ ներկայացում է, որտեղ ընդգրկված են նախկինից շատ դերասաններ»,-ասաց Անի Լուպեն:
Բացի այդ` Կամերային թատրոնում շուտով կներկայացվի Արշալույս Հարությունյանի «Սեւ արկղ» ներկայացումը, որտեղ եւս Անի Լուպեն ընդգրկված է. «Այս ներկայացումը մատուցման տեսանկյունից, նաեւ ռեժիսորական մտահղացումների առումով նորություն կլինի հայ հանդիսատեսի համար: Սա, կարելի է ասել, ֆիլմ-ներկայացում է, որի ընթացում հանդիսատեսն ականատես կլինի էկրանային էֆեկտների: Ես մարմնավորում եմ մի կնոջ, որը նոր է ընտանիք կազմել, իր տեսակով ազնիվ է, հավատարիմ, սիրային կապերի մեջ վստահող, հավատացող: Վերջում, սակայն, սիրուն եւ ընտանիքին առնչվող այդ կնոջ մոտեցումները կտրականապես փոխվում են»,-մանրամասնեց Անին:
Ի դեպ, մեր զրուցակիցը հանդես է գալիս նաեւ որպես երգչուհի` նախընտրությունը տալով պորտուգալական երգերին: Նա տեղեկացրեց, որ մտադիր է սեպտեմբերին նկարահանել իր առաջին տեսահոլովակը. «Երգը կլինի հայերեն: Ես կոմերցիոն գործ չեմ ներկայացնի, այլ այն, ինչ հոգեհարազատ է ինձ»,-եզրափակեց Անին:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս