Հրազդանի ոստիկանապետը` ծեծված քաղաքացու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ծեծված քաղաքացուն Հրազդան քաղաքում ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու գործը բավակին մեծ աղմուկ բարձրացրեց: Բանն այն է, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Է. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2018թ.-ի հունվարի 1-ին Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին` պահանջելով հայտնել, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկել: Երբ Է. Ա.-ն ասել է, որ նրանց չի ճանաչում, ոստիկանները, չհավատալով վերջինիս, հայհոյանքներ են տվել եւ ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում հատուկ քննչական ծառայությունում կալանավորի հաղորդման հիման վրա նախաքննություն է ընթանում: Դատելով Է.Ա-ի հայտարարությունից` հերիք չէ իրենն ու քրոջը անծանոթ մարդիկ են ծեծել, իսկ ոստիկանները օգնելու փոխարեն եւ, առհասարակ, պարզելու համար, թե ով է քաղաքացուն ու նրա քրոջը ծեծել, մի բան էլ կրակի վրա յուղ են լցրել ու երկրորդ անգամ են քաղաքացուն ծեծել:

«Ժողովուրդ» օրաթերթը Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանից փորձեց պարզել, թե ինչպես կբացատրի իր ենթակայությամբ գործող ոստիկանների վարքը, ոստիկանապետը նշեց, որ նման բան չկա:

-Պարո՛ն Գրիգորյան, քաղաքացին կոնկրետ հաղորդում է տվել հանցագործության մասին եւ ՀՔԾ-ում ասել, որ Ձեր ենթակաները ինչպես են իրեն ծեծել, այսպե՞ս եք օգնում քաղաքացիներին:

-Չկա նման բան, այդ անձը կալանավորված է, քանի որ ոստիկանի քթին է խփել եւ այն կոտրել է: Ինքը դիմադրության հատկանիշներով հարուցված քրեական գործով կալանավորվել է: Իսկ այն, որ ինքը հաղորդում է տվել, թե ոտիկանները իրեն ծեծել են, դա շինծու է, նմա բան չկա:

-Վստա՞հ եք:

-Ոչ թե վստահ եմ, այլ համոզված եմ 300 հազար տոկոսով, որ նմանատիպ բան չի եղել եւ չի էլ կարող լինել:

-Եթե նախաքննության ընթացքում այլ բան բացահայտվի՞:

-Հաղորդման հիման վրա այդ մասը ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն, որտեղ ամեն ինչ կերեւա:

-Փաստ է մեկ բան. մարդը ասում է` ինձ անծանոթները ծեծել են, ու գոնե ոստիկանները օգնեն, մի բան էլ իրենք են ծեծում:

-Ուրեմն Ձեզ ասեմ` ինչպես է եղել. ահազանգ է եղել ոստիկանություն, որ մարդ ու կին կռիվ են արել, գնացել են դեպքի վայր եւ տեսել են` երկու հոգի ծեծում են, ու լինում է իր քույրը: Այդ ժամանակ, երբ նրան բերում են բաժին, հարցնում են, թե ինչ է եղել, տալիս է, ոստիկանի քիթը ջարդում է: Ինքը օրինական պահանջներին չի ենթարկվել, դրա համար կալանավորվել է` ՀՀ քննչական կոմիտեում դիմադրության հատկանիշներով հարուցված քրեական գործով:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաև այս գործով կալանավորված Էդգար Ասատրյանի պաշտպան Հովիկ Արսենյանի հետ, ով նշեց. «Հրազդանի ոստիկանապետը, որ ասում է, թե ոստիկանները կապ չունեն այս ամեն ինչի հետ, թող մի հատ ասեր՝ կոնկրետ Էդգար Ասատրյանը ոստիկանների ո՞ր օրինական պահանջներին չէր ենթարկվել: Ավելին, Ձեզ հայտնեմ որ Էդգար Ասատրյանը, որը գտնվում է կալանքի տակ, հենց այս գործի շրջանակներում ճանաչվել է տուժող»:

Քնար Մանուկյան




Լրահոս