ՆԱՏՕ-ն թույլ չի տա իրեն սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշել Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսատլանտյան դաշինքը թույլ չի տա իրեն սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշել Ռուսաստանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 15-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Մենք չենք ցանկանում նոր սառը պատերազմ եւ սպառազինությունների մրցավազք: Սպառազինությունների մրցավազքում չկա հաղթող, այն թանկ արժե, ռիսկային Է եւ ոչ մեկի շահերին չի համապատասխանում»,-ասել Է նա:

ՆԱՏՕ-ն «սպառնալիքներ չի ներկայացնում Ռուսաստանի համար» եւ միտված Է «պաշտպանությանը, զսպմանը եւ այդ երկրի հետ երկխոսությանը», որպեսզի հստակորեն ներկայացնի իր դիրքորոշումը: Այդ մասին ասված Է ամենամյա զեկույցում, որը ներկայացրել Է Ստոլտենբերգը: Փաստաթղթում նաեւ ընդգծվում Է, որ ՆԱՏՕ-ն հանձնառու Է սպառազինությունների վերահսկման բոլոր պայմանագրերի կատարմանը, ներառյալ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը (ՄՓՀՀՎՊ):

«ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում ոչ մի երկրի համար: Մենք շարունակում ենք ձգտել կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, եւ մենք հավատարիմ ենք երկխոսությանը, որպեսզի պարզորոշ շարադրենք մեր դիրքորոշումը, նվազեցնենք ռիսկերը եւ մեծացնենք թափանցիկությունը,-ասված Է փաստաթղթում:-Մենք նաեւ հաստատակամորեն հանձնառու ենք սպառազինությունների վերահսկման բոլոր պայմանագրերի կատարմանը, ներառյալ ՄՓՀՀՎՊ-ն»: «2017 թվականին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը, որն անկեղծ բանավեճերի համաժողով Է, հավաքվել Է երեք անգամ: Երկխոսությունը դյուրին չի ընթանում, բայց երբ լարվածությունը մեծ Է, Էլ ավելի կարեւոր Է՝ խոսել միմյանց հետ: Ռուսաստանի նկատմամբ մեր քաղաքականությունը հետեւողական Է՝ ուժեղ պաշտպանություն եւ զսպում՝ զուգորդված բովանդակալից երկխոսության հետ»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս