Առաջին ատյանի դատավորներն ու սպասվող բացահայտումները. ինչ սպասել միավորումից հետո

Դատական համակարգում միանշանակ չի ընդունվել դատական նոր օրենսգիրքը, որի արդյունքում Երեւանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանները միավորվեցին, եւ այսուհետ գործում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը:

Ինչպես հայտնի է` 2018 հունվարի 25-ից Երեւանի վարչական շրջանների դատարանները լուծարվեցին, եւ ստեղծվեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարան:

Լուծարվող դատարանների նախագահները եւ դատավորները շարունակելու են պաշտոնավարել որպես նոր դատարանի դատավորներ: Ասել է, թե դատական օրենսգրքով այսուհետեւ Երեւանի վարչական շրջանների դատարաններն այլեւս նախագահներ չեն ունենալու, եւ Երեւանում լինելու են շարքային դատավորներ: Այսպիսով` նոր դատական համակարգին անցնելը այդքան էլ միանշանակ չի ընդունվել, եւ դատավորների շրջանում խոսակցություններ են սկսվել, որ փոփոխությունները առավել խորը արմատներ ունեն:
Եվ այսպես` ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների` դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` իրականում վարչական դատարանների լուծարումը մեկ նպատակ է հետապնդել, որ դատական համակարգում հնարավոր լինի զսպել դատարանի նախագահ-դատավոր գործարքի հավանականությունը: Բանն այն է, որ դատական համակարգում վերջին տարիներին իրավապահների կողմկից իրականացված բացահայտումները ցույց են տվել, որ վարչական կամ մարզային շրջանի դատավորները եւ դատարանների նախագահները, ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով, համաձայնության են եկել եւ իրենց վարույթում քննվող քրեական կամ քաղաքացիական գործով ցանկալի վճիռ են կայացրել, իսկ ավելի ուշ, երբ գործը հասել է իրավապահներին, մեղադրյալի աթոռին է հայտնվել միայն դատավորը, իսկ ահա նախագահը ջրից չոր է դուրս եկել:

Սակայն անցած տարի իրավիճակը այլ էր. իրավապահները Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին եւ դատավոր Վանիկ Վարդանյանին կաշառքի գործով կալանավորեցին: Ասել է, թե դատավորն ու դատարանի նախագահը քաղաքացու օգտին ցանկալի վճիռ կայացնելու համար գործարքի էին գնացել:

Եվ ահա դատական օրենսգիրքը փոփոխելով եւ նոր դատական համակարգ ստեղծելով` իշխանական վերնախավը փորձում է բացառել դատավորների եւ դատարանների նախագահների հնարավոր գործարքի գնալու հավանականությունը եւ նրանց վերահսկելի դարձնում մեկ տեղից, այն է՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից: Թե որքանով այս փոփոխությունները դրական կանդրադառնան, ցույց կտա ժամանակը:

Մինչ այդ, նկատենք, որ այս իրավիճակին զուգահեռ` դատական համակարգում կան դատավորներ, որոնք անկախ կատարված սահմանադրական փոփոխություններից` հայտնվել են անելանելի վիճակում: Ըստ մեզ հասած լուրերի` առաջին ատյանի դատավորներից շատերն ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով, օրինակ, քաղաքացու կամ բանկի միջեւ դատական գործով ցանկալի որոշում են կայացրել հօգուտ քաղաքացու, արդյունքում բանկը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան, եւ ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ուղարկել է նոր քննության:

Այս իրավիճակը դատավորների շրջանում լուրջ անհանգստություն է առաջացրել, թե ինչ պետք է անեն, եթե գործին խառնվեն իրավապահները եւ փորձեն հասկանալ, թե ինչ հանգամանքներում են առաջին ատյանի դատավորները ցանկալի դատական ակտ կայացրել հօգուտ քաղաքացու: Ասել է, թե ՀՀ վերաքննիչ դատարանը այսօր լուրջ սպառնալիք է դարձել առաջին ատյանի դատավորների համար, եթե նրանք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով են դատական ակտ կայացրել: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ առաջիկայում կոնկրետ առաջին ատյանի դատավորների կողմից դատական ակտերի մասով գործարքի գնալու նոր բացահայտումներ լինեն:

Քնար Մանուկյան