Հայաստանում արվեստի ոլորտում շատերը շահի ետևից ընկնելով՝ իրենց թույլ են տալիս այլեւայլություններ. Միքայել Պողոսյան

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը:

-Պարո՛ն Պողոսյան, դերասան դառնո՞ւմ են, թե՞ ծնվում:

-Ծնվում են, որ դառնան:

-Համաշխարհային հռչակ վայելող դերասան, որի հետ հաճույքով կխաղայիք:

-Ժամանակին Միացյալ Նահանգներում հանդիպել եմ Ալ Պաչինոյի հետ եւ նույնիսկ նրա առաջ ներկայացումից մի հատված եմ ցույց տվել: Բարեբախտաբար, շատ դերասաններ կան, որոնց հետ կցանկանայի խաղալ: Վերջին դերակատարումներից ինձ դուր է եկել Գարի Օլդմանի մարմնավորումը Չերչիլին, հատկապես, երբ իմացա, թե նա ինչ փորձությունների միջով է անցել՝ կերպարանափոխվելով թե՛ հոգեպես, թե՛ տեխնիկապես եւ գրիմով (նրա դիմահարդարումը տեւել է 4-5 ժամ): Դա, իրոք, սխրանք է, եւ ինձ թվում է՝ նա հիանալի կատարեց Չերչիլի դերը:

-Գրական գործ, որը Ձեզ տպավորել է:

-Լեւ Տոլստոյ, «Հայր Սերգի»:

-Թեւավոր խոսք կամ ասացվածք, որի հետ համաձայն չեք:

-«Ոչինչ հավերժ չէ լուսնի տակ»: Ես համամիտ չեմ. ամեն ինչն էլ հավերժ է: Ոչինչ ուղղակի չի ստեղծվում ու ավարտվում: Ամեն ինչ իր շարունակությունն ունի: Ամեն ինչ փոխակերպվում է, բայց չի ավարտվում:

-Ձեզ համար որպես ընկեր կընտրեք ինտելեկտուալի՞ն, թե՞ անկեղծին:

-Ինտելեկտն ինձ համար մարդուն բնորոշելու չափանիշ չէ, թեեւ հաճելի է, երբ մարդ ինտելեկտ ունի: Նա կարող է որոշ բաներ չիմանա, գրքեր չկարդա, բայց այնպիսի արարքներ գործի, որ հարյուր ինտելեկտուալ չանեն դրանք: Այնպես որ, նախապատվությունը կտամ անկեղծությանը:

-Կինը երբեք իրեն չպետք է թույլ տա…

-Մտնել տղամարդու ֆունկցիաների մեջ:

-Հայրեր եւ որդիներ հարաբերություններում ո՞ւմ դերն է ավելի դժվար:

-Փոքր հասակում ավելի հեշտ է որդի լինելը, երբ մեծանում ես, հասկանում ես, որ պարտավորություններ ունես, զավակ լինելն ավելի դժվարանում է: Իսկ հայր լինելը բավական լուրջ առաքելություն է: Ես հայրերին նվիրել եմ ֆիլմերի իմ եռապատումը: Ծնող հասկացությունը շատ մեծ դեր է խաղացել իմ կյանքում: Իսկ զավակներիցս (երկու դուստր ունեմ) շատ գոհ եմ ոչ այն բանի համար, որ իմ արյունն է հոսում նրանց երակներում, այլ որովհետեւ նրանք նախ եւ առաջ շատ լավ մարդիկ են:

-Այս պահի Ձեր հոգեվիճակն ի՞նչ գույն ունի:

-Կանաչակապտավուն, ավելի ճիշտ՝ լազուր:

-Ներկայացում, որից տպավորված եք:

-Վահան Բադալյանի ներկայացումներից մի քանիսը:

-Ռեժիսոր, որը չի դադարում Ձեզ զարմացնել:

-Եթե խոսքը վերաբերում է Հայաստանին, կրկին կտամ Վահան Բադալյանի անունը, իսկ, առհասարակ, նրանք շատ են, օրինակ՝ Ջուզեպե Տորնատորե: Եվ հետո՝ զարմացնելը մի բան է, հիացնելը՝ մեկ այլ: Ինձ զարմացնել պետք չէ, պետք է հիացնել: Կարող ես ապահովել բարձր պրոֆեսիոնալիզմ, բայց հոգեկան բավարարվածության չհասցնել:

-Դերասանի կենսակերպում կա՞ մի բան, որի հետ այսպես էլ չհամակերպվեցիք:

-Այո, ամեն օր անծանոթ մարդկանց առաջ դուրս գալն ու անկեղծանալը: Ես վաղուց հրաժարվել եմ թատրոնից, բայց ոչ միայն դրա համար: Ես չեմ կարող նշված օրը դուրս գալ բեմ: Ուզում եմ դուրս գալ բեմ այն ժամանակ, երբ ինքս եմ ուզում: Այդ է պատճառը, որ ոչ մի թատրոնում չեմ գործում, կյանքի եմ կոչում իմ անձնական նախագծերը: Դա ինձ համար ոչ թե աշխատանք է, այլ ապրելակերպ եւ համոզմունք: Ես անում եմ բաներ, որոնք ինձ՝ որպես մարդու, հուզում են, ոչ թե որպես դերասանի, որին պետք է պարտադրել խաղալ այս կամ այն դերը:

-Մեկը, որից միշտ սովորում եք:

-Ես ամեն անգամ համոզվում եմ, որ վերեւում կա Աստված, նրանից եմ սովորում:

-Ձեր եւ Աստծո հարաբերությունները՝ մեկ բառով:

-Ներանձնային:

-Արվեստին առնչվող խնդիր, որ տեսնում եք Հայաստանում:

-Այսօր Հայաստանում արվեստի ոլորտում չկա կանոն, չկա հավատամք, դիրք, որը թույլ է տալիս այսինչ բանն անել, այնինչ բանը՝ ոչ: Շատերը չեն գիտակցում՝ ինչ բան է պրոֆեսիան, չեն կարողանում կանոնակարգել դա, շահի ետեւից ընկնելու պատճառով իրենց թույլ են տալիս այլեւայլություններ:

-Այս պահին ո՞րն է էկրանի հետ կապված Ձեր ամենամեծ նպատակը:

-Վերջացրել եմ աշխատանքները մի ֆիլմի շրջանակում, որտեղ հանդես եմ եկել ե՛ւ որպես դերասան, ե՛ւ սցենարիստ ու պրոդյուսերներից մեկը: Այն կոչվում է «Լորիկ»: Կարծում եմ՝ ֆիլմն ամենաուշը աշնանը կներկայացնեմ հանդիսատեսին: Հիմա «Լորիկն» ուզում է փառատոնային կյանքով ապրել, իսկ մենք չենք խանգարում նրան:

Աննա Բաբաջանյան