ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամեն ինչ շեֆին հասցնելու համար. Արմեն Սարգսյանն «աշխատել» է նաև Սերժ Սարգսյանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին ԱԺ-ն կընտրի ՀՀ նոր վարչապետին: Մինչեւ այդ, թեեւ, մի կողմից` ՀՀԿ-ն փորձում է այս հարցի շուրջ առանձնապես մեկնաբանություններ չտալ, բայց մյուս կողմից` ինչպես հայտնի է` ՀՀԿ-ականների շուրթերին միայն Սերժ Սարգսյանի անունն է որպես վարչապետի պաշտոնի ամենաարժանավոր թեկնածու: Բայց արի ու տես, որ Սերժ Սարգսյանն այդ պաշտոնը ստանձնելուց առաջ չի փորձելու քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալ եւ տրամադրությունները շոշափել, ինչպես դա արեց նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանն իր վարչապետության հարցի շուրջ քաղաքական շրջանակներում առկա տրամադրությունները փորձել է պարզել հենց Արմեն Սարգսյանի միջոցով: Ըստ այդմ, մինչեւ մարտի 2-ը, երբ Արմեն Սարգսյանը դեռեւս նախագահի թեկնածու էր, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում Սերժ Սարգսյանի հանձնարարականով շոշափել է նաեւ վերջինիս` վարչապետ դառնալու հեռանկարի վերաբերյալ տրամադրությունները: Նա հանդիպումների ժամանակ խոսակցություն է բացել այդ մասին` «ձեռքի հետ» խոսելով ապագա կառավարության ղեկավարի մասին, հարցրել այդ ուժերի կարծիքը` բնականաբար, ամեն ինչ շեֆին հասցնելու համար:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, պնդում էր. «Վարչապետի թեմայով որեւէ քննարկում «Ծառուկյան» դաշինքում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չի եղել ընդհանրապես: Նման հարց չի քննարկվել, որովհետեւ քննարկման օրակարգը բացարձակապես այլ է եղել: Որեւէ տրամաբանություն չկար, որպեսզի նախագահի թեկնածուի` Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը մենք քննարկեինք վարչապետի հարց»: Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ այդ հարցը Սարգսյանը քննարկել է հանդիպումների ժամանակ, Զոհրաբյանն ասաց. «Մեզ հետ հանդիպման ժամանակ նման թեմա չի քննարկվել: Բառ, հնչյուն անգամ չի քննարկվել»:

Իսկ ընդհանուր առմամբ ապագա վարչապետի թեկնածուի վերաբերյալ որեւէ հարցի Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ պատասխանել: «Ելք» խմբակցությունում ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են տեղեկությունը: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Պարոն Սարգսյանին մեզ մտահոգող տարբեր հարցեր ենք ուղղել` մեզ ի գիտություն իմանալու համար: Բայց դա չենք հրապարակել, թե ինչ ենք խոսել եւ կարծում եմ` հիմա էլ դրա կարիքը չկա»: Ամեն դեպքում ապագա վարչապետի հարց քննարկվե՞լ է, Գորգիսյանը պնդեց, թե կոռեկտ չի համարում այդ մասին խոսել: Արտախորհրդարանական ուժերից Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավատացրեց, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի վարչապետության վերաբերյալ հարց չի քննարկվել:

Միաժամանակ գործիչը հավելեց. «Մենք չենք կարող ազդել այս հարցի լուծման վրա: Մենք մեր տեսակետն ունենք, որ նոր մարդ, նոր մոտեցումներով մեկը լինի, ով կհամապատասխանի մեր ծրագրային դրույթներին: Եվ մեր այդ մոտեցումները ներկայացրել ենք Արմեն Սարգսյանին»: Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ Վազգեն Սաֆարյանը նույնպես նշեց, թե Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը տվյալ հարցը չի քննարկվել: Միաժամանակ Սաֆարյանն ասաց, որ ապագա վարչապետի վերաբերյալ իր կուսակցության կողմից կարծիքի արտահայտումը որեւէ բան փոխել չի կարող. չեն կարող հարցի վրա ազդել: Այդ իսկ պատճառով եթե վարչապետի պաշտոնում առաջադրվի հենց Սերժ Սարգսյանը, իրենք չեն էլ փորձելու որեւէ կերպ ընդդիմանալ այս որոշմանը:

ՀԿԿ-ն, Սաֆարյանի խոսքով, կարեւորում է տնտեսական ճիշտ քաղաքականության իրականացումը, եւ իրենք հույս ունեն, որ կառավարությունը կփոխի իր քաղաքականությունն այս հարցում: «Օրինաց երկիր» կուսակցությունից հեռախոսազանգերին պատասխանող չեղավ: Սակայն, ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում կուսակցությունը ներկայացրել է իր մոտեցումները երկրի զարգացման վերաբերյալ, Արմեն Սարգսյանն էլ խոսել է իր տեսլականի եւ մոտեցումների մասին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան, Էդգար Եղիազարյան




Լրահոս