Թե ինչ եղավ, երբ նախարարությունը սխալ տեղեկանք տվեց. պատգամավորների «արկածներն» ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Վաշինգտոն շարունակում է բոլորի ուշադրության կենտրոնում մնալ: Բանն այն է, որ հայ պատգամավորների այցն ԱՄՆ որակվել է «աննախադեպ» եւ «պատմական»: Սակայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր խորհրդարանական պատվիրակությունները բազմիցս այցելել են ԱՄՆ, այնպես որ այստեղ «աննախադեպ» որակումը, մեղմ ասած, տեղին չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` խորհրդարանական պատվիրակության անդամների կողմից հնչող հայտարարությունների պատճառը եղել է չիմացությունը, քանի որ ՀՀ ԱԳՆ-ի կողմից խորհրդարանականներին տրված տեղեկանքում որեւէ խոսք չի եղել նախորդ տարիների, այդ թվում՝ Գերագույն խորհրդի պատգամավորների` ԱՄՆ կատարած այցի մասին: Այդ տեղեկանքում, մեր տեղեկություններով, առկա է եղել միայն արտաքին գործերի նախարարի՝ 1993 թվականին ԱՄՆ կատարած այցի մասին տեղեկատվություն, խորհրդարանականների այցի մասին տեղեկատվություն առկա չի եղել:
Ինչո՞ւ նման իրավիճակ ստեղծվեց: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱՄՆ մեկնած պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկի՛ն Զոհրաբյան, այս օրերին շատ է քննարկվում խորհրդարանական պատվիրակության այցն ԱՄՆ, եւ պատվիրակության անդամներից շատերն այցը որակեցին պատմական: Դուք ե՞ւս այդպիսի տեսակետ ունեք:

-Ես հայկական խորհրդարանական պատվիրակության այցն ԱՄՆ համարում եմ շատ կարեւոր, շատ հաջողված: Ինչ վերաբերում է պատմական եւ նման գնահատականներին, եկեք այդ պատմությունը թողնենք պատմաբաններին: Բայց որ այցն իսկապես կարեւոր էր եւ այցն իսկապես հաջողված էր, եւ մենք կարողացանք Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հիմնական մեսիջները քննարկել Ամերիկայի կարեւորագույն ինստիտուտներում, որ լուրջ քննարկումներ տեղի ունեցան թե՛ հայ-ամերիկյան հարաբերությունների նոր օրակարգ ստեղծելու, թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի ներքաղաքական խնդիրների եւ տնտեսական հարցերի վերաբերյալ, դա եւս փաստ է: Ուստի ես կրկնում եմ, որ այս առումով այցը ես համարում եմ, որ այն եզակի այցերից մեկն է, որի արդյունավետությունը ես գնահատում եմ բավականաչափ արդյունավետ:

-Թե՛ Դուք, թե՛ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, ասել էիք, որ խորհրդարանական պատվիրակության այց Հայաստանի անկախությունից այս կողմ չէր եղել, մինչդեռ 1993 թվականին Բագրատ Ասատրյանի գլխավորությամբ խորհրդարանական պատվիրակություն էր մեկնել ԱՄՆ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Գիտե՛ք, ես այստեղ առանձնակի մեծ ողբերգություն եւ նման աղմուկի առիթ չեմ տեսնում: Համենայնդեպս, որքան ես տեղյակ եմ, իսկ ես կարծում եմ` տեղյակ եմ, Արտաքին գործերի նախարարության պատրաստած տեղեկանքում 1993 թվականի նման այցի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկար: Ես շատ գնահատում եմ այդ թվականի մեր խորհրդարանականների այցը, եւ բացարձակ որեւէ մեկս միտում չենք ունեցել անտեսելու կամ նվազեցնելու այդ այցի կարեւորությունը, եթե մեզ տրամադրվեր տեղեկատվություն նշյալ անձի վերաբերյալ:

-Եթե ԱԳՆ-ի կողմից տրված տեղեկանքն է նման որակումների առիթ հանդիսացել, ստացվում է՝ պատվիրակության անդամները մոլորության մե՞ջ են եղել:

-Գիտե՛ք, ես չէի ցանկանա, որ ԱՄՆ այս կարեւորագույն այցը մենք կենտրոնացնենք ընդամենը պարզ թյուրիմացության վրա: Եվ ինձ համար բացարձակ հասկանալի չէ, որ այդ իսկապես այցի ժամանակ քննարկված կարեւորագույն խնդիրները, որոնք վերաբերում էին հայ-ամերիկյան հարաբերություններին, տարբեր ասպեկտներին, որոշ անձանց կողմից փորձ է արվում տրանսֆորմացնել ընդամենն` այս պատվիրակությունից առաջ պատվիրակություն եղել է, թե չի եղել: Եղել է, շատ լավ, ողջունում ենք, գնահատում ենք, բայց դա անլուրջ վերաբերմունք է որոշ մարդկանց կողմից, երբ այս այցի ժամանակ լրջագույն օրակարգային հարցեր են քննարկվել, բերել, հանգեցրել նրան, թե այս պատվիրակությունից առաջ եղել է, թե չի եղել: Թյուրիմացություն է տեղի ունեցել եւ ասելով, թե չի եղել, ես եւ իմ գործընկերները վիրավորել ենք Գերագույն խորհրդարանի մեր պատվիրակներին դրանով զուտ այն պատճառով, որ մեզ տրված տեղեկանքի մեջ չի եղել, ես ներողություն եմ խնդրում իրենցից: Բայց ես բացարձակ անլուրջ եմ համարում այդ կարեւորագույն այցի բովանդակությունը հանգեցնել նրան՝ եղե՞լ է մեզանից առաջ խորհրդարանական պատվիրակություն, թե՞ ոչ:

-Բայց այդ թյուրիմացությունը պետք է անհետեւա՞նք մնա: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:

-Ես չեմ կարծում, որ սա այնպիսի խնդիր է, որին պետք է ինչ-որ լուրջ հետաքննություն ծավալել եւ փորձել ինչ-որ պատժամիջոցներ կիրառել: Սա ես համարում եմ ընդամենը զուտ տեխնիկական վրիպակ, ոչ ավել: Բայց կարծում եմ` նման տեղեկանք պատրաստողները պետք է պարտաճանաչ լինեն իրենց պարտականությունները կատարելիս:

-ԱԳՆ-ի կողմից միտում չե՞ք տեսնում:

-Միանշանակ՝ ոչ: Որեւէ միտում ես վստահաբար չեմ տեսնում, որ թաքցրած լինեին, որ 1993 թվականին հայ խորհրդարանականներն այցելել են ԱՄՆ: Անլուրջ է այստեղ որեւէ միտում տեսնելը:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս