ՆՈՐ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տեւական ժամանակ է` դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը: Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ զույցում հայտնել է, որ նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը դադարեցվել է ժամանակավորապես: «Մրցույթ է հայտարարվել, եւ այս պահին այն գործընթացում է: Խնդրանք քաղաքացիներին` ըմբռնումով մոտենալ հարցին: Մոտ երկու-երեք ամսից կշարունակվի ID քարտերի տրամադրումը»,- նշել է պաշտոնյան:
Նկատենք, որ ստեղծված իրավիճակը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում ՀՀ քաղաքացիների համար առողջապահական համակարգի վերջին նորամուծությունների հետ կապված: Բանն այն է, որ նույնականացման քարտերը արդեն պարտադիր գործում են առողջապահության ոլորտում. էլեկտրոնային առողջապահական eHealth համակարգին միացած հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում քաղաքացիներին գրանցում են բացառապես նույնականացման քարտի առկայությամբ (շուտով նաեւ ատամնաբույժի մոտ գնալիս պարտադիր կլինի այն): Ու ստացվում է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր չունեն այդ քարտերից, հիվանդանալու, հետեւաբար նաեւ դեղատուն գնալու, դեղ գնելու իրավունք պարզապես չունեն: Թեեւ վիզաների վարչության պետ Բիչախչյանը պնդում էր, որ առողջապահության նախարարությունը էլեկտրոնային առողջապահական համակարգից օգտվելու համար պահանջվող նույնականացման քարտերի պարտադիր ներկայացնելու պահանջը հետաձգել է մինչեւ սեպտեմբերի 1-ը, բայց մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ պոլիկլինիկաներում մարդկանցից միայն ID քարտ են ուզում՝ գրանցելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այսօր ՀՀ-ում նույնականացման քարտ ունի ավելի քան 970 հազար քաղաքացի, ու սա այն դեպքում, երբ ՀՀ մշտական բնակչությունը պաշտոնական տվյալներով 2 մլն 972.9 հազար հոգի է: Այսինքն՝ ավելի քան 1 մլն մարդ այս պահին ID քարտ, հետեւաբար նաեւ հիվանդանալու եւ ամենակարեւորը՝ բուժվելու իրավունք չունի:

 

 

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն օրերս ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի մասին խոսելիս ուշագրավ բացահայտում էր արել: Երեկ էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա պատմել է, թե Գորգիսյանը «Սասնա ծռեր»-ի ապստամբության օրերին միջնորդավորված դիմել է իրեն՝ այդ շրջանում ձեւավորված համակարգող խորհրդի անդամ դառնալու համար: «Սակայն մի քանի րոպեի շփումը բավարար էր, որ հասկանայի, որ նրան մղում է ոչ թե այդ օրվա՝ արյունահեղությունը կանխելու հրամայականը, որով առաջնորդվում էր խորհուրդը, այլ զուտ անձնական ամբիցիաները»,- ասել է նա «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում: Գորգիսյանը, սակայն, հերքել է. «Ես նույնիսկ չեմ էլ հիշում՝ հանդիպումն ինչպես է տեղի ունեցել, կամ իր հետ եմ հանդիպել, թե ոչ: Ինձ բոլոր մահացու մեղքերի մեջ արդեն վաղուց մեղադրել են, ես լուրջ չեմ վերաբերվում այդ ամենին»,- պնդել է պատգամավորը:

 

 

 

Իշխանության ներսում մտահոգված են, որ վարչապետի ընտրություններին ընդառաջ` քաղաքական դաշտում կարող են անսպասելի, տհաճ անակնկալներ տեղի ունենալ: Մասնավորապես չի բացառվում, որ Սարգսյանի վարչապետ դառնալը բողոքի ալիք բարձրացնի, եւ ընդդիմադիր որոշ ուժեր գնան քաղաքական սրացումների ճանապարհով: Եվ հենց այս պատճառով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, օպերատիվ աշխատանքի լիազորություն ունեցող կառույցներին հրահանգվել է «զբաղվել» այս օրերին արդեն հանրահավաքներին մասնակցած անձանցով: Ընդ որում, եթե նախկինում քաղաքացիների ակտիվ այս հատվածին փորձում էին պարզապես ահաբեկել, այժմ գտնում են տվյալ մարդկանց մտերիմ անձանց, որոնց միջոցով էլ փորձում են ազդել նրանց վրա` համոզելով ետ մնալ բողոքի ակցիաների մասնակցելու մտադրությունից: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, իհարկե, հերքեց լուրը՝ ասելով. «ՀՀԿ-ն շատ ավելի կարեւոր արտաքին եւ ներքին հարցեր ունի, քան զանգել ուժային կառույցներին եւ ասել` միտինգավորներին թողեք կամ մի թողեք»:

 

 

 

Հայաստանյան իշխանական մարմիններում դարձյալ «պարապ ժամանակներ» են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատճառը առաջիկայում սպասվող ներքաղաքական զարգացումներն են. սպասում են ապագա վարչապետի եւ կառավարության կազմավորմանը: Ինչպես հայտնի է` վարչապետին խորհրդարանը կընտրի ապրիլի 17-ին, որից հետո 15-օրյա ժամկետում՝ մինչեւ մայիսի 2-ը, ձեւավորվելու է կառավարության կազմը: Ու հիմա ե՛ւ նախարարները, ե՛ւ փոխնախարարները, անգամ միջին տրամաչափի չինովնիկները, շունչները պահած, սպասում են՝ արդյո՞ք իրենց բախտ կվիճակվի ընդգրկվել նոր կառավարության կազմում: Այս առումով պետական համակարգը սպասողական ու անորոշ վիճակում է, արդյունքում՝ տիրում է ոչ աշխատանքային մթնոլորտ: Ընդ որում, այս իրավիճակը դեռ փետրվարից է սկսվել, ու ստացվում է` մոտ երկու ամիս պետական կառույցներն աննախանձելի վիճակում են: Նշենք, որ այս պահին կառավարության անդամներից հայտնի է միայն Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ճակատագիրը. դեռ հունվարին հրաժարական ներկայացրած ու հետո հրաժարականը ետ վերցած Մանուկյանը չի լինի նոր կառավարության կազմում:

 

 

 

ՍԿՍՈՒՄ Է ԿԵՂԾԻՔՆԵՐՈՎ
Արմեն Սարգսյանը, ում ԱԺ-ն մարտի 2-ին ընտրեց ՀՀ նախագահ, այս օրերին բացակայում է Հայաստանից: Նրա գրասենյակից երեկ հայտնել են, թե Արմեն Սարգսյանը որպես ՀՀ ընտրված նախագահ իր առաջին ոչ պաշտոնական այցն է կատարել Միացյալ Թագավորություն եւ արդեն շաբաթվա վերջ կվերադանա:
Իշխանություններն իրոք անուղղելի են. որոշել են ստի, կեղծիքի, իրականությունը խեղաթյուրելու քաղաքականությունը շարունակել նաեւ Արմեն Սարգսյանի դեպքում, այն էլ՝ դեռ պաշտոնական պարտականությունները չստանձնած:
Սկսենք նրանից, որ Արմեն Սարգսյանը դեռեւս հանդիսանում է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը դեռ չի ստորագրել նրան դեսպանի պաշտոնից ազատելու հրամանագիրը: Հետեւաբար նրա մեկնելը Լոնդոն ներկայացնելը որպես «ընտրված նախագահի առաջին ոչ պաշտոնական այց», մեղմ ասած, կեղծիք է:
Ընդ որում, նա ընդհատումներով Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն է եղել շատ երկար ժամանակ՝ բոլոր երեք նախագահների օրոք: Այդ պաշտոնը զբաղեցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, Ռոբերտ Քոչարյանի օրոք, հիմա էլ Սերժ Սարգսյանի օրոք: Նա Միացյալ Թագավորությունում բնակվել է անգամ այն ժամանակ, երբ Քոչարյանն ազատել էր աշխատանքից` իր դեմ ներիշխանական դավադրության մասնակից լինելու համար արգելելով մուտքը Հայաստան:
Վտարանդիության տարիներին Արմեն Սարգսյանը հասցրել էր նաեւ Միացյալ Թագավորության քաղաքացի դառնալ. 2002-2011 թթ. նա եղել է այդ երկրի քաղաքացի: Չնայած խորհրդարանում իր ընտրության ժամանակ նա այդպես էլ չներկայացրեց Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվելու մասին բավարար ապացույցներ` այդպես օդում կախված թողնելով կասկածները: Այնպես որ, դժվար չէ կռահել՝ նա Լոնդոն է վերադարձել` ընդամենը անձնական գործերը կարգավորելու համար: Ի վերջո, այս տարիներին Արմեն Սարգսյանը նաեւ անձնական բիզնեսներ է հիմնել այնտեղ:
Հետո մեկ փաստ էլ. Արմեն Սարգսյանը դեռ չի ստանձնել նախագահի պաշտոնը. այդ արարողությունը նախատեսված է ապրիլի 9-ին, եւ նա շարունակում է մնալ որպես ՀՀ դեսպան: Եւ ուրեմն՝ նա չէր կարող որպես ՀՀ ընտրված նախագահ թեկուզ եւ ոչ պաշտոնական այց կատարել որեւէ երկիր:
Այնպես որ, նրա PR-ով զբաղվողները ճիշտ կանեին, եթե իրերն իրենց անուններով կոչեին` բացակայությունը մեկնաբանելով նրանով, որ Սարգսյանը մեկնել է անձնական գործերով: Առավել եւս, երբ Արմեն Սարգսյանի վրայից չի մաքրվել քաղաքացիության հետ կապված կեղծիքի, նաեւ նրա ընտրվելու եղանակի հակասահմանադրականության, հետեւաբար լեգիտիմության կասկածները:




Լրահոս