ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՍՊԱՍՎՈՂ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում միանշանակ չի ընդունվել դատական նոր օրենսգիրքը, որի արդյունքում Երեւանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանները միավորվեցին, եւ այսուհետ գործում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը:

Ինչպես հայտնի է` 2018 հունվարի 25-ից Երեւանի վարչական շրջանների դատարանները լուծարվեցին, եւ ստեղծվեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարան: Այդ կարգը սահմանվել է սահմանադրական փոփոխությունների շրջանակում, որը կիրառելու համար հաշվի է առնվել դատական համակարգում տիրող իրավիճակը:
Լուծարվող դատարանների նախագահները եւ դատավորները շարունակելու են պաշտոնավարել որպես նոր դատարանի դատավորներ: Ասել է, թե դատական օրենսգրքով այսուհետեւ Երեւանի վարչական շրջանների դատարաններն այլեւս նախագահներ չեն ունենալու, եւ Երեւանում լինելու են շարքային դատավորներ: Այսպիսով` նոր դատական համակարգին անցնելը այդքան էլ միանշանակ չի ընդունվել, եւ դատավորների շրջանում խոսակցություններ են սկսվել, որ փոփոխությունները առավել խորը արմատներ ունեն:
Եվ այսպես` ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների` դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` իրականում վարչական դատարանների լուծարումը մեկ նպատակ է հետապնդել, որ դատական համակարգում հնարավոր լինի զսպել դատարանի նախագահ-դատավոր գործարքի հավանականությունը: Բանն այն է, որ դատական համակարգում վերջին տարիներին իրավապահների կողմից իրականացված բացահայտումները ցույց են տվել, որ վարչական կամ մարզային շրջանի դատավորները եւ դատարանների նախագահները, ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով, համաձայնության են եկել եւ իրենց վարույթում քննվող քրեական կամ քաղաքացիական գործով ցանկալի վճիռ են կայացրել, իսկ ավելի ուշ, երբ գործը հասել է իրավապահներին, մեղադրյալի աթոռին է հայտնվել միայն դատավորը, իսկ ահա նախագահը ջրից չոր է դուրս եկել:
Սակայն անցած տարի իրավիճակը այլ էր. իրավապահները Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին եւ դատավոր Վանիկ Վարդանյանին կաշառքի գործով կալանավորեցին: Ասել է, թե դատավորն ու դատարանի նախագահը քաղաքացու օգտին ցանկալի վճիռ կայացնելու համար գործարքի էին գնացել:
Եվ ահա դատական օրենսգիրքը փոփոխելով եւ նոր դատական համակարգ ստեղծելով` իշխանական վերնախավը փորձում է բացառել դատավորների եւ դատարանների նախագահների հնարավոր գործարքի գնալու հավանականությունը եւ նրանց վերահսկելի դարձնում մեկ տեղից, այն է՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից: Թե որքանով այս փոփոխությունները դրական կանդրադառնան, ցույց կտա ժամանակը:
Մինչ այդ, նկատենք, որ այս իրավիճակին զուգահեռ` դատական համակարգում կան դատավորներ, որոնք անկախ կատարված սահմանադրական փոփոխություններից` հայտնվել են անելանելի վիճակում: Ըստ մեզ հասած լուրերի` առաջին ատյանի դատավորներից շատերն ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով, օրինակ, քաղաքացու կամ բանկի միջեւ դատական գործով ցանկալի որոշում են կայացրել հօգուտ քաղաքացու, արդյունքում բանկը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան, եւ ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ուղարկել է նոր քննության: Այս իրավիճակը դատավորների շրջանում լուրջ անհանգստություն է առաջացրել, թե ինչ պետք է անեն, եթե գործին խառնվեն իրավապահները եւ փորձեն հասկանալ, թե ինչ հանգամանքներում են առաջին ատյանի դատավորները ցանկալի դատական ակտ կայացրել հօգուտ քաղաքացու: Ասել է, թե ՀՀ վերաքննիչ դատարանը այսօր լուրջ սպառնալիք է դարձել առաջին ատյանի դատավորների համար, եթե նրանք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով են դատական ակտ կայացրել: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ առաջիկայում կոնկրետ առաջին ատյանի դատավորների կողմից դատական ակտերի մասով գործարքի գնալու նոր բացահայտումներ լինեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ
Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի առթիվ ինքնիրավչության հատկանիշներով հարուցված գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեղի ունեցած միջադեպի գործով հանցափորձի եւ ինքնիրավչության համար մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի բնակիչներ Սպարտակ Թամրազյանին եւ Գեւորգ Հակոբյանին: Հիշեցնենք, որ այս գործով շրջանառվում է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդու` Համլետ Ներսիսյանի անունը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը պատմել էր, որ իր վրա հարձակվելու եւ առեւանգելու հրահանգը տվել է կաթողիկոսի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը: Ըստ մեր զրուցակցի` պատճառը 3 միլիոն 200 հազար դրամ պարտք ու պահանջի հարցն է եղել: Մխիթարյանը պատմել է, որ հարձակումը եղել է ժամը 10:35-ի սահմաններում, բայց իրեն հաջողվել է, մի կերպ ազատվելով հարձակված տղաներից, օգնություն կանչել մտերիմներին:
Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ Համլետ Ներսիսյանի եղբայրը Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանն է, որը 2017 թվականի հունվարի 31-ին եւս միջադեպի կիզակետում էր հայտնվել. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպան Գեորգի Մելիքյանը եւ դատախազ Կորյուն Ներսիսյանը լուրջ կռվի էին բռնկվել: Պաշտպանի կողմից քրեական գործով 2 վկայի հարցաքննության ժամանակ դատախազ Ներսիսյանը ամեն կերպ փորձել է միջամտել: Այդ կապակցությամբ դիմողը առարկել է դատախազի անօրինական գործողությունների դեմ, արդյունքում սկսվել է լեզվակռիվ: Երբ փաստաբան Գեորգի Մելիքյանը, դիմելով դատարանին, հայտարարել է, որ դատախազը ճնշում է գործադրում պաշտպանական կողմի վրա, կարգադրիչների կողմից բռնված դատախազը դիմողի առջեւ դրված լսափողը հրելով գցել է նրա վրա: Այնուհետեւ շարունակելով ագրեսիվ վարքագիծը` դատախազը պաշտպանին դուրս է կանչել` հարցեր պարզելու համար եւ այդ ընթացքում հնչեցրել է վիրավորական արտահայտություններ` «արա», «արա, այ հավ»: Դատախազ Ներսիսյանը, չհանգստանալով, դատարանի ներկայությամբ կրկին շարունակել է դիմողին դուրս հրավիրել, իսկ վերջինիս մերժումները ստանալով` վիրավորել է նրան: Ինչեւէ, կատարվածից հետո Գեորգի Մելիքյանը հայտնել էր, որ դատախազ Կորյուն Ներսիսյանին պատասխանատվության ենթարկելու դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Արդյունքում դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԻՋԱԴԵՊԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ
Aravot.am-ի տեղեկություններով` ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մահվանը նախորդել է միջադեպ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, որտեղ Ասոյանը նաեւ տնօրեն էր: Ա. Ասոյանը դիտողություն է արել հիվանդասենյակներից մեկում հիվանդի մահճակալին նստած հիվանդի հարազատներից մեկին, վերջինս` երիտասարդ տարիքի մի տղամարդ, իրեն վատ է զգացել դիտողությունից, հակաճառել է Ասոյանին ու նրան դուրս հրավիրել` զրույցը հիվանդասենյակից դուրս շարունակելու: Ինչից հետո էլ հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը հանկարծամահ է եղել: Հիշեցնենք, որ Ասոյանը մահացել էր ինֆարկտից հենց աշխատավայրում: Նա 65 տարեկան էր, տարիներ առաջ նրա սիրտը ստենդավորել էին:

 

 

ԽԱԽՏԵԼ Է
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջեւ ստանձնած հանձնառությունները` երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: «Ադրբեջանը սկսել է զորավարժություններ (երկրի նախագահի «վերընտրվելու» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ առջեւ ստանձնած հանձնառությունների աղաղակող խախտմամբ` առանց տեղեկացնելու ԵԱՀԿ մասնակից պետություններին այդ մասին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով մարտի 12-17-ն Ադրբեջանում զորավարժություններ կանցկացվեն:

 

 

ԿԱՐՃՎԵԼ Է
2017թ. մայիսի 14-ին` Երեւանի ավագանու ընտրությունների օրը, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ նրա դուստր ու վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների դեպքով հարուցված քրգործը կարճվել է, չնայած որ Զարուհի Փոստանջյանը եւ Լիլիթ Դրամփյանը ճանաչվել են տուժող:

 

 

ՆՈՐԱԾՆԻ ԴԻ
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան 24 շենքի բակում` կոյուղով անցնող դիտահորի մեջ, նորածնի դի կա: Ոստիկանները պարզել են, որ նորածնի դին նշված դիտահորի մեջ հայտնաբերել են Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները, ովքեր ահազանգ են ստացել, որ դիտահորը խցանված է: Դատական բժշկի փոխանցմամբ հայտնաբերվածը չձեւավորված մարդու պտուղ է: Ավելի մանրամասն զննություն կատարելու համար պտուղը արկղով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոցի դիահերձարան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու, պտուղը այնտեղ նետած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

 

 

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ
Երեկ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով տեղի է ունեցել տուժող Սանասար Բադալյանի հարցաքննությունը: Նա դատարանում հայտարարել է, որ գործով մյուս տուժող Փառանձեմ Մեյթիխանյանը նախաքննության ընթացքում զանգահարել է իրեն` շնորհակալություն հայտնելու, այնուհետեւ դատական գործընթացը սկսվելուց հետո զանգել եւ ասել է. «Տղաները ցուցմունք են տվել, դու քո հալը կտենաս»: Թե ինչու է Փ. Մեյթիխանյանը նման արտահայտություն արել, հասկանալի չի եղել Ս. Բաղդասարյանի համար: Գործով տուժողի հարցաքննությունն այսքանով ավարտվել է: Նշենք, որ մարտի 19-ին կայանալիք դատական նիստին կշարունակվի մյուս վկաների հարցաքննությունը: Ըստ մեղադրական եզրակացության` Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:




Լրահոս