ԱՆՈՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՍՏԱՏՈՒՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց տոնի նախօրեին Սերժ Սարգսյանը եւ Ռիտա Սարգսյանը նախագահի նստավայրում հյուրընկալել էին տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ եւ բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց եւ պարգեւատրել նրանց։ Վերջիններիս թվում է մի շարք սերիալների սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը, ով, ինչպես նշվում է, հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով: Այս փաստը բուռն քննարկումների տեղիք է տվել հանրության շրջանում։ Շատերը պնդում են, որ անորակ սերիալների սցենարիստը, ում հեղինակած տեքստերը աչքի են ընկնում իրենց ցածրարժեք բովանդակությամբ, ում տեքստերում չի պահպանվում խոսքի հիգիենան եւ ում մտքերը դեռահասների շրջանում սերմանում են ագրեսիա, արժանի չէր նման պարգեւի։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Վահան Արծրունու հետ։

-Պարո՛ն Արծրունի, Դիանա Գրիգորյանին կամ, ասենք, Արմենչիկին պարգեւատրելը, կոչումի արժանացնելը ինչի՞ հետեւանք է։
-Դա որոշակի մշակութային քաղաքականության հետեւանք է, որի հիմքերը դրվել է տարիներ առաջ։ Այդ քաղաքականությունը խիստ տրամաբանված է եւ ինձ չի զարմացնում։ Դա որդեգրվում է ցանկացած նախագահի կողմից։ Չեմ տարանջատում մեր երեք նախագահներին։
-Շատերը հարցնում են՝ Սերժ Սարգսյանը հասկանո՞ւմ է` ինչ է անում, այն, ինչ անում է, դիտավորյա՞լ է անում։
-Իհարկե, սա գիտակցված քայլ է եւ լուրջ քաղաքականություն, ըստ որի` հանրային պատկերացումներն ու չափանիշները չեն համապատասխանում համընդհանուր համամարդկային չափանիշներին։ Եթե դու դրա հասարակական էֆեկտին հասնում ես, նշանակում է՝ որոշակի քաղաքականություն է գործում։ Սրանք պարզապես միջադեպեր չեն, սա մի քանի տասնամյակ գոյություն ունեցող պրակտիկա է։ Վերջ ի վերջո, ո՞րն է հայ իշխանության, ազատ եւ անկախ Հայաստանի գեղագիտական դոկտրինը, ո՞րն է նրա բովանդակությունը, ովքե՞ր են արժեւորում եւ կրում այդ արժեքները։ Եթե այս հարցերը մեզ համար պարզ դառնան, կտեսնենք, որ միտում կա։ Իհարկե, արժանավորներին էլ են պարգեւներ բաժին հասնում, բայց մենք հասկանում ենք, որ ընդամենը բաժին են հասնում։ Գլոբալ առումով սա շատ ավելի լուրջ քաղաքականության արդյունք է, քան պատկերացնում ենք։
-Ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը խրախուսի անորակությունը։ Դրանից նա ի՞նչ է շահում։
-Ինքը նախ եւ առաջ շահում է հանրության շատ լայն զանգվածների սիմպատիան, որովհետեւ այդ զանգվածը առավոտից իրիկուն նստած սերիալներ է նայում։ Եթե նկատեք, ձեր բարձրացրած խնդրի վերաբերյալ դժգոհություն հայտնողները հիմնականում մտավորականներ են, ոչ թե սովորական մարդիկ։ Մտավորականությունն է, որ չի հասկանում՝ ոնց կարելի է Մովսես Խորենացու անունը մեկ տողի վրա դնել նման երեւույթների հետ։
-Ձեզ այս իրադարձությունների ֆոնին ամենաշատը ի՞նչն է մտահոգում։
-Այն, որ տվյալ ենթամշակույթին տրվում է ազգային մշակույթի ստատուս. սա է ամենավտանգավորը։ Մենք ոչ թե արժեւորում ենք անորակ սերիալը, այլ դատապարտում ենք հանրությանը ընկալել այն որպես ազգային մշակույթի բարձր դրսեւորում։ Սա հենց իմ նշած քաղաքականության իդեալոգիան է։
Հավելենք, որ Մովսես Խորենացու մեդալը Հայաստանի պետական պարգեւներից է։ ՀՀ ամենահին մեդալն է Մխիթար Հերացու մեդալի, Մխիթար Գոշի մեդալի եւ Անանիա Շիրակացու մեդալի հետ մեկտեղ։ 1993 թ. ընդունված օրենքի համաձայն` Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար։ 2014 թ. օգոստոսի 9-ից Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների եւ սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար:
Հ.Գ. Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Դիանա Գրիգորյանից պարզել, թե ո՞ր «բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի», որ արժանիքների համար է արժանացել նման պարգեւի, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց այդ թեմայով որեւէ հարցի պատասխանելուց:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՄԵԿ ՏՈՆԱԿԱՆ ԱՄԻՍԸ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ՔԻՉ Է»

«Շատ լավ եմ վերաբերվում կանանց միամսյակին եւ լինելով կնամեծար տղամարդ` համարում եմ, որ միամսյակը քիչ է, պետք է ավելի երկար տեւեր կանանց տոնը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հումորիստ, դերասան Վաչեն։

Նա նշեց, որ չի հասկանում այն տղամարդկանց, որոնք դժգոհում են տոների առթիվ. «Նախկինում, երբ միայն մարտի 8-ն էր նշվում, ակտուալ էր մեկ օր առաջ սիրելիի հետ վիճելը, բայց հիմա, երբ կանանց միամսյակն է, այդ տղամարդիկ ստիպված են մեկ ամիս չխոսել կանանց հետ, համարյա բաժանվել»,-ծիծաղելով նկատեց մեր զրուցակիցը։
Նա հայ կանանց մաղթեց, որ վերջիններս միշտ ժպտան։ Վաչեի խոսքով՝ առհասարակ, Հայաստանում շատերն ապրում են նեգատիվի մեջ, եւ ժպիտի կարիք ունեն. «Հայ կանանց յուրահատկությունն այն է, որ նրանք սովորաբար իրենց վրա են վերցնում տան բոլոր անդամների հոգսը։ Եթե արտասահմանում ամեն մեկն ապրում է իր կյանքով, ապա Հայաստանում այդպես չէ։ Ուստի մեր աղջիկներին եւ կանանց մաղթում եմ համբերություն, մաղթում եմ նաեւ, որ առօրյա հոգսերի մեջ երբեք չկորցնեն իրենց կանացիությունը, մի քիչ էլ իրենց մասին մտածեն»,-ասաց Վաչեն։
Հարցին, թե կնոջ նկատմամբ ուշադրություն դրսեւորելու ո՞ր տարբերակին է հակված, հումորիստը պատասխանեց. «Սիրուց բացի` շատ կարեւոր գործոն է հարգանքը. դա առաջնային է։ Տղամարդը պետք է հաշվի նստի կնոջ նախասիրությունների եւ կենսակերպի հետ։ Կինն իր ուզած ձեւով ապրելու իրավունք ունի»։
Ի դեպ, Վաչեի դուստրը թեեւ փոքր է եւ չի հասկանում տոների իմաստը, այնուամենայնիվ, հայրիկի կողմից ստացել է շնորհավորանք։
Կանանց եւ աղջիկների տոնին առավել ակտուալ են դառնում նրանց վերաբերող մի շարք սոցիալական խնդիրներ, օրինակ՝ սեռով պայմանավորված աբորտների խնդիրը. «Ինձ համար դա սարսափելի է, ես դատապարտում եմ այդ քայլը։ Ինքս երազել եմ, որ աղջիկ ունենամ, այդպես էլ եղել է։ Հոր համար դստեր ծնունդը մի ուրիշ հաճույք է։ Այն, որ հիմա աղջիկս կարող է գալ ու գրկել ինձ, ամենամեծ երջանկությունն է։ Ո՞նց կարելի է դրանից հրաժավել»,-եզրափակեց Վաչեն։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ
«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է «Ուոթֆորդի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի խաղի (3:0) լավագույն ֆուտբոլիստ: Պրեմյեր լիգայի մեկնարկային 6 խաղերում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 5 գոլերի` դառնալով մեկ գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: 29-ամյա կիսապաշտպանը ստացել էր ամենաբարձր գնահատականը` 8.8, նույն գնահատականին արժանացել էր նաեւ «Արսենալ»-ի չեխ դարպասապահ Պետր Չեխը, որը հետ էր մղել 11 մետրանոց հարված եւ 200-րդ «չոր» հանդիպումն անցկացրել Պրեմյեր լիգայում:

 

 

ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայում այս շաբաթ կայանալիք 1/8 եզրափակիչի 4 պատասխան խաղերի մրցավարներին:
Մարտի 13-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»- «Սեւիլիա» հանդիպումը կսպասարկի հոլանդացի Դանի Մակելին, իսկ «Ռոմա»-«Շախտյոր» խաղում կաշխատի իսպանական մրցավարական բրիգադը` Ալբերտո Ունդիանո Մալյենկոյի գլխավորությամբ:
Մարտի 14-ին անցկացվելիք «Բեշիկթաշ»-«Բավարիա» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել անգլիացի Մայքլ Օլիվերը, իսկ «Բարսելոնա»-«Չելսի» խաղը վստահվել է սլովակ Դամիր Սկոմինայի գլխավորած մրցավարական բրիգադին: Տեղեկացնենք, որ այս շաբաթ վերջնական պարզ կդառնան ՉԼ 1/8 եզրափակչի հաղթողները, որոնք իրավունք կունենան մասնակցել 1/4-րդ խաղերին:

 

 

ԱՌԱՋԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ
Չեխիայում տեղի է ունեցել Թերեզինշտադտի Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնին կից թանգարանի բացումը: ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի գործող եւ նախկին պատգամավորներին` 2017թ. ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար: Նա խոսել է նաեւ Թերեզինշտադտի կենտրոնի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համագործակցության անհրաժեշտության մասին:
Նշենք, որ այս թանգարանն իր տեսակում առաջինն է Չեխիայի Հանրապետությունում:
Նորաբաց թանգարանում ցուցադրված են ոչ միայն Հոլոքոստին նվիրված ցուցանմուշներ, այլեւ այլ ոճրագործություններին, այդ թվում Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութեր: Թանգարանի ղեկավարությունը ծրագրում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի օժանդակությամբ զգալիորեն ընդլայնել եւ հարստացնել թանգարանի հայկական հավաքածուն:




Լրահոս