Խաշի կամ գարեջուր խմելու գործընթաց չէ. Արամ Հարությունյանը հացադուլ կսկսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էր, ապրիլի 9-ին հացադուլ կսկսի` այդպիսով կոչ ուղղելով քաղաքացիներին ոտքի կանգնել եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը արդեն վարչապետի կարգավիճակում: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արամ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, ՀՀԿ-ն, ըստ Ձեզ, շա՞տ կազդվի Ձեր հացադուլից:

-Իմ խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն ազդվի: Ինձ համար կարեւոր է, որ քաղաքական ուժերը եւ ժողովուրդն ահազանգ ստանան եւ օգտվեն այն բացառիկ հնարավորությունից, որ ստեղծվել է Հայաստանում: Նկատի ունեմ, որ իշխանությունը քաղաքականապես կլինիկական մահ է տանում: Այդ իմաստով շատ կարեւոր է, որպեսզի քաղաքական ուժերը միասնական հանդես գան, ինչը կխթանի, որպեսզի ժողովուրդը հրապարակ գա եւ փորձի ձախողել վարչապետի ընտրությունը:

-Իսկ չարժե՞ր, որպեսզի հիմա սկսեիք հացադուլը:

-Կարեւոր է, որ դա արվի հենց ապրիլի 9-ից 16-ը, երբ Սերժ Սարգսյանը զրկվում է լծակներից: Կարելի է հիմա էլ նստել, մի տարի առաջ էլ: Լավ կլինի, որ այդ օրերին… այնպես չլիներ, որ մի ամիս հացադուլի մեջ լինեի: Կարեւոր է, որպեսզի, ինչպես ասում են` ֆորմայի մեջ լինենք, որովհետեւ այստեղ միայն հացադուլի նստելը չէ խնդիրը, այլ ելույթներն են, էներգետիկա ապահովելը:

-Այսինքն` նախատեսում եք մե՞կ շաբաթով հացադուլ անել:

-Ես ենթադրում եմ, որ հաստատ ավելի շուտ չի ավարտվի: Շատ հնարավոր է` հարցերը արագ լուծվեն. այնպիսի դեպքեր լինեն, որ երկար հացադուլի կարիք էլ չլինի: Այսինքն` իշխանությունները հանձնվեն. Հանրապետականը չառաջադրվի, խոսք գնա արտահերթ ընտրությունների նշանակման մասին:

-Հույս ունե՞ք, որ ՀՀԿ-ն Ձեր հացադուլի արդյունքում արտահերթ ընտրություններ կնշանակի:

-Եթե քաղաքական ուժերը եւ ժողովուրդը միահամուռ լինեն, խնդիրները կարելի է լուծել անգամ 10 հոգով, եթե նրանք կանգնած են եւ տարբեր պատճառներով տուն չեն գնում, կամ այնպես չի լինում, որ տնից դուրս չեն գալիս:

-Վերջին տարիներին հացադուլ անող գործիչներ շատ են եղել: Հացադուլի միջոցով քանի՞ հոգու է հաջողվել խնդիր լուծել:

-Ես մաթեմատիկոս եմ եւ ցանկացած քայլ անում եմ այնպես, որ վաղվա իմ ասածն այսօրվա ասածի հետ հակասության մեջ չլինի: Եվ չեմ ուզում նախորդ հացադուլավորներին գնահատական տալ: Երբ ասում ենք համակարգի փոփոխություն, դա հիմնականում նշանակում է Սերժ Սարգսյանի փոփոխություն: Ընդ որում, այդ մեկ մարդը շատ թույլ է լեգիտիմության իմաստով. ժողովրդի մեջ որեւէ վստահություն չունի, իշխանության մեջ էլ ատում են իրեն: Սերժ Սարգսյանի երկարակեցության գաղտնիքն այն է, որ նա չունի սկզբունքներ եւ չի կրում որեւէ գաղափարախոսություն: Այսինքն` իր համար շատ հեշտ է եղել մանեւրելը: Բայց ամեն ինչ վերջ ունի, եւ իր վերջը շատ ավելի վատ է լինելու, քան իր վատագույն երազներում կարող է տեսնել:

-Րաֆֆի Հովհաննիսյանն էլ բավական ստաժ ունի` հացադուլ անելու առումով: Գուցե իրե՞ն էլ հրավիրեք, միանա Ձեզ:

-Գիտեք ինչ, սա խաշի կամ գարեջուր խմելու գործընթաց չի, որ հրավիրեմ որեւէ մեկին, ոչ էլ կարող եմ արգելել: Ով կմիանա, ես միայն ուրախ կլինեմ:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս