ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ չէր կարելի Արծվիկ Մինասյանին, կարելի է Սուրեն Կարայանին. նախարարի և ժիլետի թևի նմանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրում տնտեսական հարցերով զբաղվող գերատեսչության անունը մի քանի անգամ փոփոխվեց, սակայն դրանից որակական փոփոխություն այդպես էլ տեղի չունեցավ: 2016 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն: Դրանից հետո երկրում ո՛չ տեսանելի տնտեսական զարգացում նկատվեց, ո՛չ էլ առանձնապես խոշոր ներդրումներ:

2016 թվականի սկզբին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ներկայիս բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը. նա կառավարություն գնաց ԱԺ-ից, երբ ՀՅԴ-ն համագործակցության հուշագիր կնքեց ՀՀԿ-ի հետ: Նախկինում ընդդիմադիր Արծվիկ Մինասյանից, խոստովանենք, որոշակի ակնկալիքներ կային. նրա առջեւ պահանջներ էին դրվում հասարկության կողմից եւ ոչ միայն: Օրինակ՝ «Նաիրիտ» գործարանի վերագործարկում, ՀՀ-ում մենաշնորհների դեմ պայքար: Հիշում եք` Մինասյանի հետ նաիրիտցիները պարբերաբար հանդիպում էին ու իրենց պահանջները դնում: Իսկ մենաշնորհների դեմ պայքարի հարցում էլ նախարար Մինասյանը լրագրողների օգնությանն էր դիմել` խնդրելով իրեն փաստեր ներկայացնել: Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, երբ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, Արծվիկ Մինասյանը մի որոշ ժամանակ Էկոնոմիկայի նախարարն էր:

Այդ ողջ ընթացքում Կարապետյան վարչապետն առիթը բաց չէր թողնում` Մինասյանին նկատողություն անելու: Հիշենք. 2016 թվականի սեպտեմբերի 15-ի կառավարության նիստում Կարապետյանը Արծվիկ Մինասյանին դիտողություն արեց, երբ վերջինս ներկայացնում էր «Շանթ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը 3 տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը: «Տալով արտոնություններ բիզնեսին՝ հետո այդ հարցով ինչ-որ կերպ մոնիթորինգ չի՞ արվելու: ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք՝ հաշվետվության ձեւ արեք, թե ինչքան աշխատատեղ է ստեղծվում»,-ասել է վարչապետ Կարապետյանը: Սրանով միջադեպը չավարտվեց: Կարապետյանը հետաքրքրվեց, թե ընկերությունը որքա՞ն ժամանակ է դիմել այդ արտոնությունների համար: Արծվիկ Մինասյանը պատասխանեց` մեկ շաբաթ:

«Չեմ հավատում: Դուք բիզնեսին աջակցող նախարարություն եք ու տնտեսվարողի ձեռքը բռնած` պետք է բոլոր գերատեսչություններով գնաք: Այդ ընկերությունը 7 ամիս է՝ ձեզ հետ նամակագրություն է արել: Մենք պետք է ամեն ինչ կանոնակարգենք, բյուրոկրատիան վերացնենք։ Պետք է լինեն ձեւակերպված խաղի կանոններ, մնացած դեպքերը կվերանայենք: Պետք է վերանայել, թե ինչքան հետաձգված փող է վերադարձվել, ինչքան աշխատատեղ է ստեղծվել»,-շեշտել էր Կարապետյանը: Մի կողմից քննադատական մոտեցում կար վարչապետի կողմից, սակայն մյուս կողմից կային ակնկալիքներ` բիզնեսի եւ այլ դաշտերում որոշ խնդիրներ լուծելու առումով:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս