Միջպետական ավտոճանապարհի շատ հատվածներ վատ վիճակում են. ինչ է պատրաստվում անել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզով ձգվող միջպետական ավտոճանապարհի շատ հատվածներ ներկայումս շատ վատ վիճակում են, ավտոմեքենաների վարորդները ձգտելով խուսափել ճանապարհին առկա բազմաթիվ փոսերից եւ ասֆալտածածկի իջվածքներից` ավտոմեքենայով անցնում են հանդիպակած գոտի` ստեղծելով վթարային իրավիճակ: 2016թ. սեպտեմբերի 14-ից մինչ այժմ վերանորոգման նպատակով փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածը, այդ պատճառով բեռնատարներն անցնում են Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով:

Խոշոր բեռնատարները մաշում, քանդում են նշված ճանապարհի ասֆալտի` առանց այն էլ մաշված, հին ծածկը: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պատվիրատվությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության եւ շահագործման աշխատանքների իրականացման նպատակով 2018 թվականին նախատեսված է հատկացնել 590.6 միլիոն դրամ, իսկ Տավուշի մարզպետարանի պատվիրատվությամբ` մարզային նշանակության ճանապարհների պահպանության համար` 111.5 միլիոն դրամ:

Նա տեղեկացրեց նաեւ, որ տրանսպորտի եւ կապի նախարարության պատվիրատվությամբ նախատեսված են իրականացնել Այրում-Դիլիջան միջպետական նշանակության վատ վիճակում գտնվող ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներ: Ա. Գեւորգյանը հայտնեց, որ այդ նպատակով հատկացվելիք ֆինանսական միջոցների չափը հայտնի կդառնա նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումից եւ մրցութային գործընթացի իրականացումից հետո:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս