Նոր բացահայտումներ կլինեն. ՊԵԿ պաշտոնյայի կալանավորման հետքերով

ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գեւորգ Բրուտյանի գործով վկաներն այդպես էլ չեն ներկայանում դատարան, մինչդեռ չի բացառվում, որ ներկայանալու դեպքում նոր բացահայտումներ լինեն:

Հիշեցնենք` 2016թ. ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսան` Հրանտ Կարապետյանը, որը Մաշտոցի հարկային ծառայության ղեկավարն էր, ազատվել էր պաշտոնից: Ավելի ուշ մամուլը գրեց, որ նա տարիներ ի վեր այդտեղ պահել է ապօրինի բաժին, որն զբաղված է եղել փող հավաքելով: Այս աղմկահարույց բացահայտումից հետո կալանավորվեց Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գեւորգ Բրուտյանը, իսկ ահա Կարապետյանը ջրից չոր դուրս եկավ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագ տեսուչի պաշտպաններ Արայիկ Ղազարյանը, Հովսեփ Սարգսյանը եւ Վարդուհի Էլբակյանը միջնորդություն էին ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Բրուտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոխարինելու համար, սակայն միջնորդությունը գործը նախագահող դատավոր Դավիթ Բալայանը մերժել է: Ավելին` մարտի 14-ին եղել է այս գործով դատական նիստը, սակայն վկա Ն. Գրիգորյանի չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգվել է: Չի բացառվում, որ վկաները, եթե ներկայանան դատարան, միգուցե եւ տան Շահգալդյանի փեսայի ու էլի շատերի անունները: