Մեզ ասել են, որ բժիշկներին զգուշացնենք, որ մայիսի 1-ից աշխատանքի չգան. «Արմենիկում» ծրագրի ղեկավարը զայրացած է

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը էլեկտրոնային առողջապահական համակարգից, դեղատոմսերով բաց թողնվող դեղերի նոր կարգից հետո առաջ է քաշել «Արմենիկում» կլինիկայի փակման հարցը: Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ կլինիկայի տնօրենը հայտարարել է, որ ԱՆ-ն մտադիր է կենտրոնին տրվող պետական ֆինանսավորումը դադարեցնել եւ այն փակել: Ի դեպ, նախարարությունը ստեղծել է հանձնաժողով, որը պետք է քննարկի «Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեության հարցը: Հատկանշական է փաստը, որ այս «Արմենիկումի» կնքահայրը համարվում է Սերժ Սարգսյանը, որը դեռ 1998թ. երբ ինքը ՀՀ ազգային անվտանգության նախարար էր, հայտարարել էր հայկական հրաշք դեղամիջոցի մասին` ներկայացնելով այն որպես աշխարհի գրավման եւ ՀՀ զարգացման բանալի: Ժամանակի ընթացքում, իհարկե, պարզվեց, որ այդ ամենը բլեֆ է: Ու հիմա, փաստորեն, նախարար Ալթունյանը դուրս է եկել մի ծրագրի դեմ, որը Սերժ Սարգսյանինն է:

«Արմենիկում» ծրագրի ղեկավար Լեւոն Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ նախարարությունը մտադիր է պետպատվերով բուժումը հանել, իսկ կլինիկան փակել: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց առողջապահության նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ կենտրոնի փակման հարցը դրված չէ. «Ընդամենը պետք է քննարկվի կլինիկայի ծախսերը նվազեցնելու եւ դեղի արտադրությանը խթանելու վերաբերյալ հարցերը»: Սակայն լսելով առողջապահության նախարարության` մեզ տված պատասխանը` «Արմենիկում» ծրագրի ղեկավար Լեւոն Գեւորգյանը զայրացավ. «Սուտ է: Նման բաներ չկան, հեքիաթներ են: Առողջապահության նախարարությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել, թող հավաքվեն, տեսնենք` ինչ են ուզում: Ինձ պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի ասել: Իրենք անգամ մեզ ասել են, որ բժիշկներին զգուշացնենք, որ մայիսի 1-ից աշխատանքի չգան: Էդ «Արմենիկում»-ը ինձ համար երեխա է 20 տարի: Ես այս տարիների ընթացքում 9 հատ նախարար եմ փոխել: Թող տեսնենք` ինչ կլինի, ես բոլոր հարցերի բացատրությունը կտամ»: Ապա հայտնեց, որ իրենց տեղեկացրել են, որ 2018 թվականին ֆինանսավորումը դադարեցվելու է:

Նշենք, որ «Արմենիկում»-ի գործունեությունը չի սահմանափակվում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով: Դեղամիջոցն արդյունավետ ազդեցություն է գործում իմունային անբավարարությամբ ուղեկցվող մի շարք այլ հիվանդությունների դեպքում, համակարգային կարմիր գայլախտի, վիրուսային հեպատիտ «C»-ի, հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքերի, պառկելախոցերի բուժման ժամանակ եւ այլ դեպքերում:

Սյունէ Համբարձումյան