ՍԷՖԻԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿՀ-ից Ժիրայր Սէֆիլյանի կոչը խառնաշփոթ է ստեղծել իշխանական համակարգում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` իրավապահ համակարգը կրկին անցել է Սէֆիլյանի նկատմամբ վերահսկողության խիստ ռեժիմի:

Ինչպես հայտնի է` իր կոչով Ժիրայր Սէֆիլյանը նշել էր. «Վաղուց ժամանակն է հրաժարվելու այս անիմաստ ու կործանարար մոտեցումից: Հայ նոր քաղաքական դասը, որ կյանքի պահանջով պետք է ձեւավորվի, երկու հիմնական խնդիր ունի լուծելու`
..վռնդել վատ այգեպանին ու նրա հովանավորին, սրտացավ այգեպան նշանակել եւ մաքրել ու ցանկապատել այգին, այսինքն` հեռացնել ու պատասխանատվության ենթարկել պետությունը զավթած ու ժողովրդին ցեղասպանող դավաճան տականքին»…
Ըստ Ժիրայի Սէֆիլյանի` դրա համար կարող է հարթակ ծառայել «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Ավելին` վերջինս հրապարակել էր ցուցակ, թե որ քաղաքական ուժերը պետք է միավորվեն «Հանուն Հայաստան պետության» ճակատի շուրջ եւ վռնդեն վատ այգեպանին: Արդյունքում` Ժիրայր Սէֆիլյանի կոչը մարտի 10-ին Ազատության հրապարակում հավաքեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամներին, որոնք հայտարարեցին, թե ճակատն ասում է` ո՛չ իշխանության վերարտադրությանը, ո՛չ այն համակարգին, որ գոյություն ունի այսօր:
Եվ ահա քրեակատարողական հիմնարկից արված կոչը, ճակատի անդամների բազմամարդ հավաքը չէին կարող աչքաթող արվել իրավապահների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Արմավիր» ՔԿՀ-ում Ժիրայր Սէֆիլյանին պահում են այնպիսի մասնաշենքում, որտեղ այլ կալանավորներ կամ դատապարտյալներ չկան, եւ դեռ ավելին` դատապարտյալները հնարավորություն չունեն որեւէ կերպ հաղորդակցվել նրա հետ: Ասել է, թե Սէֆիլյանն այս օրերին գտնվում է բացարձակ մեկուսացման մեջ:
Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ եթե մյուս կալանավորների կամ դատապարտյալների տեսակցությունը հեշտ է կազմակերպվում, ապա Ժիրայր Սէֆիլյանի մասով հատուկ հրահանգ է իջեցվել. նրան տեսակցելու դեպքում անպայման տեղյակ պետք է պահվի «Արմավիր» ՔԿՀ-ի պետին, որն էլ իր հերթին զեկուցում է վերադասին, ու միայն իշխանական վերին օղակների թույլտվությունը ստանալուց հետո կազմակերպվում է տեսակցությունը:
Ավելին` չնայած այն հանգամանքին, որ Ժիրայի Սէֆիլյանը «Արմավիր» ՔԿՀ-ում, ինչպես կալանավորներն են նշում` անմարդաբնակ վայրում է պահվում, որոշում է կայացվել, որ վերջինիս խցի մոտ վարչության անվտանգության աշխատակիցների թիվը ավելացնեն եւ շարունակեն խիստ հսկողությունը:
Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱՆ ենթակայության տակ գտնվող «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչ հրահանգ է ստացել Ժիրայր Սեֆիլյանի մասով:
-Պարո՛ն Նավասարդյան, ըստ մեզ հասած տեղեկությունների` ՔԿՀ ղեկավարությունը այս օրերին խիստ հսկողություն է իրականացնում Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ, ի՞նչ մտավախություն ունեք կամ ի՞նչ հրահանգ եք ստացել:
-Բոլորի նկատմամբ կալանավայրերում խիստ հսկողություն է:
-Բայց հիմա կոնկրետ Ժիրայր Սէֆիլյանին այնպիսի տեղում եք պահում, որ որեւէ այլ կալանավոր չկա, ու նրա խցի մոտ անվտանգության շատ աշխատակիցներ կան, ինչը չկա այլ կալանավորների եւ դատապարտյալների դեպքում:
-Չկա տենց բան, սուտ է:
-Վստա՞հ եք, որ որեւէ հրահանգ չեք ստացել` նրա նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու համար, ի վերջո, բոլոր կալանավորները տեսել են, թե նա ինչ անմարդաբնակ վայրում է պահվում:
-Ոչ մեկի մասով նման հրահանգ չկա այդ թվում եւ իրա, եւ երբեք չի էլ եղել: Կրկնում եմ` ոչ մեկի մասով, հատուկ ինչ-որ բան: Ներքին կանոնակարգով մենք մեր գործն ենք անում միշտ: Այլ հարցերի չեմ պատասխանի, դիմե՛ք մեր լրատվական:
-Իսկ որ նշում եք, որ բոլորի նկատմամբ կալանավայրերում խիստ հսկողություն է, ինչպե՞ս կբացատրեք, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորները, ինչպիսին, օրինակ, բազմաթիվ դրվագներով հարուցված քրեական գործերով անցնող Սպարտակ Դանիելյանը, պատժի կրման ընթացքում նոր խարդախություններ են անում, մարդկանց իրերն են հափշտակում:
-Մաքսիմալ հսկողություն ենք իրականացնում, նման դեպքեր բացահայտելու դեպքում քրեական գործ ենք հարուցում:
-Հիմա «Արմավիր» ՔԿՀ-ում արտոնյալ կալանավորներ կամ դատապարտյալներ չունե՞ք:
-Չկա նման բան:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նորանշանակ պետ Ռաֆայել Հովհաննիսյանի նշանակումից հետո մատակարար ընկերությունները հայտնվել են լուրջ խնդիրների առաջ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի մարտի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ հայց է ներկայացրել ընդդեմ «Տեքսուորլդ» ՍՊԸ-ի եւ պահանջում է, որ դատարանը ստիպի մատակարարված անպատշաճ որակի ապրանքի համար վճարված գումարը վերադարձնել, պայմանագրով սահմանված տուգանքը եւ տոկոսները վճարել: Այս գործով դատարանում պատասխանող է հանդես գալիս նաեւ ՀՀ ֆինանսների նախարարությունը: Ըստ էության ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ենթակայությամբ գործող քրեակատարողական հիմնարկներ համապատասխան ապրանք մատակարարելու համար մրցույթ է հայտարարել, ինչի արդյունքում հաղթել է «Տեքսուորլդ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է արտահագուստների արտադրությամբ` կոշիկներ, սաղավարտներ, դիմակներ, ձեռնոցներ, ամրագոտիներ: Արդյունքում` ՔԿ վարչություն մատակարարված ապրանքները այդքան էլ դուր չեն եկել պատվիրատուին, եւ նա դիմել է դատարան եւ պահանջում է իր գումարը:

 

 

ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյան կեղծ փաստաթուղթ ներկայացնելու համար հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Պապ Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2012թ. դեկտեմբերի 21-ի հրամանով նշանակվել է փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար: Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ Պապ Եփրեմյանը խնդրելու, համոզելու միջոցով պաշտոնատար անձ հանդիսացող «Զարիշատ Մարտին Մկրտչյանի» անվան «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի բուժական գծով տեղակալ Անահիտ Հայրապետյանին դրդել է կազմել եւ իրեն հանձնել կեղծ փաստաթուղթ, որն էլ հետագայում օգտագործել է` ներկայացնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունը իր աշխատակցից համապատասխան բժշկական փաստաթուղթ է պահանջել, որն էլ հետագայում ճակատագրական է դարձել վերջինիս համար: Հիմա Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` փաստաթղթեր, դրոշմներ կեղծելը, եւ 314 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` պաշտոնեական կեղծիք: Պապ Եփրեմյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Օրերս Արաբկիր վարչական տարածքում սպանություն է կատարվել: Սպանության օրը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում, որտեղ հայտնաբերվել է տանտիրոջ` 65-ամյա Կարեն Աղաբաբյանի դին՝ գլխի եւ դեմքի բազմաթիվ վնասվածքներիով: Ըստ նախնական տվյալների` մարտի 3-ին Վարդանյանն ընկերուհու հետ Աղաբաբյանի տուն հյուր է եկել, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է միայնակ ապրող տանտիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին, ինչի հետեւանքով նա մահացել է: Հարուցվել է քրեական գործ:

 

 

ՔՐԳՈՐԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործության առթիվ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրգործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի կալանավոր Է. Ա.-ի հաղորդման հիման վրա: Նա հայտնել է, որ Հրազդանում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին` պահանջելով հայտնել, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկել: Երբ Է. Ա.-ն ասել է, որ նրանց չի ճանաչում, ոստիկանները, չհավատալով վերջինիս, հայհոյանքներ են տվել եւ ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Կատարվում է նախաքննություն:

 

 

ՀՈՇՈՏԵԼ ԵՆ
Լոռու մարզի Փոքր Այրում գյուղի անտառին կից տարածքում գայլերը հարձակվել են խոշոր եղջերավոր անասունների վրա: Խոշորացված Ախթալա (փոքր Այրումը համայնքի կազմում է) համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի խոսքով` գայլերը կենդանիներից մեկին հոշոտել են, մյուսին` վնասել: Կովերը պատկանել են մեկ ընտանիքի:

 

 

ՄԱՐՏԻ 16-ԻՆ
«Հանուն Հայաստան պետության» ճակատ նախաձեռնությունը Երեւանում մարտի 16-ին Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան տարելիցի կապակցությամբ կազմակերպում է երթ-հանրահավաք: Այն տեղի է ունենալու Ազատության հրապարակում` ժամը 18:00-ին: 2017թ. մարտի 16-ին ռեժիմի անմարդկային ու հակաօրինական քաղաքականության հետեւանքով զոհվեց ազգի նվիրյալներից, լավագույն քաղաքացիներից մեկը` մեր Հաց բերող Արթուրը:




Լրահոս