ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ՝ ՀԵՏԻՆ ՊԼԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 7-ին տեղի ունեցած ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական արարողակարգի մասին» օրենքը: Բայց քանի որ պատգամավորների ուշադրությունն այդ օրերին բոլորովին այլ հարցերի վրա էր սեւեռված, այս նախագիծը լայն քննարկման առարկա չդարձավ` հայտնվելով ետին պլանում:

Մինչդեռ, նկատենք, «Պետական արարողակարգի մասին» օրենքով նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո կանոնակարգվում է խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում իշխանական բուրգի հիերարխիան, այսինքն՝ սահմանված է, թե ըստ ավագության որ պաշտոնը որից հետո է: Դա էլ իր հերթին ենթադրում է, թե պաշտոնական արարողությունների ժամանակ պաշտոնյաներն ինչ հերթականությամբ են կանգնելու, մասնակցելու:
Չնայած գրեթե բոլոր լիազորությունները կենտրոնացվելու են վարչապետի, այսինքն` ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի ձեռքում, սակայն ըստ այս օրենքի` արարողակարգով ավագը լինելու է հանրապետության նախագահը, այսինքն՝ Արմեն Սարգսյանը: Ըստ Սահմանադրության` հենց հանրապետության նախագահն է պետության գլուխը համարվում, եւ նրան, ըստ արարողակարգի, բոլորից վեր դասելն ինչ-որ տեղ սպասելի է:
Ըստ օրենքի` արարողակարգային ավագության հետեւյալ հերթականությունն է սահմանված՝
1) Հանրապետության նախագահ.
2) վարչապետ.
3) Ազգային ժողովի նախագահ.
4) Սահմանադրական դատարանի նախագահ.
5) Բարձրագույն դատական խորհրդի նախագահ.
6) առաջին փոխվարչապետ.
7)փոխվարչապետներ՝ տվյալ պաշտոնում պաշտոնավարման տեւողության հերթականությամբ.
8) անվտանգության խորհրդի քարտուղար.
9) Երեւանի քաղաքապետ.
10) անվտանգության խորհրդի անդամներ.
11) Ազգային ժողովի փոխնախագահներ՝ տվյալ պաշտոնում պաշտոնավարման տեւողության հերթականությամբ.
12) նախարարներ՝ օրենքով սահմանված հերթականությամբ.
13) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարներ՝ օրենքով սահմանված հերթականությամբ.
14) Ազգային ժողովի պատգամավորներ.
15) Սահմանադրությունում ուղղակիորեն նշված մարմինների ղեկավարներ՝ Սահմանադրությամբ ամրագրված հերթականությամբ.
16) Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար.
17) վարչապետի աշխատակազմի ղեկավար.
18) Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար:
Ստացվում է՝ Սերժ Սարգսյանի ձեռքին են կենտրոնացված լինելու բոլոր լիազորությունները, սակայն ամեն դեպքում պաշտոնական հանդիպումների, արարողությունների ժամանակ նա լինելու է նախագահից հետո: Սակայն այստեղ մեկ այլ նրբություն եւս առկա է. եթե այդպիսի միջոցառումների մասնակցում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ապա նա հաջորդում է ավագությամբ առաջին պաշտոնատար անձին: Այսինքն` Կաթողիկոսի մասնակցության պարագայում Սերժ Սարգսյանը համարվելու է արդեն երրորդ անձը: Այս աստիճանակարգի դեպքում չի բացառվում, որ շատ արարողությունների ժամանակ Արմեն Սարգսյանը պարզապես չմասնակցի՝ վերապահելով ավագի լիազորությունը հենց Սերժ Սարգսյանին:
Այս առումով օրենքում եւս մեկ հետաքրքիր կետ կա ամրագրված. «Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերի ժամանակ Հանրապետության Նախագահը մասնակցում է միայն իր անունից տրվող ընդունելություններին»: Ասել է, թե Արմեն Սարգսյանին հնարավորություն չի տրվելու լինել բոլոր միջոցառումներին: Սակայն նրա անունից տրվող պաշտոնական ճաշին նախատեսվում է նաեւ վարչապետի, Ազգային ժողովի նախագահի մասնակցություն: Եվ չնայած Սահմանադրությամբ միջազգային բոլոր պայմանագրերը ստորագրում է հանրապետության նախագահը, սակայն այս օրենքում էլ ամրագրված է, որ ՀՀ այցելության ընթացքում միջազգային պայմանագրերի ստորագրումը որպես կանոն տեղի է ունենում վարչապետի ներկայությամբ: Հանրապետության նախագահի ներկայությամբ զինվորական պատիվները տրվում են նրան` բացառությամբ, երբ վարչապետն է զինված ուժերի գերագույն հրամանատարը:
Ըստ ավագության պաշտոնյաների դասավորությունը հետաքրքրություն է ներկայացնում առաջին հերթին նոր ստեղծված առաջին փոխվարչապետի պաշտոնի առումով: Գաղտնիք չէ, որ առաջին փոխվարչապետի պաշտոնն ի սկզբանե ստեղծվել է Կարեն Կարապետյանի համար որպես փոխհատուցում, քանի որ կառավարության ղեկավար դառնալու է Սերժ Սարգսյանը:
Բայց արի ու տես, որ օրինագծի համաձայն` ըստ արարողակարգի առաջին փոխվարչապետը միայն վեցերորդն է, եւ բնական է, որ նա պետք է ավելի հետեւում լինի, քան նախագահը, վարչապետը կամ Ազգային ժողովի նախագահը, ապա այս դեպքում տեսնում ենք, որ նրանից առաջ է անգամ Սահմանադրական դատարանի նախագահը, այս դեպքում` Հրայր Թովմասյանը: Հետաքրքիր է, որ դեռեւս փետրվարի 9-ին ներկայացված նախագծում Բարձրագույն դատական խորհրդի նախագահին որեւէ տեղ հատկացված չէր, սակայն արդեն լրամշակումից հետո այդ պաշտոնը եւս ամրագրվել է, բայց ՍԴ նախագահից հետո` առաջ անցնելով առաջին փոխվարչապետից: Ստացվում է՝ պետության համար կարեւորություն ներկայացնող եւ արարողակարգային համարվող առաջին հինգ պաշտոնյաների թվում Կարեն Կարապետյանը չի լինելու:
Հաշվի առնելով, որ այս օրենքն ուժի մեջ է մտնում նախագահի լիազորությունների հետ մեկտեղ, ապա ապրիլից հետո, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի Սահմանադրությունը, ըստ ավագության կլինեն հետեւյալ պաշտոնյաները՝ Արմեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Արա Բաբլոյան, Հրայր Թովմասյան, Գագիկ Հարությունյան: Իսկական հերարխիան ունենալու է հենց այսպիսի տեսք:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄԻԼԻՈՆՆԵՐ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ

Մինչ ատամնաբույժները բողոքում են առողջապահական էլեկտրոնային համակարգի ներդրման դեմ, կառավարությունը պատրաստվում է փոխհատուցել այդ ծախսերը: Բնականաբար՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը ընթացիկ տարվա համար էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների համար կծախսի 487 մլն 479 հազար դրամ: Ի դեպ, 5 ամիսների համար սուբսիդավորման ենթակա անհրաժեշտ գումարը կազմում է 203 մլն 116 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նշված գումարով ԱՆ-ն կփոխհատուցի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ին այդ ծառայությունների մատուցման նպատակով: Ընդ որում, նախատեսվում է սուբսիդավորում կատարել հետեւյալ համամասնություններով` Երեւանի 100 մլն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցներին` 50 տոկոսի, 100 մլն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող եւ մարզային բոլոր հիվանդանոցներին` 70 տոկոսի, սահմանամերձ եւ սահմանապահ հիվանդանոցներին, Երեւանի եւ մարզային եւ գյուղական ամբուլատորիաներին` 100 տոկոսի չափով:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱՆ-ն մտադիր է սուբսիդավորել այդ ծախսերը որոշ դեղամիջոցների ձեռքբերման եւ օպտիմալացման արդյունքում տնտեսված գումարի հաշվին: Այսպես` նախարարությունը «Լե Լաբորատուաղ Սեղվի» ֆրանսիական կազմակերպության հետ 2015 թվականին կնքել էր 5 տարվա պայմանագիր դիաբետոն 60 ՄՌ դեղի համար: Իսկ այս տարի նշված կազմակերպությունից ԱՆ-ն ստացել է նոր գնային առաջարկ` 1 դեղահատի համար 0,041 եվրո նախկին 0,06 եվրոյի փոխարեն: Ինչի արդյունքում ընթացիկ տարվա համար ի հայտ է եկել շուրջ 155 մլն դրամի տնտեսում:
Բացի այս` «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պայմանագրային գումարները նվազեցվել են` պահպանման ծախսերի կրճատման եւ օպտիմալացման ծրագրի շնորհիվ: Արդյունքում տնտեսվել է 32 մլն 164 հազար դրամ եւ 17 մլն դրամ գումար:
Հիշեցնենք, որ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի սահմանած սակագներից դժգոհում էին ՀՀ բուժհաստատությունները: Դժգոհողների ցանկում են հայտնվել նաեւ ատամնաբույժները, լաբորատորիաները, դեղատները: Եւ Ան-ն հաշվի առնելով բուժհաստատությունների կողմից բարձրացված դժգոհությունները` կառավարությանն առաջարկել է փոխհատուցել ընկերության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների մատուցման ծախսերը: Տեղեկացնենք, որ այս պարտականությունը մինչեւ պետության ուսերին գցելը, նախապես հայտարարվել էր, որ բժշկական հաստատությունները համակարգին միացվելու են անվճար, ապա գործադիրը բուժհաստատությունների ղեկավարներին խոստացավ, որ կբանակցի ընկերության հետ, եւ որքան հնարավոր է` կնվազեցնի սահմանած սակագները: Փոխարենը որոշվել է ֆինանսական այդ բեռը դնել ՀՀ պետական բյուջեի, ասել է, թե ՀՀ քաղաքացիներիս վրա: Ստացվում է, որ կառավարությունը «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ին չի նեղացնի եւ կսուբսիդավորի պահանջած գումարը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

«10 ՏՈԿՈՍԸ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ»
«Ներկայիս խորհրդարանն ամբողջովին Սերժ Սարգսյանի ձեւավորած խորհրդարանն է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա կարծիքով` ընդհանուր առմամբ, կուսակցությունների մեծ մասը վերահսկվում են Բաղրամյան 26-ի` նախագահական նստավայրի կողմից: Հարցին` որքա՞ն է այդ վերահսկողությունը, Մարտիրոսյանն ասաց. «Բավական է, բայց ոչ ամբողջական: 10 տոկոսը դեռեւս մնացել է»: Իսկ ովքե՞ր են մտնում այդ 10 տոկոսի մեջ, գործիչը խուսափեց նշել: Հարցին` ի՞նչն է պատճառը, Մարտիրոսյանն ասաց. «Հիմա եթե ասեմ` այս մեկը չի վերահսկվում, այն մյուս չվերահսկվող ուժերը կնեղանան»,-նշեց նա: Ստացվում է` այդ ուժերի նեղանալո՞ւ խնդիրն է, Մարտիրոսյանը հակասեց ինքն իրեն` ասելով, թե այդպես չէ: Դիտարկմանը` եթե գործչի կարծիքով` խորհրդարանական ուժերը վերահսկվում են, ապա արտախորհրդարանական չվերահսկվողներից գոնե մեկի անունը նշի, «Ժառանգության» վարչության նախագահն արձագանքեց. «Ո՛չ, բացառվում է»: Իսկ այն, որ որոշ ուժեր, մասնավորապես` «Ելք», «Ծառուկյան» դաշինքները հայտարարում են, որ իրենք ընդդիմադիր են, Մարտիրոսյանն արձագանքեց, թե ցանկացած պարագայում վերահսկողությունը կա: «Ժառանգության» վարչության նախագահը կարծում է, որ վերահսկողությունը կկոտրվի այն դեպքում, երբ ազատ քաղաքական դաշտ, ազատ ֆինանսական միջոցներ, քաղաքական մրցակցություն լինի: Եթե «Ժառանգություն»-ը ներկայացված լիներ խորհրդարանում, վերահսկելի չէ՞ր լինելու, Մարտիրոսյանն ասաց, թե «Ժառանգություն»-ը երբեք էլ վերահսկելի չի եղել, դրա համար էլ նրա դեմ միշտ աշխատել են: Գործիչը չբացառեց նաեւ, որ ցանկացած պահի խորհրդարանական վերահսկվող ուժերից մեկը կարող է դառնալ անվերահսկելի: «Եղել են ուժեր, անհատներ, որոնք սկզբում եղել են վերահսկվող, բայց հետո ինչ-որ պահի դարձել են անվերահսկելի: Հետո նորից վերահսկվել են»,-շեշտեց նա: Հարցին` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՞ մասին է խոսքը, Մարտիրոսյանն ասաց. «Դուք նորից անուններ եք ուզում: Չեմ ասի»: Դիտարկմանը, թե եթե քաղաքական հայտարարություն է անում գործիչը, բայց անուններ չի հնչեցնում, այնքան էլ լուրջ չէ եւ արդար չէ, Մարտիրոսյանն ասաց. «Ոչինչ, այս մի հարցում էլ թող անարդար լինեմ»:

Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՄԱՍՆԱՏԵԼՈՒ ԵՆ
Մարտի 5-ին պաշտոնից ազատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի երկարամյա տնօրեն Վասիլ Չիլինգարյանը, ում 70-ամյակը կլրանա այս տարվա նոյեմբերին: Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նույն անտառտնտեսության անտառապետ Գիգոլ Խասիկյանը: Նոյեմբերյանի անտառտնտեսությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հիմնարկությունը առաջիկայում բաժանվելու է 2 մասերի` անտառկառավարման եւ անտառի պահպանության, որոնք ունենալու են տարբեր գործառնույթներ եւ գործելու են իրարից անկախ: Դա տեղի կունենա առաջիկա օրերին, երբ ստեղծվի ՀՀ անտառային կոմիտե հիմնարկությունը:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս