«Քրոջդ խաթեր բաց կթողնենք». նոր բացահայտումներ ոստիկանների ծեծի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ծեծված քաղաքացուն Հրազդան քաղաքում ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու գործով բացահայտումները շարունակվում են: Հիշեցնենք՝ կալանավոր Էդգար Ասատրյան հաղորդում է տվել այն մասին, որ 2018թ.-ի հունվարի 1-ին Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության Հրազդանի աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել բաժին` պահանջելով ցուցմունք տալ կատարվածի մասին, այնուհետեւ ծեծել: Իսկ ահա Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանն էլ պնդում է, թե քաղաքացին է հարվածել ոստիկանին եւ կոտրել նրա քիթը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կալանավոված Էդգար Ասատրյանի պաշտպան Հովիկ Արսենյանը ուշագրավ մանրամասներ պատմեց կատարվածից: Ըստ պաշտպանի` 2018 թվականի հունվարի 1-ին Դիլիջան քաղաքում բնակվող Էդգար Ասատրյանը քրոջ հետ գնացել է Հրազդան քաղաք` իրենց մտերիմներից մեկի Նոր տարին շնորհավորելու. «Հրազդան քաղաքում ճանապարհին Էդգարի մեքենային հանդիպակաց մեքենա է եկել, ու լույսերը կուրացրել են նրա աչքերը: Նա ազդանշան է տվել, ու մեքենան աջ թեքելով` հարվածել է: Այդ ամենից հետո Էդգարը իջել է մեքենայից, ու այդ ժամանակ նրան են մոտեցել 3-4 անծանոթ տղաներ` ռուսական համարաներով, սկսել են ծեծի ենթարկել, որից հետո թողել, հեռացել են»:

Ըստ պաշտպանի` կարճ ժամանակ անց ծեծված էդգարին է մոտեցել ոստիկանության մեքենան, ոստիկաններն ասել են, որ ահազանգ ունեն, թե մարդ ու կին ծեծում են իրար, ուստի իրենց պետք է տանեն բաժին: Արդյունքում` Էդգարը հրաժարվել է գնալ, սակայն Էդգարին եւ նրա քրոջը հարկադրաբար տարել են ոստիկանության Հրազդանի բաժին.«Բաժնում Էդգարն ասում է, որ չգիտի` ովքեր են իրեն ծեծի ենթարկողները, քանի որ հրազդանցիներին ծանոթ չէ: Բաժնում սկսվում է հրմշտոց, աստիճանների վրա Էդգարին հարվածում են: Հարվածում են դեմքին, գլխին, ոտքերին, էդգարը ուշագնաց է լինում: Մի խոսքով, կալանավորում են, քույրը ասում է` էս ինչ եք անում, ասում են` քո քրոջ խաթեր քեզ բաց կթողնենք: Բայց առավոտյան ասում են, թե չեն կարող նրան բաց թողնել»,- ասաց նա:

Ըստ պաշտպանի` այդ դեպքով երեք քրեական գործ կա հարուցված, որոնցից մեկով էդգարը տուժող է ճանաչվել. «Ցանկացած պայմաններում, եթե ոստիկանության շենքում հանկարծ ձեւակերպվում է, թե իբր քաղաքացին դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակցին, եւ հոդված են դնում, սա արդեն հեղինակազրկում է ոստիկանության արժանապատվությունը: Ո՞նց կարող է քաղաքացին ոստիկանության շենքում դիմադրություն ցույց տալ, երբ 4-5 աշխատակից են եղել, նշանակում է` ծառայողական քննություն պետք է նշանակեն, բոլորին էլ հեռացնեն աշխատանքից»:

Քնար Մանուկյան




Լրահոս