Շիրակի պետական համալսարանի շուրջ բարձրացված աղմուկի հետքերով. ի՞նչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` տեւական ժամանակ է՝ Շիրակի պետական համալսարանում բավական լարված մթնոլորտ է. բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի մասը միանշանակ չընդունեց ռեկտորի պաշտոնում ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի նշանակումը: Իսկ արդեն նախկին դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը նրան մեղադրեցին ապօրինությունների մեջ: Մի քանի ամիս տեւած կռիվը՝ ԿԳ նախարարություն դիմումները, համալսարանում դասախոս Խորիկյանի հացադուլը, բողոքի ցույցերը, Մինասյանի դեմ հարցազրույցներով լրատվական արշավ, ավարտվեց նրանով, որ նախօրեին ռեկտորի որոշմամբ աշխատանքից ազատվել են վերոհիշյալ երկու դասախոսները:

Օրերս այս իրադարձությանն անդրադարձել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը` Անահիտ Ֆարմանյանը` սոցիալական ցանցերում կարծիք հայտնելով, թե բուհից հեռացվել են լավագույն մասնագետներից երկուսը: Այլ կերպ ասած` նա հրապարակավ դուրս է եկել ռեկտորի դեմ` պաշտպանելով նրա դեմ ամենատարբեր մեթոդներով պայքար մղած դասախոսներին: Միայն թե նկատենք` ըստ շրջանառվող լուրերի` այս ընթացքում հենց Ֆարմանյանն է հրահրել ռեկտոր Մինասյանի դեմ այդ դասախոսների պայքարը:

Ժամանակին հենց ինքն է ցանկացել զբաղեցնել այդ պաշտոնը, բնականաբար եղբոր՝ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի օգնությամբ: Սակայն չի ստացվել: Երեւի հարազատ ՀՀԿ-ում չգնահատեցին Ֆարմանյանի ծառայությունները, փոխարենը ռեկտոր նշանակեցին ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Մինասյանին, որը քավոր-սանիկական հարաբերություններ ունի մեկ այլ պատգամավորի՝ Արման Սահակյանի հետ, եւ որը ՀՀԿ-ին ձայներ բերելու համար համեմատաբար լավ էր աշխատել: Եւ հիմա Անահիտ Ֆարմանյանն իր  քայլով անուղղակի ապացուցել է շրջանառվող լուրերի ճշմարտացիությունը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սահակ Մինասյանին, որը, սակայն, հայտարարեց, թե գիտխորհրդի արձանագրության մեջ ներկայացված են իր որոշման բոլոր հիմնավորումները եւ նշեց. «Ավելացնելու ոչինչ չունեմ»:

Հավելենք, որ այսօր ՇՊՀ-ի ուսանողները դիմել են Սերժ Սարգսյանին:

Ա. Գ.




Լրահոս