Ուզում եմ մեկնել ավելի վտանգավոր երկիր, որտեղ նույնիսկ մարդ են ուտում. Վարդան Սարգսյան

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Տնից հեռու» հեռուստանախագծի հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանի հետ։ Վերջին շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրին նրա՝ Աֆրիկայում նկարահանած հաղորդումները վայրի ցեղերի հետ։ Այժմ արդեն Վարդանը նշել է, որ մտադիր է ավելի վտանգավոր երկիր մեկնել եւ ռիսկային նկարահանումներ իրականացնել նույնիսկ մարդակերների հետ։ Նա նշել է, որ չի վախենում հնարավոր վտանգներից եւ պատրաստ է հանուն լավ հաղորդման անել անհնարինը։ Հաղորդավարը պատմել է նաեւ, որ պատրաստվում է աստղերի հետ նկարահանումները շարունակական դարձնել։

-Վարդա՛ն, առաջիկայում ի՞նչ նոր երկրներ եք այցելելու, ի՞նչ անակնկալներ են սպասվում հեռուստադիտողներին։

-Երբ նկարահանումներ ունեցանք Եթովպիայում, ես չէի սպասում, որ այդտեղի թողարկումները նման մեծ արձագանք կունենան։ Շատերը հետաքրքրությամբ դիտել են ծրագրերը, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ երկրներում։ Այդ ամենն ինձ շատ է ոգեւորել։ Արդեն ուզում եմ մեկնել ավելի վտանգավոր երկիր, որտեղ նույնիսկ մարդ են ուտում։ Գիտեմ, որ դա ռիսկային քայլ կլինի, բայց ինձ համար միեւնույն է։ Այս պահին դեռ չեմ ուզում տվյալ երկրի անունը տալ, քանի որ ամեն բան չէ, որ հաստատված է, հուսամ՝ կստացվի նպատակս իրականացնել։

-Եթովպիայում, օրինակ, ի՞նչ վտանգավոր դեպքեր են գրանցվել։ Գիտենք, որ վայրի ցեղերը հարձակվել են Ձեզ վրա։

-Իհարկե, վտանգավոր դեպքեր շատ են եղել, հատկապես այն ցեղերի մոտ, որոնց կանայք ափսեներ են տեղադրում ներքեւի շրթունքին։ Եղել են դեպքեր, երբ վայրի ցեղերը քարեր են գցել մեզ վրա, եւ դա այն դեպքում, երբ մեր կողքին անվտանգության աշխատակիցներ էին, որոնք հետեւում էին մեզ։ Նկարահանումները վտանգավոր էին նաեւ մոծակների առումով, քանի որ այդ տեղանքներում մի շարք հիվանդություններ են տարածված։ Ուստի մեր նկարահանող խումբը մեկնելուց առաջ պատվաստվել էր։ Գործնական պրոցեսը դժվարացնում էր նաեւ հյուրանոցների բավական թանկ լինելը։ Բացի այդ՝ գյուղերում, որտեղ կանգ էինք առնում, հոսանքն օրվա ընթացքում տալիս էին միայն մի քանի ժամով։ Պատկերացրեք՝ մենք՝ մթության մեջ, հյուրանոցում, միայն կենդանիների ձայներ էինք լսում։ Բայց, իհարկե, ամենավտանգավորն այն էր, որ մենք այդ օրերին ապրեցինք վայրի ցեղերի հետ։

-Օպերատորները չեն հրաժարվո՞ւմ նման փորձությունների մասնակիցը դառնալուց: Պատկերացնո՞ւմ եք, որ եթե մարդակերների շրջանում հայտնվեք, դա որքան ռիսկային կլինի:

-Գիտեք՝ մենք նկարահանման ժամանակ վտանգների մասին բացարձակ չենք մտածում։ Մեզ համար ամենակարեւորը լավ կադրեր ստանալն է։ Օպերատորը եւս չի վախենում. չէ՞ որ այն, ինչ նկարահանում ենք, հետաքրքիր է, իսկ դա ամենակարեւորն է։

-Երբ Դուք Ձեր ծրագրի շրջանակում հանդիպեցիք «Մերժվածը» սերիալի հերոսներից մեկի՝ Տապասիային մարմնավորող Ռեշամի Դեսայիի հետ, հանրությունը բավական բուռն արձագանքեց դրան։ Առաջիկայում որեւէ հայտնի հեռուստաաստղի հետ նոր հանդիպում սպասվո՞ւմ է։

-Ինձ շատ են խնդրում գնալ Հարավային Կորեա եւ նկարահանել այնտեղի աստղերին։ Կփորձեմ դա անել, բայց չգիտեմ՝ որքանով կստացվի։ Ամեն դեպքում, փորձը ցույց է տվել, որ հիմնականում կարողանում եմ նկարահանել այն, ինչ ցանկանում եմ։

Նշենք, որ Վարդան Սարգսյանը «Տնից հեռու» հաղորդաշարի շրջանակում ճամփորդում է երկրեերկիր եւ բացահայտում տեղի մշակույթը, տեսարժան վայրերը, ավանդույթները, զրուցում է ամենատարբեր աստղերի հետ: Ամիսներ առաջ մեծ հետաքրքրություն առաջացրեց նաեւ նրա այցը Թաիլանդ, մասնավորապես երկարավիզ կանանց գյուղ՝ Կարեն։ Ինչ վերաբերում է աստղերի հետ հանդիպումներին, ապա բացի Ռեշամի Դեսայիից՝ Վարդան Սարգսյանը նկարահանվել է նաեւ հնդկական կինոյի դերասանուհի Մանդակինիի հետ։

Անի Անտոնյան