ՀՀԿ-ն կորոշի Սերժ Սարգսյանին «ազգովի խնդրել» և վարչապետի պաշտոնում առաջադրել. խմբագրական

Սերժ Սարգսյանը երեկվա հայտարարություններով վերջնականապես փակեց ապագա վարչապետի թեման: Այլեւս որեւէ կասկած չկա` նախագահի լիազորությունների ավարտից հետո ինքը զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը` նոր Սահմանադրության պարագայում եւս մնալով երկրի փաստացի ղեկավարը: Սերժ Սարգսյանը, իհարկե, այս ամենը ուղիղ տեքստով չի հայտարարել, բայց շատ պարզ հասկացրել է սպասվող իրադարձությունների մասին:

Հիշում եք 2014թ. սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելիս նրա ելույթը. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»:

Երեկ Ս. Սարգսյանը, մեկնաբանելով իր խոսքերը, ասել է. «Ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի ՀՀ նախագահ։ Բայց երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում եւ խոսվում հավակնությունների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթությունում է։ …Ինչ վերաբերում է հավակնություններին։ Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ եւ համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի եւ ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար։ …Խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն եւ կառավարություն ձեւավորելու լիազորություն ստանձնած ՀՀԿ եւ կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձեւաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում… Եթե, ի վերջո, որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ` ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին»։

Ուշադրություն դարձրեք նրա ձեւակերպումներին. Ս. Սարգսյանը շարունակում է պնդել, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին: Բայց Ս. Սարգսյանը պարտաճանաչ կուսակցական է: Կուսակցությունն էլ, հիշում եք` իր հայտնի ձեւակերպումը. «ոհմակ չէ», եւ «կուսակցականը պետք է հաշվի նստի կուսակցության որոշումների հետ»: Այնպես որ, եթե ՀՀԿ-ն որոշի իրեն «ազգովի խնդրել» եւ վարչապետի պաշտոնում առաջադրել, ստիպված կհամաձայնի: Դե, իհարկե, հանուն ազգի եւ հայրենիքի. չէ՞ որ ինքը «պատասխանատվություն ունի երկրի սահուն ընթացքի համար»: