«Ելք»-ի ճաքերը գնալով խորանում են` տանելով փլուզման

Մի քանի օր տեւած քննարկումներից հետո «Ելք» դաշինքում գործող երեք կուսակցություններն այդպես էլ չկարողացան ընդհանուր լեզու գտնել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ուղիների հարցում:

«Ելք»-ի ներկայացուցիչները պնդում են՝ Սերժ Սարգսյանի հետագա վերարտադրությունը կանխելու ուղղությամբ պայքարելու հարցում իրենց ներսում կա համաձայնություն, սակայն տարաձայնություններ ունեն պայքարի ուղիների հետ կապված: ՔՊ վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզը, այն է` փողոցային պայքարի միջոցով կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը, այդպես էլ հավանություն չգտավ դաշինքի մյուս անդամների, մասնավորապես «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների կողմից: «Ելք»-ի անդամ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը շեշտել էր, որ ամեն պարագայում կլինի Փաշինյանի կողքին` Ազատության հրապարակում: Իսկ ԼՀ ներկայացուցիչները նման ցանկություն չունեն:

Օրեր առաջ ԼՀ-ից պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը շեշտել էր, թե դաշինքի մեծամասնությունը դեմ է ՔՊ-ի առաջարկած ճանապարհային քարտեզին, նաեւ ասել, թե Սերժ Սարգսյանի հեռացումն ինքնանպատակ չպիտի լինի: Իսկ ՔՊ-ի ներկայացուցիչ Լենա Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել էր Գորգիսյանի խոսքերը, որ Փաշինյանի դիրքորոշումները «Ելք»-ում մեծամասամբ չեն կիսում: Նազարյանը վստահեցնում էր, որ համբերատար լսում, քննարկում են գործընկերների դիտարկումներն ու առաջարկները` ընդհանուր հայտարարի գալու համար: Սակայն, ինչպես տեսանք, այդպես էլ միասնական կարծիք չձեւավորվեց:

«Ելք» դաշինքում ընդգրկված 3 կուսակցությունները՝ «Քաղացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը», առանձին կգործեն` Սերժ Սարգսյանի վերարտադրությունը վարչապետի պաշտոնում կանխելու համար. նման որոշում են նրանք ընդունել երեկ ԱԺ խմբակցության նիստում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԼՀ անդամ Մանե Թանդիլյանը վստահեցրեց. «Այդ ճանապարհային քարտեզի եւ դրա հաջողության հավանականության շուրջ մտահոգություն ունեն թե՛ Լուսավորը Հայաստանը, թե՛ Հանրապետությունը, թե՛ ՔՊ-ի մեր գործընկերներից ոմանք: Այս նույն ճանապարհով գնացել ու չեն հաջողել բոլոր ընդդիմադիրները»:

Մանե Թանդիլյանը նաեւ նշեց, թե որեւէ անձի երրորդ պաշտոնավարմանը հակադրվելու ճանապարհը սեփական թեկնածու առաջադրելն է, որպեսզի հանրությունը ականատես լինի ՀՀԿ-ի սնանկությանը: Իսկ հարցին, թե ԼՀ-ի ո՞ր առաջարկն է հատկապես մերժվում ՔՊ-ի կողմից, Թանդիլյանն արձագանքեց. «Խնդիրը մերժելը չէ, այլ «Ելք»-ի երեք կուսակցությունների միասնական դիրքորոշման՝ գործողությունների արդյունավետության եւ դրանց քաղաքական հետեւանքների ընկալման մեջ է»:

ԼՀ կուսակցության նախագահ Է. Մարուքյանն էլ ֆրակցիայի նիստից հետո նշել էր, թե «3 կուսակցություն, 3 ճանապարհային քարտեզ կա, բայց այդ 3 քարտեզները չեն գալիս, մեկ քարտեզ դառնում: Չի դառնում այնպես, որ մեկ ծրագիր լինի, որովհետեւ մի մասը մի գործողության հետ է խնդիր տեսնում, չի հավատում այդ գործողության արդյունավետությանը, մյուս մասը՝ մյուսի»: Իսկ ՔՊ կուսակցության նախագահ Ն. Փաշինյանն ասել էր` որոշել են, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ ու որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերների որոշումների հետ եւ իրագործել: Ավելի ուշ ՔՊ-ն առանձին քննարկում էր իրականացրել, որից հետո տարածած հաղորդագրության մեջ ասվում էր` որոշում են կայացրել նախաձեռնել քաղաքական շարժում` ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի:

Նկատենք` թեեւ «Ելք»-ի անդամները համոզում են, թե դաշինքը չի փլուզվել, բայց ճաքերն իսկապես գնալով խորանում են` տանելով փլուզման:

Հ.Գ. Ավելի ուշ ՔՊ-ն հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ իրենց հետագա պայքարի ճանապարհային քարտեզը կհրապարակվի մարտի 31-ին: Իսկ ապրիլին նրանք հանրահավաքների շարք են նախատեսում:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ