Հայաստանում Ռուսաստանի քանի հայ քաղաքացի է մասնակցել նախագահական ընտրություններին. քաղաքացիությունից հրաժարվողների թիվը գնալով շատանում է

Ինչպես հայտնի է` մարտի 18-ին ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Վլադիմիր Պուտինը` ստանալով ընտրողների 76.67 տոկոսի քվեն:

ՌԴ նախագահի ընտրություններն անցկացվեցին նաեւ Հայաստանում. Երեւանում` ՌԴ դեսպանատանը, Գյումրիում էլ՝ ՌԴ հյուպատոսության շենքում բացվել էին ընտրատեղամասեր, որտեղ ՀՀ-ում բնակվող ՌԴ քաղաքացիներին հնարավորություն էր ընձեռվել կատարել իրենց քաղաքացիական պարտքը: Վաղ առավոտից բավական մեծ հերթեր էին կուտակվել: ՈՒ նկատելի էր՝ ընտրություններին մասնակցողների մեջ զգալի թիվ էին կազմում ոչ թե ազգությամբ ռուսները, այլեւ հենց հայերը, որոնք թեեւ բնակվում են Հայաստանում, բայց եւ վաղուց ի վեր ընդունել են ՌԴ քաղաքացիություն:

Սա, ի դեպ, առիթ դարձավ, որպեսզի «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվի ու պարզի, թե տարեկան որքա՞ն մարդ է հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից` ընդունելով ռուսականը: Պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ էր: Ըստ պաշտոնական տվյալների` միայն վերջին 6 տարում` 2012-17թթ. ընթացքում, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 16.436 քաղաքացի: Եվ պարզ է, որ նրանց մեծամասնությունն ընդունել են ՌԴ քաղաքացիություն: Եթե դիտարկենք առանձին տարիներով, ապա 2012 թվականին ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 968 ՀՀ քաղաքացի, 2013-ին` 1461, 2014-ին` 2407, 2015-ին` 2487, 2016-ին` 3863, իսկ 2017 թվականին` 5250 քաղաքացի:

Այլ կերպ ասած` տարեցտարի աճել է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվող մեր հայրենակիցների թիվը:

Թե ինչու է նման իրավիճակ, դժվար չէ կռահել. իշխանությունը գործնականում գրեթե ոչինչ չի անում երկրում դրական փոփոխությունների համար: Իսկ մարդիկ քաղաքացիությունից հրաժարվում են` հիմնականում ելնելով սոցիալ-տնտեսական խնդիրներից: Բարձր տարիքի թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց մի ստվար հատված վերջին տարիներին ընդունել է ՌԴ քաղաքացիություն` այդ երկրից կենսաթոշակ ստանալու նպատակով, քանի որ այնտեղ ավելի մեծ գումարներ են վճարում:

Նույն այդ նպատակով մեծ է ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմող հայաստանյան ուժային կառույցների աշխատակիցների թիվը. նրանց էլ մի քանի անգամ ավելի բարձր գումար են տալիս, քան ՀՀ-ում: Եվ այս համատեքստում որեւէ իշխանության մեջ գտնվող որեւէ պաշտոնյա իրավունք չունի նեղանալու կամ զայրանալու: Մարդիկ պարզապես հույս չեն կապում իրենց երկրի հետ: Եվ պետք չէ հուզվել, որ հայը մեծ ոգեւորությամբ գնում է` ՌԴ նախագահ ընտրելու:

Իսկ վաղը, աստված մի արասցե, եթե պարզվի, որ պատերազմի դեպքում չկա բավարար ռեսուրս, որովհետեւ այս տարիներին հայաստանցիներն իրենց հատկապես արու զավակներին էլ են դարձրել ՌԴ քաղաքացի, իշխանությունները թող չզարմանան: Թեեւ, հիշեցնենք, ԱԺ-ում մի առիթով այս թեմայով իր մտահոգությունն էր հայտնել ԱԱԾ նախկին փոխտնօրեն, հիմա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը` ահազանգելով ստեղծված իրավիճակի մասին: Այնպես որ, տարեցտարի ականատես ենք լինում տխուր իրողության. ՀՀ քաղաքացին գնալով վերածվում է բնակչի` ընդունելով այլ երկրի քաղաքացիություն:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, թե Հայաստանում ՌԴ քանի քաղաքացի է մասնակցել ընտրություններին:

Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի խոսնակ Վերոնիկա Արթենյանի փոխանցմամբ` քվեարկությանը մասնակցել է ՌԴ մոտ 5000 քաղաքացի: Նրանց 90 տոկոսը ձայները տվել են Վլադիմիր Պուտինին: Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսությունից էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ միայն հյուպատոսությունում քվեարկությանը մասնակցել է 1300 քաղաքացի: Վլադիմիր Պուտինին այստեղ կողմ քվեարկողները կազմել են 95 տոկոս: Նշենք, որ քվեարկությանն այստեղ մասնակցել են Շիրակի, Լոռու մարզի, ինչպես նաեւ` Վրաստանի բնակիչներ, ովքեր ՌԴ քաղաքացի են: Ընդհանուր առմամբ, նախնական պաշտոնական տվյալներով` ՀՀ-ում բնակվող կամ ժամանակավոր գտնվող քաղաքացիների 90-92 տոկոսը քվեարկությամբ իր աջակցությունն է հայտնել ՌԴ գործող նախագահ Պուտինին:

Հ.Գ. Մեկ փաստ էլ. այս տեմպերով շարունակվելու դեպքում չենք զարմանա, եթե տասնյակ տարիներ անց պարզվի՝ Հայաստանում ավելի շատ ՌԴ, քան ՀՀ քաղաքացի է բնակվում, թեկուզ եւ ազգությամբ հայ, այն էլ՝ բնիկ հայ, բայց ոչ ՀՀ քաղաքացի: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանի, հիմա էլ Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տարիներին ՀՀ քաղաքացու մեջ սպանել է քաղաքացի լինելու գիտակցությունը` վերածելով սոսկ բնակչի: Այնպես որ, հիմա «քաղում ենք» նրանց քաղաքականության պտուղները:
Ու պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը նախորդ տարի ԱԺ իր ուղերձում, երբ խոսում էր ժողովրդագրական իրավիճակը բարելավելու մասին, հայտարարեց մինչեւ 2040թ. ՀՀ բնակչության թիվը 4 մլն-ի հասցնելու մասին: Ուշադրություն դարձրեք՝ 4 մլն-ի հասցնել ոչ թե ՀՀ քաղաքացիների, այլ Հայաստանի բնակիչների թիվը: Հետեւություններն արեք ինքներդ:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ