Նոր ձերբակալվածներ. պաշտոնյայի գործն ուշագրավ ընթացք է ստանում

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ևս երկու անձ է ձերբակալվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Շ. Ն.-ն իր որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու նպատակով միջնորդ անձի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք է տվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչին:

Դրա դիմաց վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է զորակոչիկի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն, ինչի արդյունքում Շ. Ն.-ի որդին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ զինապարտ Է. Մ.-ն, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, առանձնապես խոշոր չափերով կաշառքի դիմաց նույն քննիչի օգնությամբ ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և տարկետում ստացել:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Շ. Ն.-ն և Է. Մ.-ն ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով:

Վերը նշված առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի: