Հարց քաղաքացիներից` վերականգնված լիազորագրով հնարավո՞ր է թոշակ ստանալ

ՀԱՐՑ. Հայրիկիս թոշակը 8 ամիս է` չենք ստացել: Նրա թոշակը ստանում ենք լիազորագրով, որի ժամկետը լրացել է: Խնդրում եմ ասեք` եթե լիազորագիրը նորից վերակագնենք, կամ հենց նա ներկայանա, հնարավո՞ր է` իր 8 ամսվա չվճարված թոշակի գումարը ստանա:

Բարսեղյան Ռուբիկ Գերասիմի

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը` նախորդ համարում) Տեղեկացնում ենք, որ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Ըստ այդմ, եթե Ռ. Բարսեղյանի հոր կենսաթոշակը վճարվում է լիազորագրով եւ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու հիմքով դադարեցվել է կենսաթոշակ վճարելը, ապա կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար նրա հայրը (կենսաթոշակառուն) պետք է անձամբ դիմի կենսաթոշակ նշանակող տարածքային բաժին: Ընդ որում, այս դեպքում կվճարվի նաեւ չվճարված կենսաթոշակը դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակի իրավունք է ունեցել:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: