«Ելք»-ում ով ինչպես է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ «Ելք» դաշինքում երկար ժամանակ փորձում էին թաքցնել առկա տարաձայնությունները, այնուամենայնիվ, ճաքերն ակնհայտ են, եւ հիմա այս միավորումը կանգնած է պառակտման եզրին: Ու սխալված չենք լինի, եթե ասենք, որ այսքանից հետո հօդս ցնդեցին նաեւ «Ելք»-ի՝ մեկ կուսակցություն դառնալու եւ ընդդիմադիր դաշտը գրավելու ծրագրերը:

Ինչպես հայտնի է` «Ելք»-ում տարաձայնություններ կան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մեթոդների հարցում: Եւ պայքարի ձեւերի հարցում էլ առկա տարաձայնությունն էլ հանգեցրել է նրան, որ Նիկոլ Փաշինյանը` որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, իր պայքարը կսկսի: Նախօրեի երեկոյան «Ելք»-ի անդամ երեք կուսակցությունները՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» որոշել են առանձին-առանձին պայքար մղել՝ յուրաքանչյուրն իր մեթոդով:

Սակայն, ի վերջո, ի՞նչ է առաջարկել Նիկոլ Փաշինյանը, եւ ի՞նչն է պատճառ դարձել դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միջեւ անհամաձայնության: «Ելք»-ի ներկայացուցիչներն այժմ էլ պնդում են, որ Սերժ Սարգսյանի հետագա վարչապետությանը դաշինքի բոլոր ուժերն էլ դեմ են, սակայն տարբերվում են այն կանխելուն ուղղված քայլերի շուրջ տեսակետները:

Եւ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ նախօրեին տեղի ունեցած խմբակցության նիստը բավական բուռն է անցել: Նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ներկայացված ճանապարհային քարտեզով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու մասին, սակայն մյուս ուժերը դեմ են եղել: Ասել է, թե Ն. Փաշինյանն առանձին ճանապարհային քարտեզ է մշակել, այն էլ՝ «14+4» անվամբ, սակայն այն միանշանակ չի ընդունվել ոչ միայն ԼՀ-ի եւ «Հանրապետություն» կուսակցությունների, այլ նաեւ ՔՊ-ի որոշ անդամների կողմից:

Ինչպես տեղեկացանք` «14+4»-ը ենթադրում է 14-օր շուրջօրյա հանրահավաքներ եւ 4 օր նստացույց: Հենց այս շուրջօրյա հանրահավաքների շուրջ էլ կայացել են հիմնական բանավեճերն ու անհամաձայնությունները: Շուրջօրյա հանրահավաքներին եւ նստացույցերին կտրականապես դեմ է արտահայտվել Էդմոն Մարուքյանը: Նրա հիմնական մտավախությունը եղել է այն, որ այնքան մարդ չի լինի իրենց կողքին, որպեսզի կարողանան շուրջօրյա հանրահավաքներ իրականացնել: Նա կողմ է եղել պայքարել խորհրդարանում: Ավելին` որքան էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նշում է, թե իրենք փողոցային պայքարի կողմ են, սակայն Սերժ Սարգսյանի դեմ այս կուսակցությունում որոշել են պայքարել մեղմ միջոցներով, այն է՝ խորհրդարանում ելույթների կամ քվեարկությունների միջոցով: Սակայն ինչպես է Էդմոն Մարուքյանն այս կերպ պատկերացնում պայքարը, եթե քվեարկությամբ որեւէ կերպ չեն կարող ազդել գործընթացների վրա եւ միայն ելույթներ ունենալով` ինչերի՞ կարող են հասնել:

Ի վերջո, ԱԺ-ում մեկ անգամ է տեղի ունենալու վարչապետի քվեարկությունը եւ վերջ, ու իշխող ՀՀԿ-ի ձայները բավարար են, որպեսզի անգամ առանց կոալիցիոն գործընկերոջ օգնության վարչապետ ընտրեն ցանկացածին, անգամ ՀՀԿ տատիկին: Ընդդիմադիր համարվող խմբակցության պատգամավորները լավագույն դեպքում ԱԺ ամբիոնից քննադատական ելույթներ կհնչեցնեն, որոնք գրոշի արժեք չեն ունենա. ընդամենը կապահովեն գեղեցիկ շոուն, ԱԺ-ում բազմակարծության էֆեկտը եւ վերջ:

Հանրահավաքների միջոցով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին «Հանրապետություն» կուսակցությունը, ի դեմս Արամ Սարգսյանի, կողմ է, սակայն շուրջօրյայի հետ կապված նա եւս մտահոգություններ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` խմբակցության նիստի ժամանակ այս մտահոգությունների մասին եւս բարձրաձայնվել է, այդ թվում նաեւ Արամ Սարգսյանի կողմից, սակայն Նիկոլ Փաշինյանի կողմից այդ տեսակետն այդպես էլ չի ընդունվել, այլ հակառակը, վերջինս վստահաբար հայտարարել է, թե իրենց կուսակցությունն անգամ միայնակ կարող է մարդկանց փողոց բերել: Իհարկե, այսպիսի հայտարարությունը դաշինքի մաս կազմող մյուս անդամներին շատ է վիրավորել, եւ վերջիններս իսկապես որոշել են Նիկոլ Փաշինյանին միայնակ թողնել՝ տեսնելու համար, թե ինչ կարող է անել: Բանն այն է, որ դաշինքի մաս կազմող մյուս ուժերը ցանկանում են առաջնահերթ մեկ մեծ հանրահավաք անցկացնել, հասկանալ մարդկանց տրամադրությունները եւ հետո միայն ճանապարհային քարտեզ մշակել կամ շուրջօրյա հանրահավաքների մասին որոշում կայացնել:

Եվ չնայած ԼՀ-ն եւ «Հանրապետությունը» ընդհանուր առմամբ կողմ են արտահայտվել փողոցային պայքարին, սակայն այս փուլում առանձին այդպիսի պայքար սկսելու որոշում նրանցից ոչ մեկն էլ չունի: Դաշինքում առկա է երեք կուսակցություն, երեք ճանապարհային քարտեզ, սակայն այդպես էլ մեկ ընդհանուր հայտարարի գալ չի լինում: Եվ այս պարագայում բնականաբար ի հայտ են գալիս անձնական ամբիցիաներ եւ անցյալի փորձ: Այն, որ «Լուսավոր Հայաստան»-ը չէր միանալու փողոցային պայքարին, հայտնի էր դեռ վաղուց: Առհասարակ, այս կուսակցության կազմում առկա անձանց՝ ընդդիմադիր դաշտում գործելը շատերի զարմանքն ու կասկածն էր առաջացրել: Եվ այս փուլում այդ կասկածները հաստատվեցին: «Հանրապետություն» կուսակցության պարագայում Նիկոլ Փաշինյանին չմիանալը զարմանալի էր շատերի կողմից: Նրանք ավելի շատ երկու քարի արանքում են գտնվում. կողմ են փողոցային պայքարին, սակայն չգիտեն, թե որ տարբերակն է ճիշտ՝ մտավախություն ունենալով, թե մարդիկ իրենց հետեւից չեն գա:

Այս պարագայում, երբ այս կարեւոր հարցի շուրջ կիսվում են դաշինքի տեսակետները, պարզ է, որ ամեն ինչ նախկինի պես չի լինելու: Եվ մինչ հուշագրի ստորագրումը եղած ամպագորգոռ հայտարարություններն ի չիք եղան: Եվ այս պարագայում այդպես էլ երազանք կմնա «Ելք»-ի՝ մեկ կուսակցություն դառնալու նպատակը, որի մասին մեծ-մեծ խոսում էին ԱԺ ընտրություններից առաջ ու հետո` անգամ մյուս ուժերին հրավիրելով միանալ իրենց: Հավելենք, որ հետաքրքիր զուգադիպությամբ արշալույսները խաղաղ չեն նաեւ ավագանու համանուն խմբակցությունում:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարն է, ու ստացվում է` նա նույն այդ խմբակցությունում չի կարող անցկացնել իր քաղաքական գիծը: Սա պարզապես արձանագրում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս