Հարց քաղաքացիներից` եթե մարտին լրացել է երեխայի 2 տարեկանը, ապա մայրը կարող է ապրիլին ստանալ մայրական նպաստ

ՀԱՐՑ. Մարտի 15-ին լրացավ երեխայիս 2 տարեկանը: Ես գտնվում եմ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում եւ ամսական ստանում եմ 18.000 դրամ: Խնդրում եմ ասեք` արդյո՞ք ես ապրիլին նույնպես ստանալու եմ 18.000 դրամ: Ուզում եմ իմանալ, ո՞ր ամիսն է հաշվարկվելու որպես վերջին վճարվող ամիս:

Լիաննա Պողոսյան (29 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լիաննա Պողոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի` խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է մինչեւ երեխայի երկու տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան խնամքի արձակուրդն ավարտվելը կամ օրենքով սահմանված` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը:
Օրենքի 28.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է երեխայի երկու տարեկանը լրանալու դեպքում: Այս հիմքով խնամքի նպաստ ստանալու իրավունքը, համաձայն նույն հոդվածի 2-րդ մասի, դադարում է համապատասխան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
Ելնելով վերոգրյալից` եթե Լ. Պողոսյանի երեխայի երկու տարեկանը լրանում է մարտի 15-ին, ապա նրա խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է ապրիլի 1-ից, այսինքն` խնամքի նպաստ ստանալու վերջին ամիսը մարտն է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է` 1) երեխայի 2 տարեկանը լրանալու; 2) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղավորելու; 3) ծնողի աշխատելու, բացառությամբ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարելու; 4) ծնողի` աշխատանքից ազատվելու; 5) երեխայի եւ ծնողի` ՀՀ-ից 6 ամիս եւ ավելի ժամկետով բացակայելու; 6) երեխայի կամ խնամքի արձակուրդում գտնվող դիմողի մահվան դեպքերում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: