Նրանց թվում էր` լրագրողներով գնալու էի հորս թաղմանը, ու իրենք փիար անեին, թե ինչ ընտիր թաղում են կազմակերպել․ Նաիրա Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս անանուն նամակ էր տարածվել, որտեղ հեղինակը պնդում էր, որ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը ներկա չի եղել իր հոր հոգեհանգստին, փոխարենը հաջորդ օրը՝ մարտի 16-ին, մեծ շուքով նշել է իր ծննդյան օրը: Նաիրան, պատասխանելով նամակին, նշել է, որ տեղյակ չի եղել հոր մահվան մասին, եւ չի հիշում, թե հորը վերջին անգամ երբ է տեսել. «Վերջերս ասացին, որ վատառողջ է, երեսուն տարվա մեջ չունենալով ոչ մի շփում նրա հետ՝ ես գնացի եւ տեսա նրան ծերանոցում»,-տեղեկացրել էր դերասանուհին: Դրանից հետո արդեն Նաիրան տարածեց հայտարարություն, որտեղ գրել էր, որ քույրը սպառնացել է սպանել իրեն. «Ես զանգահարեցի, որպեսզի հարցնեմ, թե ինչու տեղյակ չեն պահել հորս մահվան լուրի մասին, ինձ պարզապես սպառնացին՝ ասելով, որ կսպանեն։ Ինչ է՝ ես ասել եմ, որ նա եղել է ծերանոցում»։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Նաիրա Մովսիսյանի հետ:

-Նաիրա՛, Դուք, փաստորեն, Ձեր հոր հետ շփում չե՞ք ունեցել:

-Ես իմ հայրիկին ճանաչում էի, մինչեւ հինգ տարեկանն ապրել եմ նրա հետ, բայց հետո շփում չի եղել մեր մեջ:

-Ինչո՞ւ:

-Դա իր անձնական որոշումն էր, մայրս չի արգելել մեզ շփվել, ես էլ իմ հերթին միշտ ձգտել եմ շփվել:

-Այս աղմուկն, ըստ Ձեզ, ինչո՞ւ բարձրացավ:

-Ճիշտն ասած՝ չգիտեմ: Հիմա այդ նույն հարցը ես եմ տալիս ազգիս: Երբ ես լավ էի, բալիկ ունեցա, մեր ցեղում լիքը մարդ մահացավ, ինչո՞ւ իմ ցեղից ոչ ոք ներկա չէր:

-Ձեր հայրը չի՞ արձագանքել Ձեր՝ երեխա ունենալուն:

-Բացարձակ:

-Ձեր խորթ քույրը ինչո՞ւ որոշեց սպառնալ: Միայն այն բանի համար, որ տեղեկացրել էիք, որ Ձեր հայրը ծերանոցո՞ւմ է:

-Այո՛, ինձ սպառնացին, որ կխեղդեն, կմորթեն, կսպանեն, կլացացնեն, որ ասել եմ՝ հորս տարել են ծերանոց, այնինչ` դա, նրանց խոսքով, խնամքի կենտրոն է: Բայց ես նորից բարձրաձայնում եմ՝ տվյալ խնամքի կենտրոնը նույն ծերանոցն է: Ամեն դեպքում, այդ հայտարարությունը տարածողները իրենք փոսն ընկան, ոչ թե ես:

-Դուք, այնուամենայնիվ, այցելե՞լ եք այնտեղ:

-Այո՛, երբ քույրս զանգահարեց, ասաց, որ պապան մահամերձ է, ես, մոռանալով, որ այդ մարդու հետ շփում չեմ ունեցել, գնացի, հասա այնտեղ: Նույնիսկ աշխատողները հարցրին, թե ինչու են նրան բերել ծերանոց եւ ասացին՝ ուզու՞մ եմ՝ չասենք, որ այցելել եք, ասացի՝ ոչ, ասեք, ի՞նչ կա այդտեղ չասելու:

-Դուք ծա՞նր եք տարել այս բոլոր խոսակցությունները:

-Ես սթրես ապրեցի, որ տեղյակ չեն պահել հորս մահվան մասին: Վերջիվերջո, նա իմ արյունն է, ներկա կգտնվեի թաղմանը, թե ոչ, չգիտեմ, բայց ես միշտ ասել եմ, որ իմ պատկերացրած պապայի հետ միասին եմ եղել մտքումս: Տեսակով էլ պապայի աղջիկն եմ:

-Ձեր խորթ քույր-եղբայրներից որեւէ մեկի հետ կապ չունեք, որքանով հասկացա:

-Ո՛չ, մի եղբայրս ու քույրս ուրիշ կնոջից են, երկու եղբայրներս՝ ուրիշ: Առաջիններին մայրս է պահել շատ տարիներ, բայց իրենք մինչեւ այսօր չեն ընդունում դա: Ես էլ եմ իրենց հետ ապրել, հիշում եմ: Հետագայում որքան փորձել ենք շփվել, մի բան խանգարել է: Տան հարց է բացվել, հայավարի թեմաներ եւ այն:

-Այն տունը, որտեղ հիմա ապրում եք, ու՞մն է:

-Իմն է ու մայրիկինս:

Ձեր խոսքը՝ Ձեր խորթ քույր-եղբայրներին:

-Թող աստված օրհնի իրենց ընտանիքը, թող այնքան երջանիկ լինեն, որ իմ ժամանակը չունենան եւ չփորփրեն այն, ինչն իրենց է վատ, ոչ թե ինձ: Այս աղմուկն ինձ համար փիար եղավ, մենեջերս ասում է՝ համացանցում վատ մեկնաբանություններ գրողները քո ցեղից են, լավ մեկնաբանություններ գրողները՝ անծանոթներ: Ոմանք գրել են, որ արժանի չեմ Մովսիսյանների ցեղին, բայց ասեմ, որ մեր ցեղում շատերն ունեին շնորհք, բայց ես միակն եմ եղել, ով հաղթահարել է «ադաթական պատն» ու ընդունվել Թատերական ինստիտուտ: Ասեմ նաեւ, որ եթե իմանայի հորս մահվան մասին ու չգնայի, ոչնչով չէի տարբերվի իմ ցեղից, որովհետեւ իմ հարազատ հորաքույրը` իմանալով, որ իր մայրը մահացել է, տարիներ առաջ չի գնացել թաղմանը:

-Եվ վերջում՝ կարելի՞ է ասել, որ Ձեր անունն անտեղի շահարկվեց:

-Իհարկե, թող մյուս երեխաներից էլ խոսեն, ինչո՞ւ են միայն ինձնից խոսում: Երեւի իրենց թվում էր, որ լրագրողներով գնալու եմ հորս թաղմանն, ու իրենք փիար անեին, թե ինչ ընտիր թաղում են կազմակերպել: Այս թեման փակում եմ: Ես շատ երջանիկ եւ ուրախ եմ այն ամենով, ինչ ստեղծել եմ՝ առանց այդ ցեղի ներկայացուցիչներից որեւէ մեկի մասնակցության:

Անի Անտոնյան




Լրահոս