ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԱԲԱՑՈՒՄ Է ՄԱՐՏԻ 1-Ի ԷՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի սպանդից տասը տարի անց այս քրեական գործով ուշագրավ տեղաշարժ է սկսվել: Այս թեմայի վրա տեւական ժամանակ տաբու էր դրված: Բայց այդ իրադարձությունների տասներորդ տարելիցին ընդառաջ` նախ խորհրդարանում այդ թեմայով անցկացվեցին լսումներ, ԱԺ առաջիկա քառօրյայում էլ նախատեսված են այդ թեմայով «Ելք» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քննարկումները:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էր, թե ինչ է անելու դատախազությունը 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցի հետ, ինչի մասին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրել էր իր դիմումում: Ի պատասխան մեր հարցման` դատախազությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ այդ զեկույցը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Հիշեցնենք, որ այն վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին»:
Ստացվում է՝ իշխանությունները համաձայնել են իրավական քննության առարկա դարձնել ներքաղաքական իրադարձություններին զինված ուժերի ներգրավման թեման` կասկածի տակ դնելով այդ օրերին գործող իշխանության քայլերի օրինականությունն ու սահմանադրականությունը, մանավանդ, որ նախկին փաստահավաք խմբի անդամներն անառարկելի փաստեր ու հիմնավորումներ էին ներկայացրել:
Սա, ինքներդ եք հասկանում, պատահական չէ. ե՛ւ ԱԺ-ում լսումները, ե՛ւ հիմա դատախազության քայլը չէր կարող տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի իմացության ու համաձայնության: Ու ստացվում է՝ Սերժ Սարգսյանը, որ դեռ 2011թ. ապրիլին «Հայ ազգային կոնգրեսի» պահանջով հանձնարարել էր վերանայել Մարտի 1-ի գործը, նորից վերաբացում է այդ թեման: Այն ժամանակ այդպես էլ առարկայական քայլեր չարվեցին: Բայց հիմա միայն փաստահավաք խմբի զեկույցն ուսումնասիրության առարկա դարձնելը կարեւոր իրողություն է: Հավանաբար սա արվում է նաեւ սլաքները Ռոբերտ Քոչարյանի կողմն ուղղելու եւ պատասխանատվությունը նրա վրա դնելու համար. չէ՞ որ այդ օրերին ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարը Քոչարյանն էր, հետեւաբար բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել նրա հրամաններով:
Հիշեցնենք, որ այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Միքայել Հարությունյանն էր, իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ Սեյրան Օհանյանը՝ այսօրվա ընդդիմադիր գործիչը:

 

 

 

Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ դադարեցվել են «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները: Պաշտոնական պատճառը դատավորի առողջական խնդիրներն են: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատական համակարգից Օհանյանի հեռանալը պատահական չէ. «Սասնա ծռերի» գործը քննող դատավորն իսկապես ունեցել է առողջական խնդիրներ: Բայց հրաժարականի դիմումը պայմանավորված է մեկ այլ հանգամանքով: Օհանյանը մինչ այդ զբաղեցրել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը: Եւ այն բանից հետո, երբ Երեւանի դատարանները միավորվեցին` դառնալով մեկ ընդհանուր իրավասության դատարան, Օհանյանը ցանկացել է դառնալ միավորված դատարանի նախագահ, բայց չի ստացվել. այդ պաշտոնում նշանակվեց Ռուբեն Վարդազարյանը: Դրա համար էլ Օհանյանը որոշեց դուրս գալ համակարգից: «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ արդեն նախկին դատավոր Արթուր Օհանյանի հայրը՝ Ռադիկ Օհանյանը, մոտ երեք տարի է՝ մեղադրյալի աթոռին է՝ երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում յուրացումների գործով:

 

 

 

Ժամանակին, երբ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, նրա առաջ հստակ պահանջներ էին դրվում. «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախկին ընդդիմադիր պատգամավորից պահանջում էին քայլեր ձեռնարկել քիմիական հսկայի վերագործարկման ուղղությամբ: Արծվիկ Մինասյանից նաեւ պահանջում էին մենաշնորհների դեմ պայքարել, եւ երբ ՀՅԴ-ական նախարարը նոր էր նշանակվել, անգամ լրագրողների օգնությանն էր դիմել` խնդրելով իրենց իրազեկել մենաշնորհների մասին: Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալուց հետո Արծվիկ Մինասյանին նշանակեց բնապահպանության նախարար: Իսկ այժմ էկոնոմիկայի, հիմա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնը զբաղեցնում է Սուրեն Կարայանը: Բայց, ինչպես ցույց են տալիս «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները, հիմա ո՛չ հասարակությունը, ո՛չ քաղաքական ուժերը Կարայանից չեն պահանջում այն, ինչ պահանջում էին Մինասյանից: Պատճառը, թերեւս, նախարարից ակնկալիքների բացակայությունն է. նրան չեն վստահում եւ նրա հետ հաշվի չեն նստում:

 

 

 

Ապրիլի 17-ին` ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ, «Ծառուկյան» խմբակցությունը փաստի առաջ է հայտնվելու: Այդ ընտրություններն անցկացվելու են բաց քվեարկությամբ, եւ հստակ երեւալու է, թե պատգամավորներից ով ինչպես է քվեարկել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ի տարբերություն ԱԺ-ում երկրի նախագահի ընտրության, երբ կողմ պետք է քվեարկեր պատգամավորների 3/5-րդը, վարչապետի դեպքում անցողիկ շեմը բավական ցածր է: Վարչապետն ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ հարկավոր է 53 կողմ քվե: Ինչպես հայտնի է` ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի 58 պատգամավոր, եւ նրանց քանակը բավարար է անգամ` առանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի օգնության իրենց վարչապետի թեկնածուին անցկացնելու համար: Վարչապետի հավանական թեկնածու համարվում է Սերժ Սարգսյանը, ու հիմա հետաքրքիր է՝ նրա ընտրության ժամանակ ինչպես իրեն կպահի «Ծառուկյան» խմբակցությունը եւ ինչպես կհիմնավորի այդ քվեարկությունը: Հիշեցնենք, որ պաշտոնապես այս խմբակցությունը ընդդիմադիր է:

 

 

 

ԱԺ-Ն ԱՄՈՐՁԱՏԵԼԻՍ
Սահմանադրական փոփոխությունների ողջ ընթացքում իշխանությունները միաբերան համոզում էին, թե այդկերպ բարձրացնում են խորհրդարանի դերը:
Հետագա գործընթացները եկան ապացուցելու միանգամայն հակառակը, եւ որ միանշանակ ճիշտ էին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ուժերի պնդումները, թե այդ գործընթացի նպատակը Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրությունն է, ուրիշ ոչինչ: Ապացուցվեց, որ խորհրդարանի դերն այս ընթացքում ոչ միայն չբարձրացավ, այլեւ ԱԺ-ն վերածվում է արդեն ոչ թե կառավարության կցորդի, այլ գործադիրի կույրաղիքի:
Շատ է խոսվել այն մասին, որ ՀՀԿ իշխանության տարիներին ԱԺ-ն դարձել է կառավարության կամակատարը, միակ գործառույթը կոճակ սեղմելն է՝ հլու-հնազանդ վավերացնելով բերված օրինագծերը:
Նոր Սահմանադրության պայմաններում խորհրդարանին ուղղված ապտակ էր ազգային անվտանգության խորհրդի կազմից ԱԺ նախագահին դուրս թողնելը:
Հիմա ԱԺ-ին պատրաստվում են հասցնել եւս մեկ ապտակ, շատ ավելի նվաստացուցիչ ու դաժան. ՀՀ արդարադատության նախարարությունը «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագծում պատրաստվում է ամրագրել դրույթ, որով կսահմանափակվի պատգամավորների մասնակցությունը կառավարության նիստերին, մինչդեռ հիմա պատգամավորներն ունեն նման իրավունք: Բայց նոր օրենքով այդ իրավունքը կհանվի: Ավելին` կառավարության նիստին մշտական մասնակցության հնարավորություն սահմանված չէ նաեւ մարդու իրավունքների պաշտպանի, Երեւանի քաղաքապետի, գլխավոր դատախազի համար: Այս պաշտոնյաները կառավարության նիստերին կարող են մասնակցել վարչապետի հրավերի դեպքում. նույնը հավանաբար կլինի նաեւ ԱԺ պատգամավորների պարագայում:
Համաձայնեք` խորհրդարանին մինչեւ վերջ նվաստացնելու ավելի դաժան եղանակ դժվար էր մտածել: Բայց շատ ավելի դաժան է այն փաստը, որ ԱԺ պատգամավորներին իրավունքներից զրկում են իրենց իսկ ձեռքով` պարտադրելով կողմ քվեարկել այդ օրինագծին: Սա նույնն է, թե պատգամավորներին ստիպեն ստորագրել իրենց գնդակահարության վճիռը:
Այնինչ` խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում ենթադրվում էր լայն լիազորություններ հենց խորհրդարանի անդամների համար: Առավել եւս, երբ այդ լիազորությունը ենթադրում է, որ պետական կառավարման համակարգի առանցքային մարմիններից մեկը՝ օրենսդիրը, դիտորդի կարգավիճակով մասնակցում է գործադիրի նիստերին, եթե, իհարկե, մասնակցում են: Այս ընթացքում հատուկենտ պատգամավորներ են, որ ներկա են գտնվել կառավարության նիստերին:




Լրահոս