ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ, ԵՐԲ ԱԳՆ-Ն ՍԽԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Վաշինգտոն շարունակում է բոլորի ուշադրության կենտրոնում մնալ: Բանն այն է, որ հայ պատգամավորների այցն ԱՄՆ որակվել է «աննախադեպ» եւ «պատմական»: Սակայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր խորհրդարանական պատվիրակությունները բազմիցս այցելել են ԱՄՆ, այնպես որ այստեղ «աննախադեպ» որակումը, մեղմ ասած, տեղին չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` խորհրդարանական պատվիրակության անդամների կողմից հնչող հայտարարությունների պատճառը եղել է չիմացությունը, քանի որ ՀՀ ԱԳՆ-ի կողմից խորհրդարանականներին տրված տեղեկանքում որեւէ խոսք չի եղել նախորդ տարիների, այդ թվում՝ Գերագույն խորհրդի պատգամավորների` ԱՄՆ կատարած այցի մասին: Այդ տեղեկանքում, մեր տեղեկություններով, առկա է եղել միայն արտաքին գործերի նախարարի՝ 1993 թվականին ԱՄՆ կատարած այցի մասին տեղեկատվություն, խորհրդարանականների այցի մասին տեղեկատվություն առկա չի եղել:
Ինչո՞ւ նման իրավիճակ ստեղծվեց: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱՄՆ մեկնած պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Տիկի՛ն Զոհրաբյան, այս օրերին շատ է քննարկվում խորհրդարանական պատվիրակության այցն ԱՄՆ, եւ պատվիրակության անդամներից շատերն այցը որակեցին պատմական: Դուք ե՞ւս այդպիսի տեսակետ ունեք:
-Ես հայկական խորհրդարանական պատվիրակության այցն ԱՄՆ համարում եմ շատ կարեւոր, շատ հաջողված: Ինչ վերաբերում է պատմական եւ նման գնահատականներին, եկեք այդ պատմությունը թողնենք պատմաբաններին: Բայց որ այցն իսկապես կարեւոր էր եւ այցն իսկապես հաջողված էր, եւ մենք կարողացանք Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հիմնական մեսիջները քննարկել Ամերիկայի կարեւորագույն ինստիտուտներում, որ լուրջ քննարկումներ տեղի ունեցան թե՛ հայ-ամերիկյան հարաբերությունների նոր օրակարգ ստեղծելու, թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի ներքաղաքական խնդիրների եւ տնտեսական հարցերի վերաբերյալ, դա եւս փաստ է: Ուստի ես կրկնում եմ, որ այս առումով այցը ես համարում եմ, որ այն եզակի այցերից մեկն է, որի արդյունավետությունը ես գնահատում եմ բավականաչափ արդյունավետ:
-Թե՛ Դուք, թե՛ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, թե՛ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ասել էիք, որ խորհրդարանական պատվիրակության այց Հայաստանի անկախությունից այս կողմ չէր եղել, մինչդեռ 1993 թվականին Բագրատ Ասատրյանի գլխավորությամբ խորհրդարանական պատվիրակություն էր մեկնել ԱՄՆ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Գիտե՛ք, ես այստեղ առանձնակի մեծ ողբերգություն եւ նման աղմուկի առիթ չեմ տեսնում: Համենայնդեպս, որքան ես տեղյակ եմ, իսկ ես կարծում եմ` տեղյակ եմ, Արտաքին գործերի նախարարության պատրաստած տեղեկանքում 1993 թվականի նման այցի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկար: Ես շատ գնահատում եմ այդ թվականի մեր խորհրդարանականների այցը, եւ բացարձակ որեւէ մեկս միտում չենք ունեցել անտեսելու կամ նվազեցնելու այդ այցի կարեւորությունը, եթե մեզ տրամադրվեր տեղեկատվություն նշյալ անձի վերաբերյալ:
-Եթե ԱԳՆ-ի կողմից տրված տեղեկանքն է նման որակումների առիթ հանդիսացել, ստացվում է՝ պատվիրակության անդամները մոլորության մե՞ջ են եղել:
-Գիտե՛ք, ես չէի ցանկանա, որ ԱՄՆ այս կարեւորագույն այցը մենք կենտրոնացնենք ընդամենը պարզ թյուրիմացության վրա: Եվ ինձ համար բացարձակ հասկանալի չէ, որ այդ իսկապես այցի ժամանակ քննարկված կարեւորագույն խնդիրները, որոնք վերաբերում էին հայ-ամերիկյան հարաբերություններին, տարբեր ասպեկտներին, որոշ անձանց կողմից փորձ է արվում տրանսֆորմացնել ընդամենն` այս պատվիրակությունից առաջ պատվիրակություն եղել է, թե չի եղել: Եղել է, շատ լավ, ողջունում ենք, գնահատում ենք, բայց դա անլուրջ վերաբերմունք է որոշ մարդկանց կողմից, երբ այս այցի ժամանակ լրջագույն օրակարգային հարցեր են քննարկվել, բերել, հանգեցրել նրան, թե այս պատվիրակությունից առաջ եղել է, թե չի եղել: Թյուրիմացություն է տեղի ունեցել եւ ասելով, թե չի եղել, ես եւ իմ գործընկերները վիրավորել ենք Գերագույն խորհրդարանի մեր պատվիրակներին դրանով զուտ այն պատճառով, որ մեզ տրված տեղեկանքի մեջ չի եղել, ես ներողություն եմ խնդրում իրենցից: Բայց ես բացարձակ անլուրջ եմ համարում այդ կարեւորագույն այցի բովանդակությունը հանգեցնել նրան՝ եղե՞լ է մեզանից առաջ խորհրդարանական պատվիրակություն, թե՞ ոչ:
-Բայց այդ թյուրիմացությունը պետք է անհետեւա՞նք մնա: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:
-Ես չեմ կարծում, որ սա այնպիսի խնդիր է, որին պետք է ինչ-որ լուրջ հետաքննություն ծավալել եւ փորձել ինչ-որ պատժամիջոցներ կիրառել: Սա ես համարում եմ ընդամենը զուտ տեխնիկական վրիպակ, ոչ ավել: Բայց կարծում եմ` նման տեղեկանք պատրաստողները պետք է պարտաճանաչ լինեն իրենց պարտականությունները կատարելիս:
-ԱԳՆ-ի կողմից միտում չե՞ք տեսնում:
-Միանշանակ՝ ոչ: Որեւէ միտում ես վստահաբար չեմ տեսնում, որ թաքցրած լինեին, որ 1993 թվականին հայ խորհրդարանականներն այցելել են ԱՄՆ: Անլուրջ է այստեղ որեւէ միտում տեսնելը:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

«ՀԱՑԱԴՈՒԼԸ ԽԱՇԻ ԿԱՄ ԳԱՐԵՋՈՒՐ ԽՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՉԷ»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էր, ապրիլի 9-ին հացադուլ կսկսի` այդպիսով կոչ ուղղելով քաղաքացիներին ոտքի կանգնել եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը արդեն վարչապետի կարգավիճակում: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արամ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, ՀՀԿ-ն, ըստ Ձեզ, շա՞տ կազդվի Ձեր հացադուլից:
-Իմ խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն ազդվի: Ինձ համար կարեւոր է, որ քաղաքական ուժերը եւ ժողովուրդն ահազանգ ստանան եւ օգտվեն այն բացառիկ հնարավորությունից, որ ստեղծվել է Հայաստանում: Նկատի ունեմ, որ իշխանությունը քաղաքականապես կլինիկական մահ է տանում: Այդ իմաստով շատ կարեւոր է, որպեսզի քաղաքական ուժերը միասնական հանդես գան, ինչը կխթանի, որպեսզի ժողովուրդը հրապարակ գա եւ փորձի ձախողել վարչապետի ընտրությունը:
-Իսկ չարժե՞ր, որպեսզի հիմա սկսեիք հացադուլը:
-Կարեւոր է, որ դա արվի հենց ապրիլի 9-ից 16-ը, երբ Սերժ Սարգսյանը զրկվում է լծակներից: Կարելի է հիմա էլ նստել, մի տարի առաջ էլ: Լավ կլինի, որ այդ օրերին… այնպես չլիներ, որ մի ամիս հացադուլի մեջ լինեի: Կարեւոր է, որպեսզի, ինչպես ասում են` ֆորմայի մեջ լինենք, որովհետեւ այստեղ միայն հացադուլի նստելը չէ խնդիրը, այլ ելույթներն են, էներգետիկա ապահովելը:
-Այսինքն` նախատեսում եք մե՞կ շաբաթով հացադուլ անել:
-Ես ենթադրում եմ, որ հաստատ ավելի շուտ չի ավարտվի: Շատ հնարավոր է` հարցերը արագ լուծվեն. այնպիսի դեպքեր լինեն, որ երկար հացադուլի կարիք էլ չլինի: Այսինքն` իշխանությունները հանձնվեն. Հանրապետականը չառաջադրվի, խոսք գնա արտահերթ ընտրությունների նշանակման մասին:
-Հույս ունե՞ք, որ ՀՀԿ-ն Ձեր հացադուլի արդյունքում արտահերթ ընտրություններ կնշանակի:
-Եթե քաղաքական ուժերը եւ ժողովուրդը միահամուռ լինեն, խնդիրները կարելի է լուծել անգամ 10 հոգով, եթե նրանք կանգնած են եւ տարբեր պատճառներով տուն չեն գնում, կամ այնպես չի լինում, որ տնից դուրս չեն գալիս:
-Վերջին տարիներին հացադուլ անող գործիչներ շատ են եղել: Հացադուլի միջոցով քանի՞ հոգու է հաջողվել խնդիր լուծել:
-Ես մաթեմատիկոս եմ եւ ցանկացած քայլ անում եմ այնպես, որ վաղվա իմ ասածն այսօրվա ասածի հետ հակասության մեջ չլինի: Եվ չեմ ուզում նախորդ հացադուլավորներին գնահատական տալ: Երբ ասում ենք համակարգի փոփոխություն, դա հիմնականում նշանակում է Սերժ Սարգսյանի փոփոխություն: Ընդ որում, այդ մեկ մարդը շատ թույլ է լեգիտիմության իմաստով. ժողովրդի մեջ որեւէ վստահություն չունի, իշխանության մեջ էլ ատում են իրեն: Սերժ Սարգսյանի երկարակեցության գաղտնիքն այն է, որ նա չունի սկզբունքներ եւ չի կրում որեւէ գաղափարախոսություն: Այսինքն` իր համար շատ հեշտ է եղել մանեւրելը: Բայց ամեն ինչ վերջ ունի, եւ իր վերջը շատ ավելի վատ է լինելու, քան իր վատագույն երազներում կարող է տեսնել:
-Րաֆֆի Հովհաննիսյանն էլ բավական ստաժ ունի` հացադուլ անելու առումով: Գուցե իրե՞ն էլ հրավիրեք, միանա Ձեզ:
-Գիտեք ինչ, սա խաշի կամ գարեջուր խմելու գործընթաց չի, որ հրավիրեմ որեւէ մեկին, ոչ էլ կարող եմ արգելել: Ով կմիանա, ես միայն ուրախ կլինեմ:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԱՆՆԿԱՏ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ
Ազգային ժողովի՝ մարտի 6-ին գումարված նիստում պատգամավորները բազմաթիվ նախագծեր են քննարկել եւ քվեարկել, որոնք սակայն հանրային ուշադրությունից դուրս են մնացել՝ նիստում ընդգրկված այլ հարցերի կողքին: Դրանց թվին է պատկանում նաեւ «Հանրային Ծառայության մասին» օրենքը, որը խորհրդարանում ընդունվել է 64 կողմ, 32 դեմ ձայներով: Այս օրենքով ամրագրվում էր նաեւ պետական գերատեսչություններում մամուլի քարտուղարների եւ լրատվության կամ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատանքը: Մասնավորապես ամրագրված է, որ այդ երկու պաշտոնները պետք է միավորվեն: Բացի այդ` հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը դառնալու է հայեցողական: Այդ պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ: Նախագծի նախնական տարբերակում ամրագրված է եղել նաեւ 30 տարին լրացած լինելու հանգամանքը, սակայն նախագծի վերջնական տեսքում այն հանվել է: Սակայն սա միակ փոփոխությունը չէ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն առաջարկել է փոփոխել խորհրդականի պաշտոնին վերաբերող դրույթը: Օրենքում ամրագրված է, որ խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ ունեցող եւ 30 տարին լրացած անձինք: ԱԺ փոխնախագահն անընդունելի է համարել այսպիսի սահմանափակումն այն դեպքում, երբ պատգամավոր լինելու համար նախատեսված է 25 տարեկանը: Նա առաջարկել է հանել տարիքային սահմանափակումն ու որպես ստաժ հաշվարկել նաեւ քաղաքացիական ծառայության ստաժը:

 

 

ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ
Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը ներկա է լինելու մարտի 19-ին կայանալիք ավագանու հերթական նիստին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը: Հարցին` արդյո՞ք նոր վեճ կլինի ավագանու ՀՀԿ-ական անդամների հետ, թե խաղաղ կանցնի, Խաչատրյանն ասաց. «Չգիտենք` ի՞նչ է լինելու»: Հիշեցնենք, որ փետրվարի 13-ի նիստում Մարինա Խաչատրյանը կոյուղաջրով լի տարայով մոտեցել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Սակայն Մարգարյանի՝ «դեմն առեք» հրահանգով քաղաքապետարանի աշխատակիցներն ու ավագանու անդամները հարձակվեցին Մ.Խաչատրյանի վրա` սադրելով միջադեպ, արդյունքում եղավ քաշքշուկ, եւ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամին ՀՀԿ-ականները ծեծի ենթարկեցին: ՀՀԿ-ականներն արդեն լուրեր են տարածում, որ իրենք էլ պատրաստվում են ԵԾ անդամների դեմ քայլեր անել ավագանու առաջիկա նիստին:




Լրահոս