ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՇԽԱՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. գարնան առաջին օրը Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարեց 2009թ. կնքված հայ-թուրքական արձանագրությունները: Հայաստանի արտաքին քաղաքական խոշորագույն այս իրադարձությունը, սակայն, լայն արձագանք այդպես էլ չստացավ: Մինչդեռ խորհրդանշական է, որ Սերժ Սարգսյանը հենց մարտի 1-ին` իր իշխանությունը զենքի ուժով հաստատելու 10-ամյակին, փակեց բացառապես արտաքին լեգիտիմություն ստանալու համար նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտության» էջը:

Նախ նկատենք, որ Սերժ Սարգսյանը, չեղարկելով արձանագրությունները, փաստորեն, ի կատար ածեց աշնանը իր տված խոստումը, ինչը հաճախ պատահող երեւույթ չէ Սարգսյանի քաղաքական կենսագրության մեջ: Սակայն այդ խոստման իրագործումը կատարվեց այնպիսի մի պահի, որպեսզի հանրության ուշադրությունն անհրաժեշտ չափով չկենտրոնանա դրա վրա: Մարտի 1-ը 2008թ. արյունալի իրադարձությունների 10-րդ տարելիցն էր, որի վրա էր սեւեռված քաղաքացիական հասարակության ուշադրությունը, իսկ հաջորդ օրը խորհրդարանում տեղի ունեցավ Արմեն Սարգսյանին ՀՀ 4-րդ նախագահ կարգելու գործընթացը: Նման իրավիճակում լիովին բնական էր, որ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը չպետք է դառնար հանրային լայն քննարկման առարկա` առավել եւս հաշվի առնելով դրա արտաքին քաղաքական բնույթը, որը հեռու է հասարակությանը հուզող առօրյա-կենցաղային խնդիրներից: Եվ Սարգսյանի հաշվարկն էլ լիովին պարզ էր, քանզի արձանագրությունների չեղարկումը նշանավորում էր նրա նախագահության հիմնարկեքը համարվող նախաձեռնության տապալումը: Բավական է ասել, որ այդպիսի վիթխարի ձախողումը արեւմտյան ժողովրդավարական երկրներում անխուսափելիորեն կհանգեցներ իշխանության հրաժարականին: Մինչդեռ հայաստանյան համատարած անպատասխանատվության պայմաններում Սարգսյանը որեւէ մեկին հաշվետու չէ եւ ունակ է սոսկ հայտարարելու, որ առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման էլ կարելի է զարգանալ:
Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի, ինչպես ՀՀԿ-ականները կասեին` «չերչիլա-դըգոլյան» անհետեւողականությունը սեփական մտքերի ու հայտարարությունների նկատմամբ, հարկ է հիշատակել նրա իրական կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ, որը նա բարձրաձայնել էր դեռեւս 2005թ. ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆրեյդի առաջ. «Հայաստանի բարգավաճումն ու զարգացումը, վերջիվերջո, կախված է Թուրքիայի հետ սահմանների բացումից, որը մեզ կդարձնի երեք անգամ ավելի ազատ, քան կանք այժմ»: Ելնելով 2005թ. Սարգսյանի համոզմունքից` Հայաստանը, հեռանալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս ձեւաչափից, այժմ ընտրում է չզարգանալու ու չբարգավաճելու ճանապարհը: Դեռեւս 2015թ. վերջին խոսելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների չկարգավորված դրությունից` Սերժ Սարգսյանը հոխորտում էր, որ Հայաստանը հարմարվել է իրավիճակին ու չպետք է հույս դնի հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարի վրա: Ըստ նրա` պետք էր ընդունել, որ Հայաստանն արեւմուտքից ու արեւելքից շրջապատված էր անանցանելի ճահիճներով եւ վերջ: Սակայն այդ ելույթից 5 ամիս անց տեղի ունեցավ Քառօրյա պատերազմը` լիովին սնանկ ճանաչելով զարգացման սարգսյանական այս տեսլականը ու ցույց տալով, որ ճահիճները ոչ միայն անանցանելի չեն, այլեւ կարող են նույնիսկ կրակել: Եվ ահա հիմա կրկին Սարգսյանը դաս չի քաղում իր նախորդ դառը փորձից եւ առաջարկում է զարգանալ` մոռանալով Թուրքիայի գոյության մասին: Իսկ Սարգսյանն արդյո՞ք իրեն հաշիվ տվել է, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, եթե արեւմուտքից մերժված Թուրքիան 20-րդ դարասկզբի պես կրկին սեւեռվի արեւելքի ուղղությամբ, մասնավորապես 100 տարի անց իր գոյության մասին կրկին մոռանալ ցանկացող Հայաստանի վրա:
Ահա այստեղ է, որ կրկին բախվում ենք իշխանության անպատասխանատվության խնդրին, երբ իշխող վերնախավը գործում է բացառապես իրավիճակային շահերով: Այդպիսին էր Սարգսյանի մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելիս, երբ դրանով լրացնում էր իր արտաքին լեգիտիմության դեֆիցիտը, եւ այժմ` գործընթացի ավարտին, երբ «հայրենասիրական» քայլով սիրաշահում է սփյուռքին ու նախապատրաստվում վարչապետությանը մաքուր էջից: Սարգսյանը այդպես էլ չպատասխանեց, թե ինչ շահեց Հայաստանը ֆուտբոլային դիվանագիտությունից, բացառությամբ Ցեղասպանության հարցով պատմաբանների հանձնաժողովին համաձայնություն տալուց: Եվ եթե այդ արձանագրությունները համապատասխանում էին Հայաստանի շահերին, ապա ինչու է հենց Հայաստանը դրանք չեղարկում: Ի վերջո, Հայաստանին հաջողվել էր փաստաթուղթ ստորագրել Թուրքիայի հետ, որը 1993թ. ապրիլին հրաժարվել էր այդ քայլից: Արձանագրությունների ստորագրումը հաջող ֆունդամենտ էր վավերացման համար, եւ անգամ ինչ-որ պահի լիովին հնարավոր էր, որ Թուրքիան գնար այդ քայլին` կախված աշխարհաքաղաքական հարմար իրավիճակից:
Իսկ հիմա արդեն հարաբերությունների կարգավորման գործնական ձախողումից հետո հայ-թուրքական կնճիռը ավելի է բարդացել` լրջորեն բարդույթավորելով երկու կողմերին: Վերջապես, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չվավերացրեց արձանագրությունները` Թուրքիային փաստի առաջ կանգնեցնելով: Այդժամ Հայաստանը Թուրքիայի հետ կունենար կնքված համաձայնագիր, ինչը անհամեմատ լավ է առանց հարաբերությունների ներկայիս անորոշ վիճակից` հատկապես հաշվի առնելով թուրքական իշխանության ներկայիս ծայրահեղ ազգայնամոլական բնույթը: Մի՞թե կարիք կա բացատրելու, որ Հայաստանի անվտանգության ու ապահովության թերեւս բացառիկ երաշխիքը Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններն են: Անշուշտ, Թուրքիայի կողմից չվավերացված արձանագրությունները այդ երաշխիքը չէին, սակայն անհրաժեշտ պահին ունակ էին զսպող դեր կատարելու, եթե հանկարծ Թուրքիան սեփական քաղաքական հավակնությունները բավարարել փորձեր Հայաստանի հաշվին: Առայժմ Սերժ Սարգսյանը կրկնեց 1920թ. դաշնակցական կառավարության վրիպումը, ինչը, հուսանք, նույն ճակատագրականությունը չի ունենա:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴԴԵՄ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ՞
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը էլեկտրոնային առողջապահական համակարգից, դեղատոմսերով բաց թողնվող դեղերի նոր կարգից հետո առաջ է քաշել «Արմենիկում» կլինիկայի փակման հարցը: Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ կլինիկայի տնօրենը հայտարարել է, որ ԱՆ-ն մտադիր է կենտրոնին տրվող պետական ֆինանսավորումը դադարեցնել եւ այն փակել: Ի դեպ, նախարարությունը ստեղծել է հանձնաժողով, որը պետք է քննարկի «Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեության հարցը: Հատկանշական է փաստը, որ այս «Արմենիկումի» կնքահայրը համարվում է Սերժ Սարգսյանը, որը դեռ 1998թ. երբ ինքը ՀՀ ազգային անվտանգության նախարար էր, հայտարարել էր հայկական հրաշք դեղամիջոցի մասին` ներկայացնելով այն որպես աշխարհի գրավման եւ ՀՀ զարգացման բանալի: Ժամանակի ընթացքում, իհարկե, պարզվեց, որ այդ ամենը բլեֆ է: Ու հիմա, փաստորեն, նախարար Ալթունյանը դուրս է եկել մի ծրագրի դեմ, որը Սերժ Սարգսյանինն է:
«Արմենիկում» ծրագրի ղեկավար Լեւոն Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ նախարարությունը մտադիր է պետպատվերով բուժումը հանել, իսկ կլինիկան փակել: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց առողջապահության նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ կենտրոնի փակման հարցը դրված չէ. «Ընդամենը պետք է քննարկվի կլինիկայի ծախսերը նվազեցնելու եւ դեղի արտադրությանը խթանելու վերաբերյալ հարցերը»: Սակայն լսելով առողջապահության նախարարության` մեզ տված պատասխանը` «Արմենիկում» ծրագրի ղեկավար Լեւոն Գեւորգյանը զայրացավ. «Սուտ է: Նման բաներ չկան, հեքիաթներ են: Առողջապահության նախարարությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել, թող հավաքվեն, տեսնենք` ինչ են ուզում: Ինձ պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի ասել: Իրենք անգամ մեզ ասել են, որ բժիշկներին զգուշացնենք, որ մայիսի 1-ից աշխատանքի չգան: Էդ «Արմենիկում»-ը ինձ համար երեխա է 20 տարի: Ես այս տարիների ընթացքում 9 հատ նախարար եմ փոխել: Թող տեսնենք` ինչ կլինի, ես բոլոր հարցերի բացատրությունը կտամ»: Ապա հայտնեց, որ իրենց տեղեկացրել են, որ 2018 թվականին ֆինանսավորումը դադարեցվելու է:
Նշենք, որ «Արմենիկում»-ի գործունեությունը չի սահմանափակվում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով: Դեղամիջոցն արդյունավետ ազդեցություն է գործում իմունային անբավարարությամբ ուղեկցվող մի շարք այլ հիվանդությունների դեպքում, համակարգային կարմիր գայլախտի, վիրուսային հեպատիտ «C»-ի, հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքերի, պառկելախոցերի բուժման ժամանակ եւ այլ դեպքերում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ը ՆԱԵՎ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻՆԵՐԻՆ Է ԴԱՏԻ ՏՎԵԼ

Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում են Դիլիջան քաղաքում գործող «Հայկ», «Լիսյո», «Քրոսսյան Ինտերպրայզիս» ՍՊԸ-ների, Իջեւանում գործող «Օֆիկ Վարդանյան» անհատ ձեռնարկատիրոջ դեմ քաղաքացիական գործերով դատաքննությունները:

Բոլոր դեպքերում որպես հայցվոր հանդես է գալիս «Աշտարակ կաթ» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը, բոլոր գործերով հայցվորը գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. դեկտեմբերի 19-ի վճռով «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել, սնանկության գործով կառավարիչ է դարձել Խ. Նազարյանը: Վերջինս ասաց, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն վատ մենեջմենթի պատճառով է սնանկացել, ներկայումս այդ կապակցությամբ քրեական գործ է քննվում: Նա հայտնեց, որ այդ ընկերությունը որպես հարկային պարտավորություն, պետբյուջե շուրջ 1 միլիարդ դրամ հարկ է պարտք: Խ. Նազարյանն ասաց, որ ընկերությունը շուրջ 2 միլիարդ դրամի ապրանք է մատակարարել տնտեսվարողներին, որի դիմաց գումարները ընկերության հաշվին չեն փոխանցվել: Որոշ տնտեսվարողներ պնդում են, որ ընկերության ապրանքի համար իրենք վճարել են ընկերության առաքիչներին, ովքեր այդ գումարները մուտք չեն արել «Աշտարակ կաթ»-ի հաշվին: Ներկայումս ընկերության արտադրանքի մատակարարման վերաբերյալ դատարան ընդհանուր թվով 2300 քաղաքացիական հայց է ներկայացվել, որոնց արդյունքում ստացված գումարներն ուղղվելու են ընկերության հարկային պարտավորությունների մարմանը, աշխատողների չստացած աշխատավարձերի վճարմանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս