NABU-ն սկսում է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը

1993թ-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան մարտի 22-ը հայտարարեց Համաշխարհային ջրի օր:

Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով հարուստ երկիր․ ցավոք, մեր երկրում ջրային տարածքների աղտոտումը բնապահպանական լուրջ խնդիր է: Հայաստանի գետերի անմխիթար վիճակի հիմնական պատճառներն են ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը և դրանց աղտոտումը ներքին աղբով, կոյուղաջրերով և հանքարդյունաբերության թափոններով:

Մարտի 22-ի՝ Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա կապակցությամբ Գերմանիայի բնության պահպանության միության մասնաճյուղը (NABU) մեկնարկում է ՀՀ-ում «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը:

Արդեն իսկ միջոցառմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել բազմաթիվ դպրոցներ, կորպորատիվ ընկերություններ, հասարակական կազմակերպություններ:

NABU-ն երեք ամսվա ընթացքում կաջակցի այն կամավորներին, որոնք կաշխատեն ջրային ռեսուրսների և աղբյուրների շրջակայքի մաքրման աշխատանքներին: Կամավորներին կտրամադրվեն ձեռնոցներ, աղբի հավաքման համար նախատեսված փաթեթներ, խմելու ջուր և սնունդ: Անհրաժեշտության դեպքում NABU-ն նաև կտրամադրի տրանսպորտային միջոց:

Նախաձեռնությանը մասնակցելու և կամավոր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևը և ուղարկել Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղի (NABU) ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ. փոստին:

Դիմումը ներբեռնելու համար սեղմեք այստեղ:

Միջոցառման շրջանակում Դուք կարող եք նաև մասնակցել «Կամավորների լավագույն լուսանկար» մրցույթին: Մասնակցելու համար Դուք պետք է լուսանկարեք կամավորներին աշխատանքների ընթացքում, որից հետո այդ լուսանկարը պետք է տեղադրել Facebook սոցիալական ցանցում՝ նշելով հետևյալ հաշթագները՝ #MAQURAP #MAQURAXPYUR #NABUARMENIA։ Յուրաքանչյուր ամիս մենք ընտրելու ենք հաղթողներին և պարգևատրելու ենք նրանց: