ԸՆԿԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՀԵՏԵՎԻՑ. Ի՞ՆՉ ԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում այս օրերին ակտիվորեն քննարկվում է պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլլերսոնի հեռացումը, ինչը որոշակիորեն աննախադեպ ստացվեց ամերիկյան եւ, ինչու ոչ, անգամ միջազգային քաղաքական հարաբերություններում: Դոնալդ Թրամփի որոշումը ոչ միանշանակ է ընդունվել երկրի քաղաքական շրջանակների մոտ` հանգելով լուրջ դժգոհությունների: Եվ խնդիրը ոչ միայն Թրամփի քայլն է, այլեւ այն եղանակը, որը նա ընտրել էր` իր իսկ նշանակած պետքարտուղարին պաշտոնանկ անելու համար:

Թիլլերսոնի ու Թրամփի հարաբերությունները, ըստ ամերիկյան մամուլի հրապարակումների, բավականին լարված էին պաշտոնակալությունից ի վեր: Նախագահը ամեն կերպ ցանկանում էր պետքարտուղարի պաշտոնում Թիլլերսոնից ստանալ արտաքին քաղաքականության խոսնակի կարգավիճակ, որը ոչ միայն ինքնուրույնություն չպետք է ցուցաբերեր, այլեւ հնազանդորեն կատարեր նախագահի հրահանգներն ու փոխանցեր նրա մտքերը օտարերկրյա գործընկերներին: Իրականում Թրամփը այնքան էլ մեծ բան չէր պահանջում, քանի որ յուրաքանչյուր երկրի արտաքին գործերի նախարարը արտասահմանյան գործընկերների հետ հարաբերություններում նախ եւ առաջ պետք է հանդես գա իբրեւ իր ղեկավարի խոսքի փոխանցող, հետո միայն բանակցող: Այլ հարց է, թե որքանով են լուրջ ու հիմնավոր նախագահի սահմանած քաղաքական առաջնահերթությունները:
Թիլլերսոնի պաշտոնավարման առաջին իսկ ամիսներից պարզ դարձավ, որ նախագահի ու պետքարտուղարի մոտեցումներն ավելի շատ են տարբերվում, քան կարելի էր պատկերացնել: Ամիսներ առաջ ամերիկյան պարբերականները, հղում անելով կառավարության ներսում իրենց աղբյուրներին, պնդում էին, որ փակ նիստերից մեկի ավարտին, դժգոհ լինելով Թրամփի վարքագծից ու կայացրած որոշումից, մասնավոր շրջանակներում Թիլլերսոնը կոպտագույն, նույնիսկ հայհոյախառը ածականի ուղեկցությամբ նախագահին հիմար էր անվանել: Իսկ ավելի հետաքրքիր էր, որ պետքարտուղարը, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ձեւակերպման մասին հարցին, չէր էլ հերքել իր խոսքերը, ինչը հաստատապես խոցել էր ինքնասիրահարվածի համարում ունեցող Թրամփին: Վերջինս, որը ատում է իր հասցեին նվազագույն իսկ քննադատություն հնչեցրած անձանց, չէր կարող կուլ տալ նման վիրավորանքը: Եվ այդ շրջանից ի վեր` նրանց հարաբերություններն ավելի էին սրվել` հաճախ անհարմար իրավիճակներ առաջացնելով: Այսպես` վերջերս իր ասիական շրջագայության ընթացքում` ճաշի ժամանակ, բազմաթիվ հյուրերի ներկայությամբ Թրամփը Թիլլերսոնին հրահանգել էր աղցան ուտել: Թեպետ վերջինս հումորով փորձել էր շտկել վիճակը, սակայն հրապարակային նվաստացումը իր գործն արդեն արել էր: Թրամփի այսօրինակ վերաբերմունքը, սակայն, իր գագաթնակետին հասավ պետքարտուղարին թվիթերի միջոցով հեռացնելու ժամանակ:
Ըստ էության, Թրամփը քաջություն չունեցավ դեմ առ դեմ խոսելու Թիլլերսոնի հետ եւ նրան անձամբ հայտնելու պաշտոնանկության լուրը: Ավելին` ԱՄՆ պետքարտուղարը այդ պահին գտնվում էր Աֆրիկայում եւ բանակցություններ էր վարում աֆրիկյան մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եւ եթե ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Քելլին նրան նախապես չտեղեկացներ սպասվող պաշտոնազրկման մասին, Թիլլերսոնը փաստի առաջ կարող էր կանգնել: Անպատկերացնելի է, թե ինչ կարող էր կատարվել, եթե բանակցությունների սեղանի առաջ կողմերը թվիթերով իմանային, որ նախագահը հեռացրել է իր պետքարտուղարին:
Սակայն առավել կարեւոր է, որ Թրամփն ու Թիլլերսոնը միմյանց հետ լուրջ տարաձայնություններ ունեին արտաքին քաղաքականության գրեթե բոլոր հարցերում: Օրինակ` պետքարտուղարը հակված էր եվրոպական դաշնակիցների հետ ավելի ջերմ հարաբերություններին, իսկ Թրամփը շեշտում էր ֆինանսական շահերը: Ռուսաստանի հանդեպ Թիլլերսոնը ավելի կոշտ վերաբերմունքի կողմնակից էր: Նա օրեր առաջ միանշանակ պնդել էր, որ ՌԴ շրջանակներն են թունավորել բրիտանական լրտեսին, մինչդեռ Սպիտակ տունը պաշտոնապես այլ կարծիք էր հայտնել: Նույնիսկ Հս. Կորեայի հետ բանակցություններում Թիլլերսոնը կոչ էր անում չշտապել, սակայն Թրամփը առաջ ընկավ ու հերքեց իր պետքարտուղարին` հրապարակավ հայտարարելով, թե պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ: Երկուսի տարակարծություններից ամենասուրը թերեւս վերաբերում էր Իրանի խնդրին, քանի որ Թիլլերսոնը պնդում էր Օբամայի ստորագրած համաձայնագիրը պահպանելու եւ ընդամենը վերափոխումներ անելու վրա, մինչդեռ Թրամփը ձգտում է չեղարկել այն: Արդեն կասկած չկա, որ առաջիկայում Թրամփը միակողմանիորեն չեղարկելու է Իրանի հետ կնքված համաձայնագիրը` նոր լարվածություն առաջացնելով թե՛ Մերձավոր Արեւելքում, թե՛ Եվրոպական գործընկերների հետ հարաբերություններում: Անգամ կարելի է չբացառել Իրանի դեմ ռազմական օպերացիայի հավանականությունը: Այս համատեքստում կարող է խիստ սրվել իրադրությունը մեր տարածաշրջանում ոչ միայն ամերիկա-իրանյան հարաբերությունների լարվածությամբ, այլեւ Արցախյան ճակատում, երբ գերտերությունները միմյանց հետ հաշիվներ պարզելիս կարող են փորձել պղտոր ջրում ձուկ որսալ: Այս իրավիճակում Հայաստանից ակնկալվում է մեծագույն շրջահայացություն, որտեղ Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է չառաջնորդվի նեղ-անձնական ու կլանային շահերով` պետությունը գերտերությունների պայքարում մանրադրամ չդարձնելու համար:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ԻՆՔՆ ԻՐԵՆ ՄԱՏՆԵՑ
Ինչպես հայտնի է` տեւական ժամանակ է՝ Շիրակի պետական համալսարանում բավական լարված մթնոլորտ է. բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի մասը միանշանակ չընդունեց ռեկտորի պաշտոնում ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի նշանակումը: Իսկ արդեն նախկին դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը նրան մեղադրեցին ապօրինությունների մեջ: Մի քանի ամիս տեւած կռիվը՝ ԿԳ նախարարություն դիմումները, համալսարանում դասախոս Խորիկյանի հացադուլը, բողոքի ցույցերը, Մինասյանի դեմ հարցազրույցներով լրատվական արշավ, ավարտվեց նրանով, որ նախօրեին ռեկտորի որոշմամբ աշխատանքից ազատվել են վերոհիշյալ երկու դասախոսները: Երեկ այս իրադարձությանն անդրադարձել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը` Անահիտ Ֆարմանյանը` սոցիալական ցանցերում կարծիք հայտնելով, թե բուհից հեռացվել են լավագույն մասնագետներից երկուսը: Այլ կերպ ասած` նա հրապարակավ դուրս է եկել ռեկտորի դեմ` պաշտպանելով նրա դեմ ամենատարբեր մեթոդներով պայքար մղած դասախոսներին: Միայն թե նկատենք` ըստ շրջանառվող լուրերի` այս ընթացքում հենց Ֆարմանյանն է հրահրել ռեկտոր Մինասյանի դեմ այդ դասախոսների պայքարը: Ժամանակին հենց ինքն է ցանկացել զբաղեցնել այդ պաշտոնը, բնականաբար եղբոր՝ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի օգնությամբ: Սակայն չի ստացվել: Երեւի հարազատ ՀՀԿ-ում չգնահատեցին Ֆարմանյանի ծառայությունները, փոխարենը ռեկտոր նշանակեցին ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Մինասյանին, որը քավոր-սանիկական հարաբերություններ ունի մեկ այլ պատգամավորի՝ Արման Սահակյանի հետ, եւ որը ՀՀԿ-ին ձայներ բերելու համար համեմատաբար լավ էր աշխատել: Եւ հիմա Անահիտ Ֆարմանյանն իր երեկվա քայլով անուղղակի ապացուցել է շրջանառվող լուրերի ճշմարտացիությունը: Մեկնաբանությունների համար երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սահակ Մինասյանին, որը, սակայն, հայտարարեց, թե գիտխորհրդի արձանագրության մեջ ներկայացված են իր որոշման բոլոր հիմնավորումները եւ նշեց. «Ավելացնելու ոչինչ չունեմ»:
Ա. Գ.

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ
Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գեւորգի Երեմյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ:

 

 

ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
Մարտի 15-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ Ա.Ս-ն դիմել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին եւ հայտնել, որ մարտի 13-ին` ժամը 03:00-ի սահմաններում, իր անասնապահ, նույն գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Ներսես Ավագյանը իրեն պատկանող անասնաֆերմայից դուրս է եկել` անասուններին փնտրելու եւ այլեւս չի վերադարձել:




Լրահոս