ԵՐԲ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` մարտի 18-ին ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Վլադիմիր Պուտինը` ստանալով ընտրողների 76.67 տոկոսի քվեն:

ՌԴ նախագահի ընտրություններն անցկացվեցին նաեւ Հայաստանում. Երեւանում` ՌԴ դեսպանատանը, Գյումրիում էլ՝ ՌԴ հյուպատոսության շենքում բացվել էին ընտրատեղամասեր, որտեղ ՀՀ-ում բնակվող ՌԴ քաղաքացիներին հնարավորություն էր ընձեռվել կատարել իրենց քաղաքացիական պարտքը: Վաղ առավոտից բավական մեծ հերթեր էին կուտակվել: ՈՒ նկատելի էր՝ ընտրություններին մասնակցողների մեջ զգալի թիվ էին կազմում ոչ թե ազգությամբ ռուսները, այլեւ հենց հայերը, որոնք թեեւ բնակվում են Հայաստանում, բայց եւ վաղուց ի վեր ընդունել են ՌԴ քաղաքացիություն:
Սա, ի դեպ, առիթ դարձավ, որպեսզի «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվի ու պարզի, թե տարեկան որքա՞ն մարդ է հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից` ընդունելով ռուսականը: Պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ էր: Ըստ պաշտոնական տվյալների` միայն վերջին 6 տարում` 2012-17թթ. ընթացքում, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 16.436 քաղաքացի: Եվ պարզ է, որ նրանց մեծամասնությունն ընդունել են ՌԴ քաղաքացիություն: Եթե դիտարկենք առանձին տարիներով, ապա 2012 թվականին ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 968 ՀՀ քաղաքացի, 2013-ին` 1461, 2014-ին` 2407, 2015-ին` 2487, 2016-ին` 3863, իսկ 2017 թվականին` 5250 քաղաքացի:
Այլ կերպ ասած` տարեցտարի աճել է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվող մեր հայրենակիցների թիվը:
Թե ինչու է նման իրավիճակ, դժվար չէ կռահել. իշխանությունը գործնականում գրեթե ոչինչ չի անում երկրում դրական փոփոխությունների համար: Իսկ մարդիկ քաղաքացիությունից հրաժարվում են` հիմնականում ելնելով սոցիալ-տնտեսական խնդիրներից: Բարձր տարիքի թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց մի ստվար հատված վերջին տարիներին ընդունել է ՌԴ քաղաքացիություն` այդ երկրից կենսաթոշակ ստանալու նպատակով, քանի որ այնտեղ ավելի մեծ գումարներ են վճարում:
Նույն այդ նպատակով մեծ է ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմող հայաստանյան ուժային կառույցների աշխատակիցների թիվը. նրանց էլ մի քանի անգամ ավելի բարձր գումար են տալիս, քան ՀՀ-ում: Եվ այս համատեքստում որեւէ իշխանության մեջ գտնվող որեւէ պաշտոնյա իրավունք չունի նեղանալու կամ զայրանալու: Մարդիկ պարզապես հույս չեն կապում իրենց երկրի հետ: Եվ պետք չէ հուզվել, որ հայը մեծ ոգեւորությամբ գնում է` ՌԴ նախագահ ընտրելու:
Իսկ վաղը, աստված մի արասցե, եթե պարզվի, որ պատերազմի դեպքում չկա բավարար ռեսուրս, որովհետեւ այս տարիներին հայաստանցիներն իրենց հատկապես արու զավակներին էլ են դարձրել ՌԴ քաղաքացի, իշխանությունները թող չզարմանան: Թեեւ, հիշեցնենք, ԱԺ-ում մի առիթով այս թեմայով իր մտահոգությունն էր հայտնել ԱԱԾ նախկին փոխտնօրեն, հիմա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը` ահազանգելով ստեղծված իրավիճակի մասին: Այնպես որ, տարեցտարի ականատես ենք լինում տխուր իրողության. ՀՀ քաղաքացին գնալով վերածվում է բնակչի` ընդունելով այլ երկրի քաղաքացիություն:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, թե Հայաստանում ՌԴ քանի քաղաքացի է մասնակցել ընտրություններին: Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի խոսնակ Վերոնիկա Արթենյանի փոխանցմամբ` քվեարկությանը մասնակցել է ՌԴ մոտ 5000 քաղաքացի: Նրանց 90 տոկոսը ձայները տվել են Վլադիմիր Պուտինին: Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսությունից էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ միայն հյուպատոսությունում քվեարկությանը մասնակցել է 1300 քաղաքացի: Վլադիմիր Պուտինին այստեղ կողմ քվեարկողները կազմել են 95 տոկոս: Նշենք, որ քվեարկությանն այստեղ մասնակցել են Շիրակի, Լոռու մարզի, ինչպես նաեւ` Վրաստանի բնակիչներ, ովքեր ՌԴ քաղաքացի են: Ընդհանուր առմամբ, նախնական պաշտոնական տվյալներով` ՀՀ-ում բնակվող կամ ժամանակավոր գտնվող քաղաքացիների 90-92 տոկոսը քվեարկությամբ իր աջակցությունն է հայտնել ՌԴ գործող նախագահ Պուտինին:
Հ.Գ. Մեկ փաստ էլ. այս տեմպերով շարունակվելու դեպքում չենք զարմանա, եթե տասնյակ տարիներ անց պարզվի՝ Հայաստանում ավելի շատ ՌԴ, քան ՀՀ քաղաքացի է բնակվում, թեկուզ եւ ազգությամբ հայ, այն էլ՝ բնիկ հայ, բայց ոչ ՀՀ քաղաքացի: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանի, հիմա էլ Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տարիներին ՀՀ քաղաքացու մեջ սպանել է քաղաքացի լինելու գիտակցությունը` վերածելով սոսկ բնակչի: Այնպես որ, հիմա «քաղում ենք» նրանց քաղաքականության պտուղները:
Ու պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը նախորդ տարի ԱԺ իր ուղերձում, երբ խոսում էր ժողովրդագրական իրավիճակը բարելավելու մասին, հայտարարեց մինչեւ 2040թ. ՀՀ բնակչության թիվը 4 մլն-ի հասցնելու մասին: Ուշադրություն դարձրեք՝ 4 մլն-ի հասցնել ոչ թե ՀՀ քաղաքացիների, այլ Հայաստանի բնակիչների թիվը: Հետեւություններն արեք ինքներդ:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ
Լրագրողները երեկ հնարավորություն ունեին մասնակցելու Երեւանի ավագանու նիստին. քաղաքապետարանը դեռեւս չի համարձակվում կիրառել լրագրողների իրավունքները սահմանափակող կարգերը: Սակայն, ինչպես պնդում են «ժողովուրդ»-ի աղբյուրները, նրանք այդ քայլին կգնան առաջիկայում, աննկատ` մինչ այդ, իհարկե, փորձելով ստեղծել հիմքեր: Երեկ պարզվեց՝ պատրաստ է քաղաքապետարանում լրագրողների համար հատկացված տարածքը, որտեղից վերջիններս հնարավորություն են ունենալու հետեւել ավագանու նիստերին, թեեւ երեկվա նիստում եւ առաջիկա նիստին եւս լրագրողներն իրենք են ընտրելու՝ որ տարածքից հետեւել, մինչ աշխատանքի հետ կապված վերջնական կանոնակարգումները կարվեն: Երեկվա նիստն իր թեժ լինելով այնքան էլ չէր զիջում նախորդ նիստին, թերեւս տարբերությունն այն էր, որ ՀՀԿ-ականներն ավելի ակտիվ էին, սակայն զուսպ, եւ միակ բացառությունը հայտնի Լեւոն Իգիթյանն էր՝ իր գռեհիկ արտահայտչաձեւերով: Երեկվա նիստում նույնիսկ ելույթ ունեցան ավագանու ՀՀԿ խմբակցության այնպիսի անդամներ, որոնք թերեւս երբեք չէին մոտեցել ամբիոնին կամ որեւէ նախաձեռնությամբ հանդես չէին եկել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ի անդամներն ակտիվ լինելու հստակ հրահանգ ունեն, որպեսզի նրանց չասոցացնեն միայն ձեռք բարձրացնողների հետ: Երեկվա նիստում ավելի շատ բանավեճեր տեղի ունեցան «Ելք» եւ «Երկիր Ծիրանի» խմբակցությունների միջեւ, հատկապես Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանափոխելու հարցի քննարկման ժամանակ, որի միջնամասում «Ելք»-ի անդամները նաեւ լքեցին դահլիճը: Հետաքրքիրն այն է, որ 10 հարցից բաղկացած օրակարգում «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից ներկայացված երկու աղմկահարույց նախագծերն ընդգրկված էին օրակարգի սկզբում եւ իրար հետեւից: Սա անշուշտ պատահական չէ արված, որի մասին բարձրաձայնեցին նաեւ «Ելք»-ի անդամները: Բանն այն է, որ այդպես ՀՀԿ-ականները փորձում են շեղել թե՛ հանրության, թե՛ լրատվամիջոցների ուշադրությունն արդեն օրակարգում ընդգրկված վերջին հարցերից, որոնք կարող են հետաքրքիր մանրուքներ պարունակել:

 

 

ՊԱՅԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ
Օրերս առեղծվածային պայմաններում մահացել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի հայրը՝ Վարազդատ Հովիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում Վարազդատ Հովիկյանը մահացել է: Դժբախտ պատահար է եղել, թե սա հաշվեհարդար էր նրա որդու կատարած արաքի գործով, դժվար է ասել. տեղի ունեցածը մարդկանց համար մնում է առեղծված եւ ամենատարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: Ի դեպ, այս օրերին կալանքի տակ գտնվող Ա. Հովիկյանին իրավապահներն անգամ թույլ չէին տվել ներկա գտնվել հոր հուղարկավորությանը` հավանաբար խուսափելով տհաճ անակնկալներից:

 

 

ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ` ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
ԱԺ խորհրդի որոշմամբ` ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության կարգը տեղի կունենա 2018 թվականի ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում, որը նախատեսվում է գումարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` ժամը 12:00-ին: Ելույթով հանդես են գալու Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հանրապետության նորընտիր նախագահը: Ելույթների ավարտից հետո դահլիճից դուրս են բերվելու ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը, որից հետո նախագահողը նիստը հայտարարում է փակված:

 

 

ԵՏ ՎԵՐՑՐԵՑ
ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանն «աբսուրդ» է համարում իր առաջարկած նախագծի առիթով ՀՀԿ-ական պատգամավորների բերած հակափաստարկները: Հիշեցնենք` որ Ա. Ռուստամյանն առաջարկել է նախկինի նման թույլ տալ, որ մեկ պատգամավորը կարողանա մասնակցել մի քանի հանձնաժողովների աշխատանքներին: Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ն ունի յոթ անդամ, իսկ խորհրդարանական հանձնաժողովները 9-ն են: Գործող սահմանափակմամբ` մեկ պատգամավորը կարող է լինել մեկ հանձնաժողովի անդամ: Արմեն Ռուստամյանն ասում է, որ ՀՀԿ-ի հայտարարած ներկայացուցչական ժողովրդավարության սկզբունքից նման սահմանափակումը չի բխում: Բուռն քննարկումների արդյունքում Արմեն Ռուստամյանը ետ է վերցրել նախագիծը: Երկու ամսվա ընթացքում այն կլրամշակվի, նոր կներկայացվի հաստատման:

 

 

2 ԱՆԳԱՄ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ
Պարզվում է` Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է երկու անգամ: Սկզբում նա շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին: Իսկ ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ Ս. Սարգսյանը, բացի ուղերձից, նաեւ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ մեկ անգամ եւս շնորհավորել նրան վերընտրվելու կապակցությամբ:




Լրահոս