ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակնհայտ է, որ «Հիմնադիր խորհրդարանի ղեկավար», Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ երեկ կայացված դատավճիռը՝ 10.5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, քաղաքական պատվեր էր: Սէֆիլյանը, հիշեցնենք, մեղադրվում էր զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու եւ շենք-շինություններ գրավել ծրագրելու մեջ: Բայց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ մոտ մեկ տարի անցկացված դատաքննության ժամանակ այդպես էլ չներկայացվեցին հիմնավոր փաստարկներ՝ ապացուցելու Սէֆիլյանի մեղավորությունը: Ընդհակառակը, ողջ դատաքննությունը հիշեցնում էր վատ բեմադրված տրագիկոմեդիա. նիստերի մեծ մասին Սէֆիլյանին թույլ չեն տվել մասնակցելու, նրան դատավորը զրկեց վերջին խոսքով հանդես գալու իրավունքից, իսկ երեկվա դատավճիռն էլ եկավ ապացուցելու պարզ ճշմարտությունը, որ ընդդիմադիր գործչի հանդեպ իրականացվում է հաշվեհարդար: Նրա կողմնակիցներից «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ալեք Ենիգոմշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ իշխանությունները Սէֆիլյանին չեն ներել ապրիլյան պատերազմի մասին բացահայտումները, երբ հայտարարել էր 800 հեկտար կորցնելու մասին: Ենիգոմշյանը նաեւ հիշեցրել է, որ միայն Սէֆիլյանի հայտարարությունից հետո իշխանությունները, հանձին Սերժ Սարգսյանի, հաստատեցին տարածքային կորուստների փաստը: «Այս կերպ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ինչ է լինում այնպիսի մարդկանց հետ, ովքեր փորձում են պայքարել հանուն ժողովրդի: Սէֆիլյանի նկատմամբ այս «պատիժը» նաեւ օրինակ ծառայելու նպատակ է հետապնդում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Սէֆիլյանը 1.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել նաեւ 2007 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Ելք» խմբակցության նախօրեի նիստից, որի արդյունքում, հիշեցնենք, դաշինքի անդամ երեք կուսակցություններին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագրի դեմ պայքարի հարցում: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն առանձին ճանապարհային քարտեզ է մշակել՝ «14+4» անվամբ, որը ենթադրում է 14-օրյա շուրջօրյա հանրահավաքներ եւ 4 օր նստացույց: Սակայն ծրագիրը միանշանակ չի ընդունվել ոչ միայն «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների, այլ նաեւ ՔՊ-ի որոշ անդամների կողմից: Մեզ հայտնի դարձավ, որ ԼՀ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդել է, թե շուրջօրյա հանրահավաքին մարդ չի հավաքվի, պետք է խորհրդարանում պայքարել: Իսկ շուրջօրյա հանրահավաքների մասին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մտահոգություններին Փաշինյանը հակադարձել է, թե իրենց կուսակցությունն անգամ միայնակ կարող է մարդկանց փողոց բերել: Դրանից հետո գործընկերները որոշել են Փաշինյանին միայնակ թողնել՝ տեսնելու համար, թե ինչ կարող է անել:

 

 

Դիանա Գրիգորյանի, նույն ինքը` Դինա Ակոպովնայի դեմ ԱՄՆ-ում մուտքի վիզաների խարդախության վերաբերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ փաստի առաջ են կանգնել մի շարք երգիչ-երգչուհիներ, որոնք ինչ-որ առնչություն են ունեցել Դինա Ակոպովնայի եւ այս գործով անցնող ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանի հետ: Շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Գրիգորյանի կամ Բոյաջյանի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ: Մասնավորապես ԱՄՆ մուտքի արտոնագիրը կորցնելու վտանգի առաջ է կանգնած երգչուհի Աիդա Սարգսյանը, իսկ ահա աղմկահարույց գործի շրջանակներում երգիչ Հայկ Ղեւոնդյանը` Սպիտակցի Հայկոն, ԱՄՆ դեսպանատանը հետ է վերադարձրել ԱՄՆ մուտքի արտոնագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Սակայն մեր հարցմանն ի պատասխան` տեղեկացրին, որ ամերիկյան օրենսդրությունն արգելում է վիզայի հետ կապված մանրամասներ հայտնել:

 

 

 

Մինչ Սերժ Սարգսյանը չի բացառել նախագահի պաշտոնավարման ժամկետից հետո նոր Սահմանադրության պայմաններում վարչապետ դառնալու հավանականությունը, գործող վարչապետ Կարեն Կարապետյանն ամեն կերպ փորձում է ապացուցել, թե իր կառավարությունն աննախադեպ արդյունքներ է գրանցել: Մասնավորապես ԱՎԾ-ն հրապարակել է սոցիալ-տնտեսական վիճակի մասին տվյալներ, ըստ որոնց` միայն տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 8.6 տոկոս: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը զգալի աճ է ցույց տվել շինարարության ոլորտում՝ 27.7 տոկոս, մինչդեռ տարիներ շարունակ այս ոլորտում միայն անկում էր: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել են 8.3 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 43.2 տոկոսով, իսկ ներքին առեւտրաշրջանառությունը՝ 17.4 տոկոսով: Ու միայն գյուղատնտեսության ոլորտում է արձանագրվել անկում՝ մոտ 0.1 տոկոսի չափով: Հետաքրքիր է` այս ցուցանիշները տեսնելուց հետո ՀՀԿ-ն ինչպես է հիմնավորելու Կարեն Կարապետյանի փոխարեն Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու որոշումը:

 

 

 

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ՝ ՏԱՐԲԵՐ ԿՈՆՏԵՔՍՏՈՎ
Ղարաբաղյան հակամարտության ներկա իրավիճակի վերաբերյալ ռուսական եւ ամերիկյան կողմի գնահատականները զարմանալի զուգադիպությամբ շատ նման են իրար:
ՌԴ-ի արտաքին հետախուզության ծառայության նախկին պետ Վյաչեսլավ Տրուբնիկովը վերջերս ԼՂ խնդրի մասին հայտարարել է, թե «Ղարաբաղյան հակամարտության պահպանումը սառեցված, ես անգամ կասեի՝ թեժ վիճակում շատ վտանգավոր է»։ Միաժամանակ, ըստ Տրուբնիկովի, պետք է գտնել ղարաբաղյան հարցի լուծման դիվանագիտական ուղին. այդ հարցի շուրջ պետք է լավ մտածի հայկական կողմը։ Ու այս գնահատականների համատեքստում ռուս գործիչը մեղադրանքներ է հնչեցրել Արեւմուտքի հասցեին` ընդգծելով, որ հակամարտության ներկա իրավիճակը հենց նրանց է ձեռնտու: «Արեւմուտքի համար ղարաբաղյան հակամարտությունը հետաքրքիր է հենց այդ առումով, քանի որ այն սառեցված չէ, ժամանակ առ ժամանակ կրակում են, ու, ցավոք, լինում են զոհեր»,- ասել է Տրուբնիկովը։
Հատկանշական է փաստը, որ տարեսկզբին էլ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսին Կոնգրեսին ներկայացրած զեկույցում խոսել էր ԼՂ խնդրում ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին: Նա նշել էր, թե ԼՂ խնդրում տիրող լարվածությունը կարող է հանգեցնել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, եւ որ դրան կարող է ներգրավվել նաեւ ՌԴ-ն: «Երկու կողմի՝ փոխզիջումների գնալու դժկամությունը, ներքին ճնշումների ահագնացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը եւ Հայաստանի կողմից նոր ռուսական զենքի ձեռքբերումը լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգ են պարունակում, որոնք կարող են բռնկվել 2018-ին»,- այս տարվա փետրվարին ասել էր Քոութսին:
Այլ կերպ ասած` նույն խնդրի մասին այսօր խոսում են ՌԴ-ն ու ԱՄՆ-ը, պարզապես խոսում են տարբեր կոնտեքստներով: ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն ամենատարբեր գործիչների մակարդակով հայտարարում են, որ ԼՂ խնդրում իրավիճակը շարունակում է մնալ պայթյունավտանգ: Սա որպես փաստ ընդունում են բոլորը: Ու այդ ամենից հետեւությունը մեկն է՝ Ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորումը խիստ անհրաժեշտություն է, եւ ձեռնտու է առաջին հերթին կողմերին:
Պարզապես այդքանից հետո նրանք փորձում են ստեղծված իրավիճակի համար մեղադրել միմյանց, երբեմն բաց տեքստով, երբեմն ակնարկներով` դե, սա էլ իրենց քաղաքական շահից ելնելով:




Լրահոս