ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԿՈՂՄ ԼԻՆԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը նախօրեին խոսել է վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հավանականության մասին` ասելով, որ ինքը նման մտադրություն չունի, բայց եթե ՀՀԿ-ում որոշում կայացվի, ինքը կհամաձայնի: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:

-Պարո՛ն Բագրատյան, ի՞նչ եք կարծում` քաղաքականության մեջ անձերի փոփոխություն պե՞տք է, թե՞ տարիներ շարունակ նույն մարդիկ պետք է բարձր պաշտոններ զբաղեցնեն:
-Եթե ամենակարեւորը համակարգերը եւ կառուցվածքները ճիշտ պատկերացնես, եթե մենք մեր դեպքում կարողանում ենք խորհրդարանական կառավարումը լիարժեք իրացնել, ինքը թելադրելու է նոր կադրեր: Այսինքն` նախ պետք է ունենալ կառավարման համակարգի կոնստրուկցիան, նոր համապատասխանաբար կադրային պահանջ է առաջանալու: Այն կադրերը, որոնք նախկինից եկել են, չեն կարողանալու սպասարկել այդ կառույցը: Հետեւաբար բնական ընթացքն այդպիսին է, պետք է հիմնականում ստեղծել համակարգ, այնուհետեւ համարժեք կադրեր:
-Հիմա եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ինչի մասին խոսվում է, եւ որպես միակ թեկնածու նրա անունն է շեշտվում, կադր չի՞ փոխվում:
-Ես նորից եմ ասում` ինձ համար կոնկրետ կառավարման համակարգի փոփոխությունն է: Ենթադրում եմ եւ վստահ եմ, որ այդ համակարգի փոփոխությունը կբերի կադրային ամբողջովին նոր որակ: Եվ կադրերը, կարծում եմ, պետք է ավելի երիտասարդ, ժամանակներին համահունչ լինեն: Այս պահին ակնկալել կադրային փոփոխություններ, շատ լուրջ չի, բայց համակարգը եթե կայանում է, պարտադիր պահանջ է առաջանալու նոր կադրերի: Եվ առանց դրա որեւէ երկիր զարգացում չի կարող ունենալ:
-Բայց Սերժ Սարգսյանը թույլ կտա՞, որպեսզի նոր կադրեր առաջ գան, եւ ինքը մնա լուսանցքում, օրինակ:
-Ինձ անձնավորված հարցեր մի՛ տվեք: Նորից եմ ասում` համակարգերն են կարեւոր: Համակարգ ներդնելու դեպքում որեւէ ուժ ի վիճակի չի լինելու կադրային այս պահանջարկը զսպելու: Դա մարտահրավեր է դառնալու աշխարհին, եւ եթե դու համարժեք կադրեր չունես, չես կարող սպասարկել: Ուղղաձիգ կառավարման համակարգն այլեւս չկա: Ապրիլի 17-ից մենք ունենալու ենք հորիզոնական կառավարման համակարգ` իր բոլոր հետեւանքներով:
-Ո՞վ է տուժելու այս դեպքում:
-Այս դեպքում շահելու է ժողովուրդը, ով կտուժի, թող տուժի, չգիտեմ: Բայց ժողովուրդը շահելու է, տնտեսությունը շահելու է, պետությունը շահելու է: Իսկ մեզ համար կարեւորն այդ արժեքներն են: Անձերը ժամանակավոր են, պետությունն է հավերժ: Մենք պետք է ունենանք հզոր պետություն, որը համայն հայության համար լինի այն հայրենիքը, որտեղ ինքը կարող է ազատ ապրել, տնտեսվարել, ստեղծագործել:
-Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին քվեարկելու դեպքում «Ծառուկյան» խմբակցությունը որոշեց եւ կողմ քվեարկեց, այդպիսով անհրաժեշտ ձայներ ապահովվեցին, եւ նա ընտրվեց: Վարչապետի ընտրության դեպքում ձեր կարիքը չկա, ՀՀԿ-ն կարող է իր ունեցած ձայներով ընտրել: Հիմա եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետի թեկնածու, այս դեպքում խմբակցությունն ի՞նչ դիրքորոշում է ունենալու:
-Մենք հանրապետության նորընտիր նախագահի հետ գործակցության տարբեր ձեւաչափեր քննարկել ենք: Տեսնելով, որ համակարծիք են մեր մոտեցումները, տեսնում է նույն ճանապարհը, ինչ մենք, նույն մտահոգություններն ունի, որոնք են արտագաղթը, մրցակցության բացակայությունը եւ այլն: Լսելով հավաստիացումներ, որ պատրաստ է համատեղ այդ ճանապարհն անցնելու, մենք քվեարկել ենք: Մնացած դեպքերում կտեսնենք, երբ օրը կգա:
-Սերժ Սարգսյանի հետ, օրինակ` «Ծառուկյան» դաշինքը տեսնո՞ւմ է համագործակցության եզրեր:
-Երբ թեկնածությունը կհաստատվի, մենք միասին կքննարկենք: Այս պահին չեմ ցանկանում քննարկել նման հարց:
-Չի բացառվում, որ «Ելք» դաշինքն էլ վարչապետի թեկնածու ներկայացնի: Եւ, ընդհանրապես, բոլոր խմբակցություններն իրենց թեկնածուին կարող են առաջադրել, եթե «Ծառուկյան» խմբակցությունն էլ որոշի թեկնածու ներկայացնել, կա՞ն արժանի մարդիկ, ովքեր իսկապես կարող են տնտեսական եւ այլ առումներով վարչապետի թեկնածու լինել:
-«Ծառուկյան» դաշինքում` ե՛ւ կուսակցության մեջ, ե՛ւ համակիրների թվում, բազմաթիվ արժանի մարդիկ կան, որոնք կարող են ցանկացած պաշտոնում պաշտոնավարել: Թեկնածություն կառաջադրվի, թե ոչ, դա միայն կորոշի խմբակցությունը:
-Իսկ ամենաարժանի թեկնածուն ո՞վ է:
-Ամենաարժանին խիստ հարաբերական է: Արժանի կա, որ մարդկային որակներով է արժանի, արժանի կա` մասնագիտական գիտելիքներով է արժանի, արժանի կա` երկուսը միասին: Տարբեր արժանիքներ կան: Համակարգերը եթե աշխատեն, ով որ չի համապատասխանում, շատ արագ տեղը զիջելու է:
-Բայց ինչո՞ւ եք այդքան լավատես, քանի որ մինչեւ հիմա անձերն են որոշումներ կայացրել: Եվ շատ հաճախ է ասվում, որ ՀՀԿ-ում մեկ անձի իշխանություն է, որը որոշումը ընդունում է, իսկ մնացյալը համակերպվում ու համաձայնում են:
-Քանի որ կառավարման նախագահական համակարգ էր, անձերի դերը շատ մեծ էր, հիմա մենք ինչու անցանք խորհրդարանական համակարգի. որպեսզի բացառենք անձերի դերը:
-Բայց Դո՞ւք էիք ուզում, թե՞ պարզապես Սերժ Սարգսյանը որոշեց, Հանրապետականն ու մյուսներն էլ արդեն համաձայնեցին:
-Ցանկացած ժամանակահատված իր մարտահրավերներն ընդունելու հատկություն ունի: Դու կարող ես երկար դիմադրել գետի հոսքին, բայց չես կարող գետին հակառակ ընթանալ: Դա բերեց համակարգային փոփոխությունների: Ով սկսեց առաջինը, դա խիստ վիճելի հարց է: Մենք ի սկզբանե նման ծրագրային մոտեցում ունեցել ենք, Դաշնակցությունը դա առաջարկել է շատ ավելի վաղ: Այնպես չի, որ այդ թեման օդից ընկավ:
-Կարծես թե իսկապես Ձեր օրակարգում չկա վարչապետ առաջադրելու հարցը: Կարծում եք` քանի որ Սերժ Սարգսյանն է անցնելու, իմաստ չկա՞, որպեսզի «Ծառուկյան» խմբակցությունն իր թեկնածուին առաջադրի:
-Երբ առաջարկ կլինի, կքննարկենք: Կլինի «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, կլինի «Ելքի», ՀՀԿ-ի, թե Դաշնակցության, մենք քննարկելու ենք:
-Ձեր առաջնորդին համարո՞ւմ եք վարչապետի արժանի թեկնածու:
-Ես պարոն Ծառուկյանին համարում եմ արժանի թեկնածու: Բայց դա իր հարցն է, ինքը կորոշի, կցանկանա, թե ոչ, դա երկրորդ հարցն է:

 

 

 

«ԵԹԵ 200.000 ՄԱՐԴ ԼԻՆԻ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ ՔԱՅԼԻ ՉԻ ԳՆԱ»

«Հանուն Հայաստանի փրկության», ինչպես նաեւ նորաստեղծ «Փոխելու ենք» նախաձեռնությունները պայքարելու են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Պայքարի մարտավարության եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է այդ կառույցի նախաձեռնող խմբի անդամներից Արմեն Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք իրականացնելու Ձեր պայքարը:
-Մոբիլիզացնել հանրությանը, որպեսզի փողոցային պայքարը ստացվի:
-Եթե պայքարը չհաջողի, եւ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, ի՞նչ ենք ունենալու արդյունքում:
-Ունենալու ենք ավելի ավտորիտար երկիր, բռնություններն ավելի շատ են լինելու իշխանության կողմից: Եվ ցանկացած մարդ, ով փորձի պայքարել, իշխանությունը փորձելու է կիրառել այն մեթոդները, որոնք, օրինակ, այսօր կիրառել է Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ, որը քաղբանտարկյալի կարգավիճակում էր, եւ իրեն նստեցրին: Ամեն քաղաքացի պետք է հասկանա, որ իր որոշումից շատ բան է կախված: Սերժ Սարգսյանի վերջին տարիների ձախողումները հուշում են, որ ապագան ավելի վատ է լինելու: Եվ դրանից խուսափելու համար` անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ պայքարեն:
-Այդ դեպքում իշխանությունը կվարանի՞ բռնի ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ, թե՞ հնարավոր կլինի խուսափել դրանից:
-Կարծում եմ` հնարավոր կլինի, եթե փողոցում շատ մարդ լինի: Եթե փողոցում 100.000 կամ 200.000 մարդ լինի, իշխանությունը նման քայլի չի գնա, դժվար կլինի նրա համար այդ քայլին գնալ: Պայքարը հաջողելու համար կարեւոր է, որպեսզի մարդիկ միանան, նաեւ քաղաքական ուժեր: Բայց եթե կան տարաձայնություններ, դա դեռ չի նշանակում, որ պայքարը չի շարունակվելու: Կարծում եմ` հնարավոր է` այլ ձեւաչափով համագործակցության տարբերակներ լինեն:

Նյութերը՝ ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

ԿՐԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Ազգային ժողովում քննարկվող օրենքի նախագծերից այնպիսի տպավորություն է, թե ապրիլից հետո Հայաստանում անգամ ամենափոքր հարցը չի կարող որոշվել առանց վարչապետի: Օրինակ` ԱԺ օրակարգում ընդգրկված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որտեղ նշված է, թե Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին եւս նշանակելու է վարչապետը: Նա պետք է այդ նշանակումն անի այն մարդկանցից, ովքեր հաստատված մրցույթում հաղթող են ճանաչվում: Բացի այդ` երկրում արտակարգ եւ ռազմական դրության ժամանակ հեռուստատեսությամբ ուղերձով հանդես է գալու ոչ թե նախագահը, այլ ՀՀ վարչապետը: Այլ կերպ ասած` իշխանական ողջ բուրգը ձեւավորվում է Սերժ Սարգսյանի «հագով», որպեսզի նա վերահսկողություն ունենա բոլոր ոլորտներում անխտիր:

 

 

ՎԵՐՋՆԱԳՐԻՑ ՀԵՏՈ
Փետրվարի 15-ին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի վերջնագիրը կարծես դաս չեղավ քննիչների համար: Լոռու մարզի վարչության պետի եւ եւս երկու քննիչների կալանավորումից հետո կոլեգիայի ընդլայնված նիստում Հովսեփյանն ասել էր. «Եթե ինչ-որ բան եք անելու, որ ստվեր պետք է գցի մեր ընդհանուր կերպարի վրա, ավելի լավ է թողեք, հեռանաք, մենք փոխարինող կգտնենք»: Բայց պարզվում է` ոմանք շարունակել են իրենց անօրինությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հովսեփյանի հայտարարությունից 5 օր անց` 2018 թվականի փետրվարի 21-ին, ԱԱԾ-ի քննչական վարչությունում կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արդեն երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ այդ գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչն ու մի քաղաքացի: Տվյալներ են ձեռք բերվել, որ նրանք կաշառքի դիմաց օգնել են զորակոչման ենթակա մի շարք զորակոչիկների` պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատվել: Իսկապես, իրավապահ համակարգում տիրող վիճակը մտահոգիչ է:

 

 

ԱՐԺԵԶՐԿՎԱԾ
Մարտի 7-ին Սերժ Սարգսյանը մի շարք գործիչների, այդ թվում` սերիալների սցենարիստ Դիաննա Գրիգորյանին էր պետական պարգեւի արժանացրել` տալով Խորենացու մեդալ: Դիաննա Գրիգորյանին հատկապես սոցիալական ցանցերում քննադատեցին, մինչդեռ իրական քննադատությունը պետք է ուղղվեր անձանց, որոնք էլ նախագահական պարգեւատրման համար ներկայացրել էին Գրիգորյանի անունը: «Ժողովուրդ» օրաթերթը նախագահականից հետաքրքրվեց՝ ով է առաջադրել Դ. Գրիգորյանի թեկնածությունը, եւ ինչ չափանիշներով է նա ընտրվել: Սակայն հստակ պատասխան չի տրվել. միայն նշված է, որ օրենքի համաձայն` մեդալներով պարգեւատրելու միջնորդությունները ներկայացնում են վարչապետը, պետական մարմինների ղեկավարները, Երեւանի քաղաքապետը, նաեւ այլ անձինք: Իսկ թե կոնկրետ ովքե՞ր, չեն ասել:




Լրահոս