ՀՀԿ-Ն ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր արդիական է մնում նրա հետագա պաշտոնավարման հարցը նոր Սահմանադրության պայմաններում, երբ կառավարության ղեկավարը դառնում է երկրի փաստացի տերն ու տիրակալը: Ի սկզբանե բազմաթիվ էին այն կարծիքները, որ Կարեն Կարապետյանին իշխող կուսակցությունը բերեց եւ այդ պաշտոնում նշանակեց` խորհրդարանական ընտրություններին նոր լիդերով հանդես գալու համար: Իշխանությունները հասկանում էին, որ Սերժ Սարգսյանի դեմքով իրենք չեն կարող մեծ շանսեր ունենալ, իսկ Կարեն Կարապետյանն իր «դրայվով» եւ բազմազան ժիլետներով կարող է գրավել հանրության վստահությունը: Այդպես էլ եղավ, եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հավաքած ձայների մեծ մասը եղել են հենց Կարեն Կարապետյանի շնորհիվ. ոմանք էյֆորիայի մեջ էին ու հանձին նրա` փոփոխությունների հույս ունեին:

Հատկանշական է փաստը, որ այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը դեռ նոր էր նշանակվել վարչապետ, ՀՀԿ-ականները միաբերան նշում էին, թե նրա հետագա պաշտոնավարումը կախված կլինի իր կառավարության ցուցադրած արդյունքներից: Ինքը` Կարեն Կարապետյանը եւս մի քանի անգամ ասել էր, որ կշարունակի աշխատել, եթե արդյունավետ եւ պահանջված լինի:
Թեկուզ թվանկարչության միջոցով, բայց Կարեն Կարապետյանին հաջողվել է որոշակի ցուցանիշներ արձանագրել: ԱՎԾ-ն հրապարակել է սոցիալ-տնտեսական վիճակի մասին տվյալներ, ըստ որոնց` միայն տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 8.6 տոկոս: Կառավարությունը զգալի աճ է ցույց տվել նույնիսկ շինարարության ոլորտում՝ 27.7 տոկոս, այնինչ` տարիներ շարունակ այս ոլորտում միայն անկում էր: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել են 8.3 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 43.2 տոկոսով, իսկ ներքին առեւտրաշրջանառությունը՝ 17.4 տոկոսով: Սրանք առաջին երկու ամսվա ցուցանիշներն են: Միաժամանակ Կարապետյանի կառավարությունը կարողացել է արդյունքներ գրանցել նաեւ նախորդ տարի. 2017թ., ըստ պաշտոնական տեղեկատվության, տնտեսական աճը եղել է ավելի քան 7 տոկոս, եւ աճ է եղել բոլոր ոլորտներում՝ արդյունաբերություն, շինարարություն, ներքին ու արտաքին առեւտրաշրջանառություն եւ այլն: Իսկ Կարապետյանի կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում թմբկահարելու, որ իրենք վերջին տարիների համար աննախադեպ արդյունք են գրանցել: Նշենք նաեւ, որ վարչապետի խոսնակ Արարատյանը նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյո՞ք Կարապետյանը ցանկանում է շարունակել պաշտոնավարումը, պատասխանել էր. «Հաշվի առնելով այն ծրագրերը եւ մատնանշած բարեփոխումները, որ իրականացնում է կառավարությունը, ինձ թվում է` ենթադրությունները Դուք կարող եք անել»:
Բայց արի ու տես, որ այս ցուցանիշներից հետո իշխող կուսակցության ներկայացուցիչները պնդում են՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, եւ նրան են տեսնում ապագա վարչապետի՝ երկրի փաստացի ղեկավարի պաշտոնում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱՎԾ-ի հրապարակած տվյալները կապեց թե՛ կառավարության աշխատանքի, թե՛ արտաքին ազդակների հետ: Սակայն նա եւս ընդգծեց, թե այս ամենի հետեւում ամեն դեպքում Սերժ Սարգսյանի իշխանության ու ՀՀԿ-ի ծրագիրն է կանգնած: «Այս ամենի վրա իր դրական ազդեցությունը երկու գործոն է թողնում: Առաջինը՝ ԵՏՄ-ն է, որի շուկան գնալով իրեն զգացնել է տալիս: Իսկ երկրորդը` ես կարծում եմ` էական նշանակություն ունի ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների ջերմացումը»,- նշեց նա:
Դիտարկմանը` մեջբերված տվյալները կարո՞ղ ենք դիտարկել Կարեն Կարապետյանի կառավարության հաջողություն, թե՞ սա իշխանությունների աշխատանքի արդյունքն է, Հարությունյանը նշեց. «Ես Կարեն Կարապետյանի եւ իշխանությունների հաջողությունները չէի տարանջատի: Կարեն Կարապետյանն իր քաղաքականությունն իրականացնում է այն օրենսդրական նախաձեռնություններով, որոնք անցնում են Ազգային ժողովով: Կարապետյանն իրականացնում է ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի պահանջները: Ես չեմ կարող պնդել, թե այդպիսի հաջողություն կլիներ նաեւ այլ վարչապետի դեպքում, սակայն պետք է համաձայնենք, որ կա կառավարության գործունեության ծրագիր, որը ՀՀԿ-ի պատասխանատվությունն է որպես իշխող ուժ: Այդ ծրագրի դրույթներն են հենց իրականացվել կառավարության կողմից: Արդյո՞ք դա կարելի է վերագրել միայն կառավարությանը, համաձայնեք, որ իշխանություններին վերագրելն անհամեմատ ավելի արդարացված է: Դե, իհարկե, նախագահն ազդեցություն ունեցել է», – նշեց նա:
Խոսրով Հարությունյանի խոսքով` Սերժ Սարգսյանը բոլոր կարեւոր ոլորտներն իր տիրապետության տակ է պահել՝ հաճախակի հանդիպելով պաշտոնյաների հետ: Հարցին՝ անարդար չէ՞, որ Կարապետյանն այսքան արդյունավետ է աշխատել, սակայն իր տեղը պետք է զիջի Սերժ Սարգսյանին, ում անփոխարինելի են համարում, Հարությունյանը նկատեց. «Իհարկե ոչ: Հարցրեք Կարեն Կարապետյանին, ինքն իրեն շատ է վստահ զգում, ասենք, Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված բանակցություններում: Նա, իմ կարծիքով, պատասխանելուց առաջ երկար կմտածի: Ես կարող եմ բազմաթիվ այդպիսի օրինակներ բերել, որոնք կապ չունեն տնտեսության հետ, եւ Կարեն Կարապետյանը եւս կխորհի՝ արդյո՞ք այդպես հանպատրաստից արժի այդպիսի պատասխանատվության տակ մտնել»:
Ստացվում է՝ ՀՀԿ-ի համար ձայներ բերելու հարցում Կարեն Կարապետյանն անփոխարինելի էր, նրա «ժիլետն» օգտագործեցին, սակայն հիմա միեւնույն է` Սերժ Սարգսյանն է շարունակելու իշխանության ղեկին մնալ: Այն, որ նոր Սահմանադրության պարագայում Սերժ Սարգսյանը զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը, պարզ էր ի սկզբանե. սա վաղուց ծրագրված սցենար էր, եւ ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների ողջ գործընթացը կազմակերպվեց, ու կյանքի գնով իշխանություններն այն իրականություն դարձրին հենց Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրության համար: Ու միայն ծայրաստիճան միամիտներն էին համոզված, որ կարող է ինչ-որ փոփոխություն տեղի ունենալ, եւ որ Ս.Սարգսյանն իշխանությունը կփոխանցի Մոսկվայից եկած Կարապետյանին:
Հ.Գ. Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Կարեն Կարապետյանը խուսափեց պատասխանել իր հետագա պաշտոնավարման շուրջ հարցին: Մասնավորապես «Ելք»-ի պատգամավորներից Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ վարչապետը նշել էր, թե պատրաստ է հետագայում էլ պաշտոնավարել, ինչին ի պատասխան` Կարապետյանը շեշտեց. «Հարց եք տվել՝ պատրաստ եմ, թե չէ ասել եմ՝ պատրաստ եմ, քննարկումը դեռ չկա»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ
Երեկ խորհրդարանում 64 կողմ, 27 դեմ ձայներով Սահմանադրական դատարանի նախագահ նշանակվեց Հրայր Թովմասյանը: 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 94-ը, սակայն քվեատուփում առկա էր 93 քվեաթերթիկ, որոնցից անվավեր են ճանաչվել 2-ը: Պատգամավորներից մեկն էլ իր քվեաթերթիկը մոռացել էր քվեախցիկում: Նկատենք, որ թեեւ երեկ ԱԺ նիստին գրանցվել էր 97 պատգամավոր, սակայն նրանցից երեքն այդպես էլ չէր մասնակցել Թովմասյանի քվեարկությանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հրայր Թովմասյանը կրկին 64 կողմ եւ 27 դեմ ձայների հարաբերակցությամբ նաեւ ՍԴ անդամ էր ընտրվել մարտի 2-ին: Ասել է, թե ԱԺ պատգամավորներից 27 հոգի մշտապես պատրաստ է դեմ քվեարկել նրան. նա 27 դեմ ձայն ստացել էր նաեւ այս ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելիս: Ինչ վերաբերում է կողմ ձայներին, ապա չեն եղել միայն կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ինն ու ՀՅԴ-ինը: Արձանագրված 64 ձայներն արդեն իսկ վկայում են, որ մյուս ընդդիմադիր խմբակցություններում եւս Թովմասյանին «թաքուն» սիրողներ կան: Մեկ փաստ էլ, երեկվա դրությամբ ՍԴ կայքում որպես ՍԴ նախագահ ներկայացված էր Գագիկ Հարությունյանը, իսկ Թովմասյանի անունը ՍԴ անդամների շարքում էր գրված, այն էլ առանց լուսանկարի:

 

 

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ
1990-ականներին դաշնակցականների «Դրո» գործի շրջանակներում ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն «Արթիկ» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ: Օրերս Արծրունու պաշտպանները բարձրաձայնել էին, որ Արթիկի ՔԿՀ-ում նրան պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում, ուստի չի բացառվում նաեւ, որ տեղափոխումը պայմանավորված է նրա բուժման հարցերը կարգավորելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում նաեւ` Արծրունուն առաջիկայում պայմանական վաղաժամկետ ազատ արձակեն. տեւական ժամանակ է՝ այս հարցը արծարծվում է, եւ ըստ լուրերի` նա ներման հերթական խնդրագիրն է ուղարկել Սերժ Սարգսյանին:

 

 

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ
Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել են «Սասնա ծռեր»-ի գործով հեռախոսազրույցների գաղտնալսումների վերծանումները, ըստ որոնց` խմբավորման անդամներից Պավլիկ Մանուկյանն ասել է. «Նիկոլին մի՛ լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք, Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվեք գանգին՝ չերեւա»: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյանի վերաբերմունքը: Սակայն նա հրաժարվեց խոսել. «Չեմ մեկնաբանում»,-ասաց Փաշինյանը: Նա անպատասխան թողեց նաեւ հարցը, թե արդյո՞ք ցանկություն կա, որպեսզի «Սասնա ծռերի» համակիրները միանան ՔՊ նախաձեռնած պայքարին: Նշենք, որ «Ծռերի» աջակից Ալեք Ենիգոմշյանը չէր բացառել այդ պայքարին միանալու հարցը:

 

 

ԿԳՈՐԾԵՆ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ
«Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ասել է, որ տեղյակ է Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզից, սակայն այդ կապակցությամբ միջադեպ չի եղել իրենց միջեւ: «Միջադեպ չի կարող լինել: Կարող է` տարաձայնություն լինի, որը հարթվում է: Մեր դաշինքի հզորությունը հենց դա է, սակայն տարակարծություն էլ չի եղել»,-ասել է նա: Դիտարկմանը, թե արդյո՞ք «Ելք»-ը չի փլուզվում` հաշվի առնելով, որ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները փողոցային պայքարի անհրաժեշտության հարցում միակարծիք չեն ու «Քաղաքացիական պայմանագրին» փողոցում կարող են միայնակ թողնել, Միքայելյանը նկատել է. «Այստեղ միայնակ թողնելու բան չկա: Ես էլ, կարող է, փողոցում ակտիվ չլինեմ իմ մասնակցությամբ` առողջական վիճակից ելնելով, բայց դա չի նշանակում մենակ թողնել»: Ս. Միքայելյանն ընդգծել է, որ դաշինքի անդամ կուսակցություններում կա կոնսենսուս` թույլ չտալ Սերժ Սարգսյանի երրորդ իշխանավարումը: Ըստ պատգամավորի` «Քաղաքացիական պայմանագիրը» չունի մտավախություն առ այն, որ եթե ժողովրդին դուրս բերի փողոց, ապա նրանց նկատմամբ կարող է ուժ կիրառվել. «Մենք մեր գործունեությունը քաղաքակիրթ ձեւով կծավալենք»- նշել է նա:

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեկ Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի եւ դրանից բխող 2018թ. գործողությունների ծրագրի վերաբերյալ: Ս. Սարգսյանին ներկայացվել են թվային փոխակերպման հիմնական սկզբունքները եւ ռազմավարական շրջանակը, միջազգային հաջողված փորձը, թվային փոխակերպման իրականացման համար անհրաժեշտ ծրագրերը:




Լրահոս