ՍՏԱՑԱԾ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՎԱՐԿԸ ՄՍԽԵ՞Լ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ի եւ Գերմանիայի Դաշնության միջեւ կնքված պայմանագրով KFW բանկի եւ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի իրականացման երրորդ փուլը փակուղի է մտել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործադիրը նախատեսում է Համայնքների ենթակառուցվածքների ծրագրերի 2-րդ եւ 3-րդ փուլերի վարկային համաձայնագրում որոշակի փոփոխություններ անել։

Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը նախատեսում է լուծարել վարկային համաձայնագրի կողմեր հանդիսացող ընկերությունները։ Խոսքը «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունների մասին է։ Մինչդեռ վերոնշյալ վարկային համաձայնագրով այդ ընկերություններին 3 մլն եվրո էր ուղղվել՝ գյուղերում ջրի մատակարարման եւ ոռոգման համակարգի վերականգնման նպատակով։
Հիշեցնենք, որ գործադիրի` դեռեւս անցած տարվա որոշմամբ ընկերությունները սպասարկման տարածքները, իրենց կողմից օգտագործվող եւ պահպանվող ջրային համակարգերը եւ մյուս գույքը վարձակալության տվեցին «Վեոլիա ջրին»։
Ըստ ջրային տնտեսության պետական կոմիտեի՝ Գերմանիայի զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման վարկային ծրագրի երրորդ փուլի վերաբերյալ 2013 թվականին ՀՀ կառավարության եւ KFW բանկի միջեւ կնքվել է «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II-3 փուլ» անվանումով պայմանագիրը:
Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է 6 քաղաքների եւ 37 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգնման աշխատանքների, բաշխիչ ցանցերի վերականգնման, Գյումրի քաղաքի առավել ռիսկային կետերի (Աթոյան, Շիրակացի, Ղուկասյան փողոցների) կոյուղու համակարգի վերականգնման, Վանաձոր, Արմավիր քաղաքների ջրամատակարարման համակարգի նորացման, ինչպես նաեւ թվով 3 ջրամբարների կառուցման աշխատանքների որոշ մասի իրականացումը:
Բայց պարզվում է` մի քանի տասնյակ միլիոն եվրոյի հասնող վարկը այդպես էլ իր նպատակին չի ծառայել։ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ անգամ դժգոհություններ է ստացել հիմնականում Արմավիրի մարզի Մեծամոր եւ Շիրակի Գյումրի քաղաքների բնակիչներից։
Բանն այն է, որ Մեծամորի բնակիչները երկար տարիներ է, ինչ ապրում են գարշահոտության մեջ. պատճառը մաքրման կայանի պարբերաբար չաշխատելն է։
Մեծամորցիների պատմելով` Զարթոնք գյուղի մոտ կա մաքրման կայան, որտեղ լցվում են Արավիր, Մեծամոր քաղաքների, ինչպես նաեւ հարեւան գյուղերի կոյուղիները։ Ի դեպ, դրանով ոռոգվում են մի քանի գյուղերի հողատարածքները։ Մինչդեռ «Նոր Ակունք» ընկերությունը վարկային միջոցներով պետք է մասնակի վերականգներ Արմավիր-Մեծամոր կոյուղու գլխավոր կոլեկտորը եւ Մեծամորի կոյուղու պոմպակայանը: Ըստ «Նոր Ակունք» ընկերության՝ մասնակի վերականգնվել է Արմավիր քաղաքի ջրահեռացման ներքին ցանցը։ Բայց Արմավիր քաղաքի բնակիչները հակառակն են պնդում՝ նշելով, որ մաքրման կայան այդպես էլ չի կառուցվել։ Թե որտեղ են ծախսվել վարկային միջոցները, հանրությանը այդպես էլ տեղյակ չի պահվել։ Ըստ էության, դա այդպես էլ չի բացահայտվի, քանի որ «Նոր Ակունք»-ը լուծարվում է։
Իսկ ահա Գյումրու Հ. Սարգսյան փողոցի բնակիչները արդեն հույսները կորցրել են, որ երբեւէ նոր ջրագծեր կանցկացվեն։ Նշված փողոցի բնակիչները ամռան ամիսներին գարշահոտությունից չեն կարողանում քնել իրենց տներում։
Նշենք, որ գերմանական բանկը վարկը մաս-մաս է տրամադրել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Շիրակի մարզում ջրագծերի անցկացման եւ բաշխիչ ցանցերի վերականգնման առաջին փուլի համար ծախսվել է մոտ 15 մլն եվրո գումար: Այժմ ծրագրով նախատեսված աշխատանքները իրականացնելու է ջրային տնտեսության պետական կոմիտեն։ Արդյո՞ք այս գերատեսչությունը կկարողանա ստացած վարկային միջոցները ըստ նպատակի ծախսել, թե՞ իրենք էլ կմսխեն այն, ցույց կտա ժամանակը։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԷԴ ՈՆՑ ԹԱՆԿԱՑԱ՞Վ
ԱԺ-ում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկմանը պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել է, որ Հայաստանն Իրանից կարող է ունենալ ավելի էժան գազ, ուղղակի չկա դրա համար քաղաքական կամք, բանակցողներ, իշխանություն: Նա հարց է ուղղել ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին` նշելով, որ հիմա գազը Հայաստան հասնում է 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով, սակայն բնակիչներին է հասնում մոտ 290 դոլարով (139.000 դրամ). «Այս տարբերությունը որտեղի՞ց է, ես այս հարցին չեմ լսել հոդաբաշխ պատասխան, թե ինչու է բնակիչն այդքան թանկ ստանում գազը»: Ի պատասխան` Աշոտ Մանուկյանն ասել է, որ այդ տարբերությունը գոյանում է խողովակների նորոգման, շահագործման ծախսերից, նաեւ «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակազմին աշխատավարձ է տրվում, կան պահպանման ծախսեր. «Տարբերության մեջ մտնում են այս ծախսերը եւ 7,25 տոկոս կորուստները: Մեր բոլոր սակագները սահմանվում են հանձնաժողովի կողմից, բաց, թափանցիկ գործիքակազմի եւ նաեւ տրվում է ժամանակ` այդ սակագները հանրության հետ քննարկելու համար: Ո՞ր ծախսային մասն եք համարում ուռճացված, ասե՛ք, ես պատրաստ եմ լրջորեն քննարկել եւ ներկայացնել տեղեկատվություն»,- ասել է նախարարը:

 

 

ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ
Նախօրեին Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոցում շարունակում են մնալ 9 տուժածները, այս մասին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Տուժածներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսի վիճակը կայուն ծանր է: Տուժածներից վեցը շարունակում են մնալ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում: Բժիշկների գնահատմամբ` նրանցից երկուսն այսօր հնարավոր է` դուրս գրվեն:
Հիշեցնենք, որ Երեւանից Մոսկվա ուղեւորվող ավտոբուսը բախվել էր բեռնատարին, որի հետեւանքով զոհվել է 2 մարդ: Վթարի պատճառը ավտոբուսի հանդիպակաց ուղեմաս դուրս գալն է եղել:

 

 

ԵՂԱՆԱԿՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
Մարտի 22-ին, 23-ին եւ 24-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը մարտի 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով: Մայրաքաղաքում մարտի 22-23-ը եւ 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:




Լրահոս