Անահիտ Աբադը «Եվա» ֆիլմի արգելանքը դատապարտելու հարցում ակնկալում է մեր պետական այրերի արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում արգելվել է ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Այն պետք է ցուցադրվեր մարտի 17-ին, Ստամբուլում, սակայն տեղի նահանգապետարանը զգուշացրել է, որ ներքին գործերի նախարարությունն արգելել է ցուցադրությունը: «Մարմարա» օրաթերթը, հղում անելով «Ֆիլմմոր» կինոփառատոնի ներկայացուցիչներից Մելեք Օզմանին, գրում է, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական միջամտությամբ: Բանն այն է, որ ըստ Ադրբեջանի կառավարության հաղորդագրության` ֆիլմը «տպավորություն» է ստեղծում, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է: Այս նկատառումը հաշվի առնելով էլ թուրքական իշխանություններն արգելել են «Եվայի» ցուցադրությունը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Եվա» ֆիլմի գլխավոր ռեժիսոր եւ սցենարիստ, իրանահայ Անահիտ Աբադի հետ:

-Տիկի՛ն Աբադ, վերջերս նշել էիք, որ ակնկալում եք արգելանքի դեմ հայ մտավորականության ակտիվ արձագանքը: Սպասված արձագանքները եղա՞ն:

-Ինձ ուրախացրեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության տարածած հաղորդագրությունը, որով վերջինս դատապարտում է ֆիլմի ցուցադրությունն արգելելու որոշումը: Իր դիրքորոշումը ցույց է տվել նաեւ ֆիլմի կոմպոզիտոր Վահան Արծրունին: Հարցն այն է, որ քաղաքական կոպիտ վերաբերմունք է դրսեւորվել արվեստի գործի նկատմամբ: Ընդ որում, սա ամենակոպիտ դրսեւորումներից մեկն է, որին ես վերջին տարիներին ականատես եմ եղել: Եթե «Եվայի» արգելանքի վերաբերյալ հայ մտավորականությունը կեցվածք չդրսեւորի, ուրիշներից ի՞նչ ակնկալենք:

-Ուրիշներից, նկատի ունեք՝ օտարազգի գործիչների՞ց:

-Այո՛, ես նամակ եմ հղելու փառատոնի կինոգործիչներին եւ արտահայտելու եմ իմ դժգոհությունը: Փառատոնի մասնակիցները չեն արտահայտել իրենց տեսակետը: Բայց նրանք կարող են որպես բողոքի նշան, օրինակ, այնպես անել, որ իրենց ֆիլմերն էլ չցուցադրվեն: Պատկերացնու՞մ եք՝ եթե նրանց ուղղված նամակը ոչ միայն իմ, այլեւ մի խումբ կինոգործիչների անունից լիներ, որքան ավելի մեծ կլիներ դրա ազդեցությունը: Ես նաեւ Ձեզ եմ ուզում հարցնել՝ Դուք՝ որպես լրագրող, ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին:

-Ես կարծում եմ, որ արվեստի որեւէ գործի վրա որեւէ պարագայում արգելանք չպետք է դրվի: Ըստ իս, քանի որ արգելանքը քաղաքական հողի վրա է դրվել, անչափ կարեւոր է մեր քաղաքական գործիչների, արտաքին գործերի, մշակույթի նախարարությունների արձագանքը, համաձա՞յն եք:

-Ես այդ ասպարեզի մարդ չեմ, բայց կարծում եմ, որ, այո, մեր քաղաքական գործիչները, պետական այրերը եւս պետք է իրենց դիրքորոշումը ցույց տան:

Նշենք, որ «Եվա» ֆիլմի արգելքի հարցը մարտի 19-ին Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել էր նաեւ հայազգի պատգամավոր Սելինա Դողանը: Նա մեջլիսի ղեկավարությանն էր ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցում՝ նշելով, թե ներքին գործերի նախարարությունն արդյո՞ք ուսումնասիրել է ֆիլմը եւ եթե այո, ապա ո՞ր տեսարանն է պատճառ հանդիսացել նման արգելքի համար:

Հավելենք, որ «Եվա» լիամետրաժ ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որը մոռանալու համար իր հետ տարիներ առաջ տեղի ունեցած ծանր պատմությունը, դստեր հետ հեռանում է Երեւանից եւ հաստատվում է Արցախում: Սակայն անցյալը ամենուր հետապնդում է նրան: Ֆիլմը նկարահանվել է Արցախում։ Կինոնկարում խաղում են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էվելինա Ադամյանը, Մարատ Դավթյանը եւ այլք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս