Երկու երկրների կապերը զարգացնելու առաքելությամբ. Հայաստանում բացվեց Լյուքսեմբուրգի հյուպատոսարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում մարտի 27-ին հանդիսավորությամբ բացվեց Լյուքսեմբուրգի հյուպատոսարանը: Բաղրամյան 24 հասցեում այսուհետ գործող հյուպատոսարանը դառնալու է երկու երկրների համագործակցության կարեւոր կենտրոնը Հայաստանում:

Հյուպատոսարանի բացումը կատարեցին այդ նպատակով իր պատվիրակության հետ Հայաստան ժամանած Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսն է Սուրեն Զոհրաբյանը: Բացմանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Կարինե Աճեմյանը:

«Մեր առաքելությունը շատ հստակ է. փորձելու ենք Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ կապերը ավելի զարգացնել տարբեր ոլորտներում՝ բանկային, բիզնեսի, երիտասարդների փոխանակման ծրագրերի, եւ այդ նպատակով ստեղծվում է նաեւ Լյուքսեմբուրգի եւ Հայաստանի առեւտրի պալատ: Գիտեք՝ եվրոպացիները Հայաստանի մասին շատ չգիտեն. հեռուստատեսությամբ, համացանցով ուրիշ բան է, իսկ երբ գալիս են Հայաստան, տեսնում են, նրանք զարմանում են: Լյուքսեմբուրգը Եվրոպայի սիրտն է, եւ այդ երկրի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց հյուպատոսը՝ ընդգծելով, որ Լյուքսեմբուրգին Հայաստանը կարող է առաջարկել այն, ինչ մյուս երկրներին:

Նա տեղեկացրեց, որ Լյուքսեմբուրգը աշխարհում ամենաբարձր համախառն ներքին արդյունք ունեցող երկրներից է, այնտեղ երրորդ ամենաշատ ներդրում կատարող երկիրը Ռուսաստանն է:

«Փառք Աստծո, կնքվեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագիրը, ինչը նույնպես ներդրումներ բերելու հարցում խթան կլինի»,-նշեց Սուրեն Զոհրաբյանը:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնը նշեց, որ մեծ հաճույքով է վերադարձել Հայաստան եւ հավելեց, որ իր առաջին՝ 2012 թվականի այցից հետո Հայաստանը չի փոխվել:

«Հայաստանը մի երկիր է, որը կարեւոր է եվրոպական երկրների համար եւ հենց Լյուքսեմբուրգի համար»,-նշեց Ժան Ասելբորնը եւ ասաց, որ հանդիպում է ունեցել ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ, քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:




Լրահոս