«Մրցանակը ստիպում է ավելի լավ աշխատել»․ «Արտավազդ» ստացավ «ռոքոտ» «Ռոմեո եւ Ջուլիետը»

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:

րցանակաբաշխության շրջանակում «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Երնջակյանի «Ռոմեո եւ Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը: Լուսինեն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը սիրո մասին է, իսկ սիրո թեման հավերժ է. «Իմ բեմադրությունը ռիթմ եւ էներգետիկա հաղորդեց այս պիեսին, այն դարձավ երիտասարդական, մի քիչ էլ՝ «ռոքոտ»: Բայց մենք չենք ստեղծել միայն ֆորմա, այդ ֆորման համահունչ է ներկայացման բովանդակության հետ: Հանդիսատեսն ընկալել է այդ սինթեզը: Ես դա հասկացա, երբ հանդիսատեսի դեմքին նկատեցի արցունք: 21-րդ դարում բեմադրել «Ռոմեո եւ Ջուլիետ», որի բովանդակությունը բոլորին ծանոթ է, եւ դեռ կարողանալ հուզել, կարծում եմ, որոշակի նվաճում է»:

Մեր հարցին, թե երիտասարդական ներկայացում ունենալու համար ժամանակակից տեխնիկայով զինված լինելու հանգամանքն արդյո՞ք պարտադիր չէ, բեմադրիչը պատասխանեց. «Պարտադիր չէ, բայց ցանկալի է, որովհետեւ մենք համացանցի միջոցով ստանում ենք ինֆորմացիայի ահռելի հոսք եւ դրա պայմաններում դեռ պետք է կարողանանք հանդիսատեսի աչքը շոյել»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ մրցանակներն արվեստի մարդու, կոնկրետ Լուսինեի կյանքում ինչ տեղ ունեն. «Կստեմ, եթե ասեմ, որ դրանք իմ կյանքում մեծ տեղ ունեն, բայց կստեմ նաեւ, եթե ասեմ, որ բոլորովին անտարբեր եմ մրցանակների նկատմամբ: Մրցանակը հաճելի բան է, այն ստիպում է աշխատել ավելի լավ, հատկապես երիտասարդների համար այն շատ ոգեւորիչ է: Բայց ինձ համար, ամեն դեպքում, ամենամեծ գնահատականը լեփ-լեցուն դահլիճներն ու հանդիսատեսի շնորհակալական հայացքներն են»,-եզրափակեց Լուսինեն:

Աննա Բաբաջանյան