ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով ՀՀ մշակույթի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների մասին: Մասնավորապես ՀՀ մշակույթի եւ ֆինանսների նախարարություններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրի շրջանակներում 2014-2016թթ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետեւանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ 67 մլն ՀՀ դրամ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Բացի այդ` նշված շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած անձինք, ինչպես նաեւ կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները աշխատանքների կատարման ակտերում մտցրել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ եւ փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքները նշել են որպես կատարված:
Արդյունքում` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի` պաշտոնեական անփութության եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի` փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ 2003-2016թ. սեպտեմբերը ՀՀ մշակույթի նախարարը եղել է Հասմիկ Պողոսյանը, որն այս տարի նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական: Ասել է, թե բացահայտված չարաշահումները տեղի են ունեցել հենց նրա օրոք:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ զրուցել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Հասմիկ Պողոսյանի հետ:
-Տիկի՛ն Պողոսյան, դատախազությունը մշակույթի նախարարության գործունեության հետ լուրջ չարաշահման կեղիծքների դեպք է բացահայտել, իսկ այդ ժամանակահատվածում նախարարը Դուք եք եղել:
-Ձեզ խնդրում եմ մշակույթի նախարարության հետ կապված հարցերը ուղղե՛ք մշակույթի նախարարություն:
-Այն, ինչ բացահայտվել է, Ձեր ղեկավարման տարիների է կատարվել:
-Դիմե՛ք իրենց, ես տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը:
-Հիմա հայտնեմ` «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրի շրջանակներում 2014-2016թթ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետեւանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ 67 մլն ՀՀ դրամ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Ավելին` փաստաթղթեր են կեղծվել: Այսքան բան բացահայտել են, հիմա Ձեր մեղքի բաժինը չեք տեսնո՞ւմ:
-Ես ընդհանրապես ծանոթ չեմ այդ նյութերին, որեւէ ձեւով տեղեկացված չեմ, թե ինչի մասին է խոսքը, եւ, բնականաբար, այս պահին խոսել այդ մասին ո՛չ կարող եմ, ո՛չ էլ ցանկություն ունեմ: Իմ գործառույթների շրջանակում, եթե հարց ունեք, խնդրեմ, ուղղեք:
-Հիմա Ձեր գործառույթների շրջանակներից ելնելով` հնարավո՞ր է` դիմեք Սերժ Սարգսյանին, որ միջնորդի իրավապահներին` գործը փակեն:
-Ո՛չ, ինչի՞ մասին միջնորդեմ, ինչի՞ համար միջնորդեմ, չգիտեմ` ինչի մասին է խոսքը գնում:
-Մենք Ձեզ հայտնեցինք` ինչի մասին է խոսքը:
-Ես ինֆորմացիա չունեմ, երեւի Դուք էլ չունեք:
-Պաշտոնական տեղեկատվություն Ձեզ հայտնեցինք, թե ինչ է բացահայտել ՀՀ գլխավոր դատախազությունը. յուրացվել է 67 միլիոն դրամ:
-Ես չգիտեմ` արել են, չեն արել, այն, ինչ ասում եք, թեմային ծանոթ չեմ, բնականաբար որտեղից պետք է տեղյակ լինեմ, բայց եթե հարկ համարեն` ինձ որեւէ հարց ուղղեն, խնդրեմ:
-Այսինքն` մտավախություն չունե՞ք, որ քննության արդյունքում Ձեր մասով եւս բացահայտումներ կլինեն:
-Եթե պարզ դառնա, ձեւավորվի խնդիրը վերջնականապես, այդ ժամանակ, եթե կան մեղավորներ, ուրեմն բոլորը պետք է իրենց պատասխանը տան, եթե ձեւավորվի, բայց այս պահին որեւէ տեղեկատվություն չունեմ: Կգերադասեմ, որ սպասենք, ամեն ինչը պաշտոնական ձեւակերպում ստանա, որից հետո տեսնենք` ով իր մասով ինչ հարցի պատասխանը պետք է տա: Հուշարձանների ոլորտում միշտ էլ կան տարաձայնություններ, որովհետեւ ինքը բարդ ոլորտ է, այդ խնդիրները դժվար են լուծվում: Իմ ասածը ընդամենը հետեւյալն է, որ խնդիրը վերջնականապես ձեւակերպվի, եւ այդ պարագայում պարզ կլինի` կա՞ն մեղավորներ, թե՞ չկան մեղավորներ: Այսինքն` պետք է օրինական իր ընթացակարգով այդ գործընթացը առաջ գնա: Կրկնում եմ` այս պատմությանը ծանոթ չեմ, թե ինչ է կատարվում, միայն կարող եմ ասել, որ տարիների ընթացքում ստուգումներ միշտ եղել են, եզրակացություններ եղել են, բայց այս պահին այն, ինչ ասում եք, ես չգիտեմ` ինչի մասին է խոսքը գնում, եթե կոնկրետ ձեւակերպումները լինեն, ես կմեկնաբանեմ, եթե դա կոնկրետ, այսպես ասած, իմ աշխատելու ընթացքի հետ է եղել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՐԵ՞Լ
ԱՄՆ մուտքի արտոնագրերի շուրջ քաղաքացիների մտահոգությունները շարունակվում են: Բանն այն է, որ հայ երգիչ-երգչուհիները դիմում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, որպեսզի ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանան, սակայն դեսպանատունը մերժում է նրանց: Այս իրավիճակը ստեղծվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին եւ ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն` Դինա Ակոպովնային, եւ Հրաչյա Աթոյանին: Այս իրավիճակին անդրադարձել էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը` նշելով, որ ամեն ինչ կանեն` պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր շահարկում են ԱՄՆ վիզաների համակարգը շահ ստանալու նպատակով: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` ՀՀ-ում այս աղմկահարույց գործի շրջանակներում սպասվում են ձերբակալություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե նախարարությունը չի՞ մտահոգվում վերջին շրջանում մեծ աղմուկ հանած, ԱՄՆ մուտքի արտոնագրերի շուրջ ստեղծված աղմկալի բացահայտումից, վերջինս ասաց. «Ես ցանկանում եմ` ճիշտ հասկանանք. ամեն մի երկիր ունի իր երկիր մարդկանց ընդունելու իրավասությունը, եւ եթե լինում են խախտումներ, ապա այդ երկիրն արձանագրում է այդ խախտումը, նույնը վերաբերում է Հայաստանին»: Մեր այն դիտարկմանը, որ այս գործընթացում ներգրավված են կոնկրետ ՀՀ քաղաքացիներ, թե ինչպես են նրանք խարդախության դիմել, պարի, երգի անվան տակ մարդկանց տեղափոխել ԱՄՆ, արդյո՞ք ԱԳՆ-ն մտահոգված չէ եւ որեւէ քայլ չի պատրաստվում իրականացնել, ի վերջո, այս ամենի արդյունքում ՀՀ մյուս քաղաքացիներն են հայտնվել վատ իրավիճակում, Շավարշ Քոչարյանը նշեց. «Ցանկացած իրավիճակ պետք է դու հաշվի առնես, վերլուծես եւ կոնկրետ հետեւություններ անես, այսքանը կարող եմ ասել»:
Ի դեպ, նշենք, որ այս ամենի արդյունքում ԱՄՆ մուտքի արտոնագրից զրկվել է երգիչ Հայկ Ղեւոնդյանը` Սպիտակցի Հայկոն:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՈՒՐԻՇԻ ՄԱՍԻՆ
«Սասնա ծռեր» զինված խմբավորման դատավարության ժամանակ հրապարակվեցին Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցների գաղտնալսումների վերծանումները, որտեղ նա ասել էր. «Զուրաբյանին ու Նիկոլին մի լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք՝ Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվեք գանգին՝ չերեւա»: Շատերի մոտ տպավորություն է, թե «Զուրաբյան» ասելով Մանուկյանը նկատի է ունեցել ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին: Այնինչ` «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016թ. հուլիսյան իրադարձությունների օրերին Լեւոն Զուրաբյանն ընդհանրապես բացակայել է ՀՀ-ից, ավելին՝ ՀԱԿ ներկայացուցիչներն ընդհանրապես չգնացին Խորենացի փողոց կամ Սարի թաղ՝ հավաքված ցուցարարների մոտ, եւ դրա համար անգամ մեղադրում էին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությանը: Այդ օրերին ակտիվ էին Փաշինյանի ՔՊ-ն, «Համախմբում», «Ժառանգություն» կուսակցությունները` փորձելով առաջնորդել ժողովրդին:

 

 

ԲԱՂՄԱՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով եւ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ եւ 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` որոշում եմ. Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով»,- նշված է հրամանագրում:

 

 

ԿԱԽՎԱԾ ԴԻ
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ալավերդու ԲԿ-ից հերթապահ խումբը կանչով մեկնել է Հաղպատ գյուղ, որտեղ տներից մեկի անասնագոմում հայտնաբերել են տղամարդու կախված դի: Գյուղ է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Օրերս «Արմավիր» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1996թ. ծնված Ն. Պողոսյանը: Ավելի ուշ երիտասարդն առանց գիտակցության գալու մահացել է: Պարզվել է, որ Ն. Պողոսյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստացել է Արմավիր գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. կրծքավանդակի եւ որովայնի շրջանում դանակի գործադրմամբ 7 հարված է հասցվել: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Արմավիր գյուղում 22-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիր գյուղի բնակիչ է` ծնված 1999թ., վերջինս ձերբակալվել է եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Երեկ քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել Երեւանի Հաղթանակ կամրջից: Պարզվել է, որ 1980թ. ծնված Ա. Ե.-ը (գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ) բենզին է լցրել վրան, անցել կամրջի վտանգավոր եզրագիծը եւ սպառնացել նետվել ցած: Ոստիկանները եւ փրկարարները համատեղ ուժերով հետ են վերադարձրել Ա. Ե.-ին կամրջի անվտանգ գոտի: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին:




Լրահոս