ՀՀԿ-ՈՒՄ ՉԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունը, կոպիտ ասած, հրապարակում գցած է լինելու: Ժողովրդին մնում է գնալ ու վերցնել այն»: Այս տեսակետի շուրջ, ինչպես նաեւ ՔՊ կողմից նախաձեռնած պայքարի արդյունավետության թեմայով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հետ:

-Պարո՛ն Մախմուդյան, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունը հրապարակում գցած է լինելու. ժողովրդին մնում է գնալ ու վերցնել այն, ինչպե՞ս կմեկնաբանեք: Իշխանությունը գցա՞ծ է լինելու հրապարակում:
-Գիտեք ինչ, ինձ համար հասկանալի չէ նրա արտահայտությունը: Եվ ցանկություն էլ չունեմ դա մեկնաբանելու: Ավելի քաղաքակիրթ հարթակ կա, դա խորհրդարանն է, ու մենք միշտ հորդորել ենք, որ պետք է պայքարը տեղափոխել խորհրդարան:
-Իսկ ի՞նչ եք կարծում` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած պայքարը` ընդդեմ Սերժ Սարգսյանի վերարտադրության, կհաջողի՞:
-Ես կարծում եմ, որ այդ պայքարը ոչ մի արդյունավետություն չի ունենա: Իրենց պետք է հարցնել, թե ինչու են որոշել այդ ձեւով պայքարել: Բայց եթե ձախողում ունենան, պետք է ասեն, որ դա իրենց մեղքն է:
-Ի՞նչն է Ձեզ հուշում, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած պայքարն արդյունք չի տա:
-Ոչինչ չի հուշում, եւ ես հակված չեմ կանխատեսում անելու այդ հարցով: Բայց այդպես եմ կարծում, քանի որ այս պահին տեսանելի ոչինչ չկա իրենց կողմից, միայն հայտարարություններ են: Իրենք ասում են` գնալու ենք փողոց, մենք էլ հորդորում ենք, որ դա չէ հարցերը բարձրաձայնելու լավագույն տարբերակը: Ես ոչ թե որպես պատգամավոր, այլ որպես ՀՀ քաղաքացի` հորդորում եմ այլ ձեւաչափ ընտրել պայքարի համար:
-Ստացվում է` ՀՀԿ-ում որեւէ անհանգստություն չկա՞ կապված Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված պայքարի հետ, որի համար հատուկ ճանապարհային քարտեզ է մշակվել:
-Ես այսպես ասեմ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը ոչ մի պարագայում չի կարող անհանգստություն ունենալ, քանի որ պատճառ չի կարող ունենալ: Ես` որպես այս քաղաքական ուժի ներկայացուցիչ, կարծում եմ, որ իրենց պայքարի օգտակար գործողության գործակիցը ցածր է լինելու:
-Իսկ այն, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշեց ՔՊ-ից առանձին պայքարել եւ դա անել խորհրդարանում, ընդունելի՞ է Ձեզ համար:
-Չէի ասի` ընդունելի կամ ոչ, բայց դա ավելի նախընտրելի տարբերակ է: Մեր երկրում շատ խնդիրներ կան. խաղաղության, կայունության խնդիր կա, ունենք վատ հարեւաններ` Թուրքիա, Ադրբեջան, եւ այս ամենը պետք է ստիպի, որ իրար ավելի շատ սիրենք ու հարգենք: Ընդդիմությունը խորհրդարանում հնարավորություն ունի լսումներ կազմակերպելու, ազատ արտահայտելու իր դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ, եւ սա է ճիշտ մոտեցումը: Կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու պայմաններում ճիշտ է, որպեսզի հարցերը քննարկվեն խորհրդարանում, եւ այս ձեւով դրանց մասին բարձրաձայնվի: Իսկ թե մարդիկ դուրս կգան` մասնակցելու իրենց պայքարին, դա ես չգիտեմ: Այդ հարցն արդեն ժողովուրդը պետք է որոշի:

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԴՌՆԵՐ ՓԱԿԵԼ

Ազգային ժողովը երեկ ընդունեց լրագրողների գործունեությունը սահմանափակող օրինագիծը՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Սրանով նախատեսվում է, որ լրագրողներն այսուհետ իրավունք չեն ունենա ներկա գտնվելու Երեւանի ավագանու նիստերին, այլ դրանց կհետեւեն քաղաքապետարանում առանձնացված սենյակում՝ օնլայն ռեժիմով: «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայով զրուցել է ԱԺ պատգամավորներից մի քանիսի հետ:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան
-Պարո՛ն Փաշինյան, որպես նախկին լրագրող, ի՞նչ եք կարծում` ավագանու նիստերը դռնփակ անցկացնելը որքանո՞վ է ճիշտ:
-Որպես նախկին լրագրող` ես կիսում եմ բոլոր լրագրողների տեսակետները: Ես, բնականաբար, դեմ եմ այդ օրենքին:
-Ի՞նչ խնդիրների, խոչընդոտների պատճառ կդառնա:
-Հրապարակայնությունը ժողովրդավարության կարեւորագույն սկզբունքներից մեկն է:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արտակ Զեյնալյան
-Պարո՛ն Զեյնալյան, ի՞նչ մտահոգություններ ունեք` օրենքի հետ կապված: Հնարավո՞ր է` դիմեք Սահմանադրական դատարան:
-Դե, մենք դեմ արտահայտվեցինք օրինագծին: Համենայնդեպս, ոչ ժողովրդավար ենք համարում այս որոշումը: Իսկ կդիմենք դատարան, թե ոչ, դեռ ես պետք է ուսումնասիրեմ` որքանո՞վ է հակասահմանադրական այս քայլը, որպեսզի կարողանամ կոնկրետ հղումներ անել սահմանադրությանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյան
-Պարո՛ն Ֆարմանյան, որպես հեռուստատեսությունում աշխատած մարդ, ճի՞շտ եք համարում, որ լրագրողներին արգելվի ներսից հետեւել նիստի ընթացքին եւ միայն էկրանով տեսնել` ինչ է կատարվում:
-Լրագրողները պետք է ունենան հնարավորություն` լուսաբանելու հասարակական հետաքրքրություն ունեցող իրադարձությունները: Բայց այս օրենքով դա չի սահմանափակվում: Եթե խնդիրը դիտարկենք ԶԼՄ-ների տեսանկյունից` տեխնիկական միջոցներից սկսած` ինչպես է ավելի հեշտ լուսաբանել, այստեղ հեշտ ու դժվար լուսաբանման միջեւ ընտրության հարց է: Տեխնիկական տեսանկյունից` այո, որպես մարդ, ով այդ ոլորտում աշխատել է, կարող եմ ասել, որ լրատվամիջոցը մի փոքր ավելի երկար ժամանակ ու ջանքեր պետք է գործադրի` լուսաբանման համար:
-Իսկ ինչո՞ւ հիմա որոշվեց նման նախագիծ առաջ բերել, այլ ոչ ավելի վաղ:
-Ես հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը, բայց այս օրենսդրական նախաձեռնության մեջ որեւէ հանցավոր նպատակադրում չեմ տեսնում:
-Բայց այստեղ մի ուրիշ վտանգ էլ կա. ուղիղ հեռարձակումը ցանկացած պահի կարող են անջատել, երբ քաղաքապետարանի համար այդպես նպատակահարմար լինի:
-Հիմա տեսականորեն կարելի է շարադրել ոչ թե մեկ, այլ հարյուր սցենար: Բայց քանի դեռ դա փաստացի ապացուցված չէ, ապրիորի նման ենթադրություն անելը իրականությունից շեղում կստացվի: Աստված մի արասցէ, եթե այդպես լինի, այդ ժամանակ խոսելու անհրաժեշտություն կլինի:

Նյութերը՝ ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՑԸ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԴԵՄ
Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ, 12 տարվա ազատազրկման դատապարտված, բայց հինգ տարի անց Սերժ Սարգսյանի կողմից ներում ստացած Վազգեն Խաչիկյանի դեմ դատական հայց է ներկայացրել «Եգոր սիստեմ» ՍՊԸ-ն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավաբանական ծառայություն մատուցող այս ընկերությունը, որի տնօրենն է փաստաբան Տիգրան Եգորյանը, Խաչիկյանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով 300 հազար դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ ՍՊԸ-ն սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի աղմկահարույց չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրավաբանական ծառայություն է մատուցել, սակայն վերջինս չի վճարել ծառայության դիմաց` այդպես «քցելով» փաստաբաններին: Մեզ հայտնի դարձավ, որ «Եգոր սիստեմ» ՍՊԸ-ն միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Խաչիկյանի գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դրվի, սակայն դատավոր Աիդա Դավթյանը մերժել է միջնորդությունը: Հիշեցնենք, որ Խաչիկյանը մոտ 290 մլն դրամ կենսաթոշակի յուրացումների համար 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն կալանավայրում 5 տարի անցկացնելուց հետո ազատ արձակվեց: Այդ ընթացքում Խաչիկյանի դեմ դատարան էր դիմել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը` որպես նրա յուրացրած գումարի փոխհատուցում պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել` փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը:

 

 

ՀՀԿ-Ն ԴԵՄ Է ՀՅԴ-ԻՆ
Այլ ուժերի առաջարկները մերժելուց զատ իշխող ՀՀԿ-ն չի մոռանում մերժել նաեւ կոալիցիոն գործընկեր Դաշնակցության առաջարկները: Մասնավորապես երեկ խորհրդարանում ընդունվեց «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը, որի մեջ ամրագրվում է, որ պետական պարգեւներն ու կոչումները վարչապետն է շնորհելու: Առաջին ընթերցումից հետո չնայած օրենքում փոփոխություններ չէին արվել, սակայն մինչ այդ մերժել էին ՀՅԴ-ի ներկայացրած առաջարկը: Մասնավորապես նրանք առաջարկում էին, որ ԱԺ-ի, ՍԴ-ի եւ բարձրագույն դատական խորհրդի նախագահներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող պարգեւատրվել ՀՀ պետական պարգեւներով: Դաշնակցության ներկայացուցիչները բացատրում էին այնպես, որ անկախ մարմինների ղեկավարները չպետք է պարգեւատրվեն վարչապետի կողմից: Այս առաջարկին կողմ են եղել նաեւ «Ելք»-ի անդամները, սակայն, ի վերջո, փոփոխությունը չի ընդունվել հենց ՀՀԿ-ի կողմից: Նշենք, որ ՀՀԿ-ական կառավարությունը ժամանակին մերժել էր նաեւ 2018թ. պետական բյուջեի մասին կոալիցիոն ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության բոլոր առաջարկները:




Լրահոս