ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՍՆԱՆԿ ԿՃԱՆԱՉԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հայաստանյան առեւտրային բանկերը հայց են ներկայացրել երկու դատավորի դեմ` պահանջելով նրանց սնանկ ճանաչել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բանկը պահանջում է սնանկ ճանաչել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանին:

Հարկադրված հայցը դատավորի դեմ
Եվ այսպես` մեզ հայտնի դարձավ, որ 2018 թվականի փետրվարի 2-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի դեմ դատական հայց է ներկայացրել «Արարատ բանկ» ԲԲԸ-ն: Դատավոր Ուզունյանը բանկից գումար է վերցրել` մոտ 5 միլիոն դրամ, բայց չի կարողացել վճարել, արդյունքում բանկը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով նրան սնանկ ճանաչել: Նշենք, որ սնանկության գործով դատավոր է նշանակվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, իսկ ահա սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արտակ Մարտիրոսյանը:
Ու հիմա եթե դատավոր Սուքոյանը որոշում կայացնի եւ բավարարի բանկի հայցը` իր գործընկեր Ուզունյանին սնանկ ճանաչելով, ապա Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գույքի վրա արգելանք կդրվի, աճուրդի կհանվի նրան պատկանող գույքը, որի վաճառքից հետո բանկը կտիրանա իրեն հասանելիք 5 միլիոն դրամին:
Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը դատավոր Սամվել Ուզունյանի հայտարարագրից տեղեկացավ, որ վերջինիս ընտանիքը նախորդ տարի ավելացրել է իր անշարժ գույքը եւս 4-ով: Ուզունյանի կինը` Ալլա Հարությունյանը, 2016թ. ձեռք է բերել առանձնատուն եւ 3 հողամաս: Առանձնատունը գնվել է 380 միլիոն դրամով, իսկ հողամասերը` համապատասխանաբար` 9,8 եւ 3 միլիոն դրամով:
Դատավորի կնոջ հայտարարագրից նաեւ տեղեկանում ենք, որ այս անշարժ գույքը վերջինս անձամբ չի գնել, այլ ստացել է որպես նվիրատվություն կամ օգնություն, որն էլ կազմել է իր եկամուտների մի մասը: Տարեկան եկամուտների մնացած մասը գոյացել է 330 հազար դրամ կենսաթոշակից: Իսկ դրամական միջոցներ վերջինս չի ունեցել:
Ինքը` դատավորը, հայտարարագրել է 3 միլիոն դրամական միջոցներ եւ 19 միլիոն 861 հազար դրամ տարեկան եկամուտներ, որոնք ստացվել են երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարից: Ասել է, թե դատավորը իր անունով ոչինչ չունի:
Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանը հանրությանը առավել հայտնի դարձավ հոկտեմբերի 27-ի գործով դատավոր նշանակվելու արդյունքում, սակայն 2016 թվականին նրա անվան շուրջ աղմկալի տեղեկություններ տարածվեցին: Բանն այն է, որ 2016 թվականին Սամվել Ուզունյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահն էր, սակայն ավելի ուշ հրաժարականի դիմում գրեց եւ նշանակվեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Ասել է, թե իշխանությունների համար այդքան ծառայություններ մատուցած դատավորը հիմա պարտքերի պատճառով ընկել է դատարանի դռները:
Բայց Սամվել Ուզունյանը միակ դատավորը չէ, որին բանկը պահանջում է սնանկ ճանաչել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը» հայց է ներկայացրել ընդդեմ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի դեմ: Այս գործով դատավորը Կարինե Պետրոսյանն է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դատավոր Մելքումյանն էլ իր հերթին 5 միլիոն դրամի վարկ է վերցել, ավելի ուշ չի վճարել, եւ բանկը կրկին նրա դեմ հայց է ներկայացրել դատարան:
Ուսումնասիրելով դատավոր Մելքումյանի հայտարարագիրը` պարզեցինք, որ նա ունի 2 միլիոն դրամ եւ 10 հազար դոլար, վերջինիս կինը` Ռոզա Մելքոնյանը, ունի 20 միլիոն դրամ 25 հազար դոլար եւ 500 եվրո: Նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Կենտրոնի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ նկատողություն էր հայտարարվել, բացի այդ` նա 6 ամիս զրկվել է աշխատավարձի 25 տոկոսից: Այս ամենի պատճառն այն է, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն էր ներկայացրել արդարադատության խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, ինչն էլ բավարարվել էր:
«Ժողովուրդ» օրաթերթը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանից հետաքրքրվեց, թե ինչ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել, որ բանկը հարկադրված դիմել է դատարան` իրեն սնանկ ճանաչեն, ի պատասխան` դատավորը ասեց, որ այդ մասին չի ցանկանում խոսել. «Չեմ ցանկանում այդ մասին որեւէ բան ասել, միայն կարող եմ ասել, որ այդ գումարը ամբողջությամբ մարված է»: Մեր այն հարցին, որ այդ գործը վարույթ է ընդունվել, եւ դեռ վճիռ չկա, ավելին` ինչո՞ւ նախկինում չի մարել, որ բանկը հարկադրված է եղել դիմել դատարան, դատավորը նշեց, որ չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել:
Իսկ ահա դատավոր Սամվել Ուզունյանին գտնելու մեր փորձերն անցան ապարդյուն. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Դատական համակարգը սպասում է
Մինչ այդ, նկատենք, որ դատական համակարգում խիստ մտահոգված են դատավորներին սնանկ ճանաչելու այս հայցերով: Բանն այն է, որ դատավորները վճիռ են կարդում հանուն Հայաստանի Հանրապետության, ուստի այդ դեպքում, մեղմ ասած, ճիշտ չի ընկալվում փաստը, որ հանուն Հայաստանի Հանրապետության վճիռ կայացնող դատավորը սնանկ ճանաչվի: Հիմա դատական համակարգում սպասում են վճիռներին, որից հետո դատավորների ճակատագրի մասով որոշում կկայացնեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՔՈՒՅՐԸ ԵՂԲՈՐ ԾԵԾԻ ՄԱՍԻՆ
Արդեն ծեծված քաղաքացուն Հրազդան քաղաքում ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու գործով բացահայտումները շարունակվում են: Հիշեցնենք` կալանավոր Էդգար Ասատրյանը հաղորդում էր տվել այն մասին, որ 2018թ.-ի հունվարի 1-ին Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության Հրազդանի աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել բաժին` պահանջելով ցուցմունք տալ կատարվածի մասին, այնուհետեւ ծեծել: Նշենք, որ միջադեպի օրը ոստիկանության Հրազդանի բաժնում է եղել նաեւ Էդգար Ասատրյանի քույրը` Քրիստինա Ասատրյանը, որին օրերս կանչել են հատուկ քննչական ծառայություն, որպեսզի նա ցուցմունք տա ոստիկանների գործողությունների մասով:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցաքննությունից հետո զրուցեց Քրիստինա Ասատրյանի հետ: Մեզ հետ զրույցում Քրիստինան պատմեց, որ իրականում վերոնշյալ օրը անծանոթ մարդիկ են ծեծել իրենց, որից հետո ոստիկանները եկել են ու բռնություն կիրառելով` տարել բաժին. «Երբ եղբորս քաշքշելով տանում էին, ես բղավում էի, թե ինչու եք եղբորս ծեծում, ինձ ոստիկաններից մեկը ապտակեց, աչքս կարմրած էր, այդ մասին անգամ դատաբժիշկն է հաստատել: Երբ մեզ տարան Հրազդանի բաժին, Վաղո անունով ոստիկանը մոտեցավ եւ սկսեց հարցնել, թե ով է ծեծել, եղբայրս ասեց, թե չգիտի եւ ինքը բողոք չունի: Ինչ ասեմ, եղբորս նկատմամբ այնպիսի բռնություն կիրառեցին, ուշագնաց եղավ, շտապօգնություն կանչեցին: Եղբորս մենակ ասում էին` գրի՛, գրի՛, եղբայրս էլ ասում էր` չեմ գրի: Մայրս հիվանդ կին է, եթե ես առանց Էդգարի տուն գնայի, ինքը տեղում կմնար: Ախր, խիղճը ուր մնաց, որ մենք մեքենայի ակ փոխենք, մեզ գան, մոտենան անծանոթները, ծեծեն, ոստիկանները պետք է գային, օգնեին, բայց մի բան էլ եկան, մեզ բռնության ենթարկեցին: Ոստիկան Վաղոն ինձ ասում է, որ քննիչը գա, գրի, որ եղբայրդ խփել է ոստիկան Գառնիկի քթին, որ իրենց վրա չեպե չլինի, դրանից հետո ախպորդ կթողենք, կգնա: Իրենք գրել են, ես ստորագրել եմ, անգամ չգիտեմ, թե ինչ են գրել»:
Քրիստինա Ասատրյանի խոսքով` ինքը ողջ ընթացքում եղբոր հետ է եղել եւ վստահաբար պնդում է, որ ոչ թե ինքն ու եղբայրն են միմյանց ծեծել կամ ինչ-որ ամուսիններ, այլ անծանոթներ են իրենց ծեծել.«Ինչ ասեմ, այսպես մեզ խափեցին, մեր ընտանիքի հաց տվողին փակեցին: Հայրս կռվի մասնակցած ազատամարտիկ, ոտքը կորցրած մարդ է: 12 տարեկանից եղբայրս է պահում մեր տունը: Եթե ես իմանամ` եղբայրս վատ բան է արել, կասեմ` հա՛, տարեք, դատեք, բայց ես իր հետ եմ եղել, ախր ոնց կարելի էր` մեզ էլ ծեծեցին, մեզ վրա ծիծաղեցին ու մեզ թողեցին այսպես: Ես խնդրում եմ բոլոր խղճով մարդկանց` արդար քննեք այս գործը, կտեսնեք` եղբայրս բան չի արել, իրեն են ծեծել ու տարել, կալանավորել»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՂԻ ՄԱՖԻԱՅԻՆ
Դեղերը դեղատոմսերով գնելու թեմայով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումներին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անընդունելի է համարել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի բացակայությունը: Նա զգուշացրել է, որ ապրիլի 9-ից հարցապնդման արդյունքում կարելի է բարձրացնել կառավարության առանձին անդամների հրաժարականը: «Այն նախարարները, ովքեր ուղակիորեն իրենց պատվից ցածր են համարում գալ այստեղ, պատասխանել լրջագույն հարցերին, նմանօրինակ նախարարների հրաժարականի հարցն անպայման կքննարկենք»,-հայտարարել է նա: «Ես կասկած ունեմ, որ սրանով մենք դեղի մաֆիայի համար կանաչ ճանապարհ ենք բացել, որովհետեւ գաղտնիք չէ, որ ունենք բազմաթիվ դեմքեր, ովքեր դեղ են ներկրում, հիվանդանոցներ ունեն, ապտեկաներ իրենց հիվանդանոցներում: Ո՞վ չի հասկանում` ինչ մոնոպոլիայի է տարվելու այս համակարգը»,- նշել է նա:

 

 

ԿԴԻՄԵՆ ՀՔԾ
Եվրոպական դատարանում 2008թ. մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, հակադարձելով իշխող Հանրապետականի պատգամավոր, Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանին, պնդում է, թե անցած 10 տարիներին իշխանությունները մերժել են տրամադրել իրենց գործի նյութերը: Սակայն Կոստանյանն ասել էր. «Տուժողի իրավահաջորդները ունեն քրեական դատավարության օրենսգրքով բազմաթիվ իրավունքներ, այդ թվում գործի նյութերի ծանոթանալու իրավունք»: Այս հայտարարությունից հետո Վ. Գրիգորյանը կդիմի գործը քննող հատուկ քննչական ծառայություն` պահանջելով իրենց տրամադրել գործի նյութերը: «Մենք հետամուտ ենք լինելու պարոն Կոստանյանի կողմից կատարված հայտարարությանը, որի մասին տեղեկացրել ենք ե՛ւ դատարանին, ե՛ւ անմիջապես ՀՔԾ-ին` պահանջելով տեսագրությունները»,-նշել է փաստաբանը: Գրիգորյանն ասել է, որ անցած 10 տարիներին չեն կարողացել նախաքննական մարմնից վերցնել գործի նյութերը, այդ թվում եւ տեսագրությունները. պատճառաբանությունը մեկն էր` նախաքննական գաղտնիք է:
 

ԱՐԿ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Մարտի 26-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի այգում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այգում հայտնաբերվել է մեկ հակատանկային արկ: Փրկարարները սահմանազատել են այգու տարածքը: Ոստիկանության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն մինչ սակրավորների մոտենալը:




Լրահոս