ՄՏԱԾՈՒՄ ԵՆ` ՈՆՑ ՈՌՈԳԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոռոգման սեզոնին ջրի բացակայությունը լուրջ մտահոգություններ է պատճառել Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչների: Հողօգտագործողներն անհանգստացած են տեղումների բացակայությունից, եւ մեծ մասն անգամ հրաժարվել է այս տարի հող մշակելուց. հողատարածք ջրելը կապված է ծախսերի հետ, ինչը նրանք չեն կարող թույլ տալ:

Գյուղացիների այս մտահոգությունները փոխանցվել են գործադիրին: Ոռոգման սեզոնի հետ կապված անհանգստացած են նաեւ կառավարության անդամները` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս թեմայի շուրջ անգամ օրեր առաջ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել:
Այդ խորհրդակցության ժամանակ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրել է ջրամբարների լցվածության վերաբերյալ տվյալներ: Ըստ այդմ, նա հայտարարել է, որ Հայաստանի ջրամբարները թերլցված են: Այսպես` ջրպետկոմի տվյալներով` այսօրվա դրությամբ ջրամբարները լցված են 39 տոկոսով: Մինչդեռ 2017 թվականին դրանք լցված են եղել 47.3 տոկոսով: Իսկ ահա 2016 թվականին, որը համարվում էր ջրառատ տարի, դրանք լցված են եղել 58 տոկոսով: Ստացվում է, որ 2016 թվականի համեմատ մենք ջրամբարներում ունենք 19 տոկոսով պակաս ջուր: Հայտնի է, որ Արմավիրի մարզի մի շարք գյուղերի հողօգտագործողներ իրենց հողատարածքները ոռոգում են Ախուրյանի ջրամբարի ջրով: Իսկ եթե այս տարի Ախուրյանի ջրամբարը բավարար քանակությամբ ջրով չլցվի, ապա մի քանի հարյուրի հասնող գյուղացիներ լուրջ խնդիրների առաջ կկանգնեն: Ու հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ գյուղացին ոչ միայն մտածում է գյուղմթերքն իրացնելու, այլեւ մինչ այդ էլ հողատարածքը ոռոգելու մասին:
Պարզվում է` ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագիր է մշակել ջրպետկոմը: Ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը հույս ունի, որ այդ ծրագրով հնարավոր կլինի մեղմել ջրամբարների թերլցվածությունը: Իսկ ջրպետկոմն առաջարկում է հորատել նոր խորքային հորեր, իսկ հները, որոնք ունեն նորոգման կարիք, վերանորոգել, բացի այս` գյուղացիներին ջրով ապահովելու եւս մեկ տարբերակ` տեղադրել շարժական պոմպակայաններ: Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է այս աշխատանքները ավարտել, որպեսզի ոռոգման սեզոնին պատրաստ լինեն ջրամատակարարումն ապահովելու համար: Իսկ թե սա էլ հերթական հանձնարարականների նման սեւով գրված կմնա սպիտակի վրա կամ իրականություն կդառնա, ցույց կտա ժամանակը:
Հակառակ դեպքում գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու համար ստիպված են լինելու Սեւանա լճից օգտվել: «Եթե այս տեմպով շարունակվի, ապա ստիպված ենք լինելու դիմել ԱԺ, որպեսզի համաձայնություն տան Սեւանա լճից հավելյալ ջրառ իրականացնել»,- զգուշացրեց ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը: Բայց նրա այս հայտարարությունը խիստ զայրացրել է մի քանի բնապահպանների:
Հիշեցնենք, որ նույն պաշտոնյան անցած տարի դարձյալ այս խնդրով դիմել էր ԱԺ: Նրա խոսքերով` լրացուցիչ ջուրը պետք է ուղղվեր Արարատյան դաշտի մի քանի գյուղերի հողատարածքների ոռոգմանը, ինչպես նաեւ Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի համակարգում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների ընդլայնմանը: Իսկ կառավարության մշակած նախագծի համաձայն` նախատեսվում էր Սեւանից ջրառի ծավալները տարեկան 170 միլին խմ-ից հասցնել 270 խմ-ի:
Բայց բնապահպանների պնդմամբ` Սեւանա լճից տարեկան լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախաձեռնության հիմնական պատճառներից մեկը ռուսական կապիտալով աշխատող ՀԷԿ-երի համար հավելյալ շահույթներ ապահովելն է: Նրանք համոզված են` իրականում լճից բաց թողնվող ջրի միայն չնչին մասն է հասնում գյուղացիներին: Ավելին` լրացուցիչ ջրառը արդեն 4 անգամ չի նպաստում ոռոգման խնդիրների լուծմանը: Անցած տարի եւս եղան բազմաթիվ գյուղացիներ, որոնք ոռոգման ջրի համար բողոքեցին` ճանապարհ փակելով:
Չի բացառվում, որ այս տարի եւս ջրպետկոմը գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու քողի տակ ԱԺ-ից կպահանջի Սեւանա լճից հավելյալ ջրառ իրականացնել: «Բայց այս պահին դեռ վաղ է խոսել այս մասին, քանի որ հիդրոմետի տվյալներով` ապրիլն անձրեւաշատ է լինելու: Հակառակ դեպքում, այդ քայլը պետք է արվի»,- խոստովանեց Հարությունյանը:
Իսկ մինչ այդ, պարզվում է, ջրպետկոմը «պլան B» ունի. խորքային հորեր հորատել եւ հները վերականգնել: Մյուս կողմից խորքային հոր հորատելը եւ հները վերականգնելը կապված է մեծ գումարների հետ: «23 նոր հորատվող խորքային հորեր հորատելն ու 14 հատը վերականգնելը գնահատվել է 1 մլրդ դրամ: Եւ մոտ 200 մլն դրամ կծախսվի` շարժական պոմպակայան ձեռք բերելու համար: Այն հնարավորություն կտա առուներից, լճակներից ջուրը պոմպակայանով մղել շարժակայան դեպի հողօգտագործողների հողերը: Այս պահին նախագծողները տեղում ուսումնասիրում են` ավելի հստակ թիվ ունենալու համար»,- ներկայացրեց ջրպետկոմի նախագահը:
Ապա հավելեց, որ նշված խնդիրները լուծելու նպատակով դիմելու են կառավարություն եւ գումար պահանջեն: Ըստ ջրպետկոմի գնահատականի` ոռոգման առումով ամենառիսկայինը Արմավիրի եւ Արագածոտնի մարզերն են, որոնք օգտվում են Ախուրյանի ջրամբարից: Իսկ ջրամբարի իջման տակ գտնվող հողերի ալտերնատիվ ջրապահովվածությունը խորքային հորերն են: Նշենք, որ Արմավիրի մարզում թվով շուրջ 400 խորքային հոր կա, որոնք, ջրպետկոմը այժմ ստուգում է, եւ դրանցից որը ունի նորոգման կարիք, վերանորոգում է:
Բայց մինչ ջրպետկոմը կառավարությունից գումար պահանջի, խորքային հոր հորատի, գյուղացիները փորձում են իրենց սեփական միջոցներով հորեր հորատել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի մի շարք գյուղերի բնակիչներ իրենց հողատարածքների մոտ հորեր են հորատում, որպեսզի ոռոգեն դաշտերը: Խոսքը խորքային փոքր հորերի մասին է: Նկատենք, որ 10 մետր խորության մեկ խորքային հոր հորատելն արժի մոտ 200 հազար դրամ, այդ թվում նաեւ խողովակները: Իսկ էլեկտրական պոմպերը սկսվում են 50 հազար դրամից: Էլ չենք խոսում դաշտը ջրելու էլէներգիայի վարձի մասին, որը նույնպես մեծ թիվ է կազմում: Նույն Արմավիրի մարզի գյուղացին սրանից 6-7 տարի առաջ ոռոգման ջրի համար չէր վճարում, հիմա ստիպված է: Իսկ կառավարությունը դեռ նոր է սկսում քայլեր անել հարցի լուծման ուղղությամբ: Արդյո՞ք կհասցնի լուծել հարցը. չէ՞ որ մի քանի օրից նոր կառավարություն է ձեւավորվելու: Իսկ մինչ նորերը հարմարվեն ու ծանոթանան խնդիրներին, ժամանակ է պետք:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՀԱՅԵՐ ՉԿԱՆ
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի է ունեցել խոշոր հրդեհ, որի հետեւանքով զոհերի թիվը հասել է 64-ի: Սկզբում ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ ըստ նախնական տեղեկությունների` զոհերի թվում եղել են նաեւ հայեր, սակայն հետո հերքվեց: Ականատեսների պնդմամբ` հրդեհի ժամանակ որեւէ մեկը չի զբաղվել մարդկանց անվտանգ տարհանման հարցով, իսկ շենքի հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:
Նշենք, որ հրդեհի գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ` այդ թվում նաեւ առեւտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը, որի տարածքում գտնվել է կրակի օջախը: Իշխանությունները մտադիր են 1-ական միլիոն ռուբլի վճարել զոհերի ընտանիքներին:
Նահանգապետ Աման Տուլեեւը Կեմերովոյի մարզի ամբողջ տարածքում սուգ է հայտարարել մարտի 27-ին, 28-ին եւ 29-ին: Նա ճշտել է, որ այդ օրերին կխոնարհվեն պետական հիմնարկների դրոշները եւ կչեղարկվեն մշակութային-ժամանցային միջոցառումները:




Լրահոս