ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ՏԵՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ երեկ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել: Իսկ այդ խմբի անդամները՝ 15 հոգի, պետք է բացահայտեն մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ փաստերը բացահայտելուց հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը երկամսյա ժամկետով կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի աշխատանքային խմբի կողմից մշակված ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթը:
Համաձայնեք` վարչապետի որոշումը, մեղմ ասած, տարօրինակ է: Մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերին Հայաստանում ճանաչում են գրեթե բոլորը: Ասենք ավելին` զարմանալի զուգադիպությամբ` այդ իրական սեփականատերերն իշխանության ներկայացուցիչներն են, նույն Կարեն Կարապետյանի կուսակից ընկերները: Ու հիմա ակնհայտ ճշմարտությունները պարզելու համար հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու իմաստն անհասկանալի է: Մեկ զավեշտալի փաստ եւս. այդ խմբում պետք է ընդգրկվեն նաեւ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները եւս, իհարկե, իրենց համաձայնությամբ: Ասել է, թե իրենք իրենց դեմ պետք է «ցուցմունք տան»: Վատ չի հնչում: Բայց վարչապետն այս քայլին է գնացել հավանաբար կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում` ցույց տալու համար, թե ինքն էլ գործ է անում: Միայն թե, դատելով այն հանգամանքից, որ այդ սեփականատերերն իշխանության ներկայացուցիչներն են, Սերժ Սարգսյանի մերձավորները, հազիվ թե վարչապետին հաջողվի ինչ-որ բան անել այդ ուղղությամբ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հատուկ քննչական ծառայությունն ընթացք է տվել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» վերնագրված զեկույցին: Այն արդեն կցվել է քրեական գործին, եւ արդեն այդ ուղղությամբ որոշակի քննչական գործողություններ են ընթանում: Թե ինչ արդյունք կտան այդ աշխատանքները, պարզ կդառնա առաջիկայում: Բայց փաստ է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, որ ՀՔԾ-ին հանձնարարել էր ուսումնասիրել փաստահավաք խմբի զեկույցը, այդ քայլին չէր գնա առանց Սերժ Սարգսյանի համաձայնության: Եւ ուրեմն, մնում է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն էլ իր այս քայլերով, ըստ էության, փորձում է մարտի 1-ի սլաքները հետեւողականորեն ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. չէ՞ որ այդ օրերին նախագահը, ասել է, թե ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարը Քոչարյանն էր, ուրեմն հենց նա կարող էր համապատասխան հրահանգներ տալ: Իսկ Սերժ Սարգսյանը, որ այդ օրերին վարչապետն էր, ասում են՝ սիրում է արդարանալ` ասելով, թե ինքն իրավիճակի վրա ազդելու հնարավորություն չի ունեցել եւ չի կարողացել:

 

 

 

«Ժողովուրդ«» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտոնյաները մինչեւ այս տարվա մարտի 30-ը պետք է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնեն 2017 թվականի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերը: Բանն այն է, որ 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` քրեականացվեց ապօրինի հարստացումը: Ու հիմա պետք է ուսումնասիրվեն պաշտոնյաների հայտարարագրերը` պարզելու համար՝ արդյո՞ք նրանք ապօրինի են հարստացել, թե՞ ոչ: Միայն թե նշենք նաեւ` քանի որ օրենքը չունի հետադարձ ուժ, ապա այդ որոշումն անդրադառնալու է միայն 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ապօրինի հարստացողներին: Ասել է, թե մինչ այդ միլիոններ կուտակած պաշտոնյաները կարող են հանգիստ վայելել ունեցվածքը:

 

 

 

Հայտնի երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է նաեւ ներքաղաքական թեմաների` ասելով, որ ինչքան էլ քաղաքականությունից հեռու է, այնուամենայնիվ. «Ես ժողովրդի մի մասն եմ եւ իմ մաշկի վրա զգում եմ բոլոր փոփոխությունները, այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում»: Նա մտահոգություն է հայտնել ՀՀ-ում տիրող իրավիճակի կապակցությամբ` ընդգծելով. «Ում որ չի մտահոգում, երեւի մեր երկրի մասին ո՛չ մտածում է, ո՛չ բան: Իմ ընկերների, ծանոթների, բարեկամների կեսը, եթե ոչ ավելին, գտնվում են օտար երկրներում, թողել-գնացել են այստեղից: Իրենք այն մի կաթիլ ջուրն էին, որ կաթում էին մեր ջրաղացին, հիմա գուցե Ամերիկայում, Ֆրանսիայում ալիքներ են դարձել: Իհարկե, հպարտ եմ դրա համար, բայց պետք է տեղական ռեսուրսներն էլ պահել, պահպանել: Ես չեմ էլ մեղադրում գնացողներին, եթե գնացել են, գնացել են ոչ լավ կյանքից: Երկար տարիներ նույն վիճակն է: Հույս ունենանք, որ լավ կլինի ամեն ինչ»:

 

 

 

ՈՉ ԻՐԱՎԱԿԱՆ
Հայաստանի իշխանությունները երեկ հերթական դիվանագիտական ապտակը ստացան: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում խոսելով Եվրամիության հետ վիզաների ազատականացման մասին` ասել է, թե այդ հարցի շուրջ պայմանավորվելու առումով Հայաստանը ճիշտ ուղով է ընթանում: Միաժամանակ նա հավելել է, որ եթե Հայաստանը շարունակի ընթանալ ճիշտ ուղով, ապա «օրը կգա, եւ վիզաները կազատականացվեն»: Ասելբոռնը նաեւ մանրամասնել է, թե «ճիշտ ուղի» ասելով ի՞նչ նկատի ունի. Հայաստանը բավական ջանքեր է գործադրում իրավական երկիր դառնալու, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: «Իհարկե, դեռեւս պետք է ջանքեր գործադրվեն»,- հավելել է նա:
Փաստորեն, եվրոպացի պաշտոնյան թեեւ անուղղակի, սակայն բաց տեքստով հասկացրել է, որ Հայաստանը դեռ իրավական երկիր չէ եւ այդ ուղղությամբ դեռ շատ ջանք պետք է գործադրի: Ընդ որում, նա խնդիրների թվում շեշտել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը` միաժամանակ հասկացնելով, որ մինչեւ հիմա Հայաստանի գործադրած քայլերը դեռ բավարար չեն:
Եվրոպացի պաշտոնյայի հետ թերեւս դժվար է չհամաձայնել: Ի վերջո, գաղտնիք չէ որեւէ մեկի համար, որ մեզանում մարդու իրավունքների պաշտպանությունն ամենեւին էլ լավ վիճակում չէ: Այդ մասին են վկայում Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` իրար հաջորդող վճիռները, որոնց առանցքում հիմնականում իրավապահների կողմից մարդու իրավունքների ոտնահարումն է: Այնպես որ, չնայած եվրոպական տարբեր ամբիոններից ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ հավասարության մասին Սերժ Սարգսյանի պնդումներին, միեւնույն է` երեկ պարզ դարձավ՝ եվրոպացի պաշտոնյաներն այնքան էլ հակված չեն հավատալու այդ խոսքերին: Եւ, իրոք, Հայաստանն իսկապես դեռ հեռու է իրավական երկիր դառնալուց, եւ դա գիտեն բոլորը՝ ե՛ւ ՀՀ իշխանությունները, որ փորձում են թաքցնել իրավիճակը, ե՛ւ եվրոպացի պաշտոնյաները: Այս առումով Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հայտարարությունները հազիվ թե միայն նրա կարծիքը լինեն, այլ Հայաստանի մասին նման տեսակետ տարածված է եվրոպական երկրներում: Համաձայնեք` իշխանություններն այս առումով մտահոգվելու տեղ ունեն:




Լրահոս