ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջեւ

Երեկ բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու խաղալիքներ են դրել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ` ի հիշատակ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության զոհերի: «Կեմերովո, մենք քեզ հետ ենք»,-գրված է ծաղիկների ու խաղալիքների մոտ դրված պաստառի վրա: Հիշեցնենք, որ Կեմերովոյում ողբերգական հրդեհի հետեւանքով 64 մարդ է զոհվել, նրանցից 41-ը` երեխաներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցած հրդեհի հետ կապված սուգ է հայտարարել ամբողջ երկրում:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` կարգապահական տույժը ո՞ր դեպքում կարելի է հանել: Ե՞րբ եւ ինչի՞ համար կարող է հանվել այն:

Տիգրանուհի Հարությունյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրuեւորել է իրեն որպեu բարեխիղճ ծառայող: «Կարգապահական տույժի հանումը» քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների տեսակներից մեկն է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի կապակցությամբ իր անհամաձայնության եւ դրանք վերացնելու վերաբերյալ կարող է դիմում ներկայացել: Այն պետք է քաղաքացիական ծառայության խորհուրդ ներկայացնել կարգապահական տույժը կիրառելու oրվանից հաշված մեկ ամuվա ընթացքում:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե պահքից դուրս գալու գործընթացն ինչպե՞ս է կատարվում: Հետաքրքիր է իմանալ` արդյո՞ք պարտադիր է եկեղեցի գնալ` պահքից դուրս գալու համար: Շաբաթ երեկոյա՞ն, թե՞ կիրակի առավոտյան են դուրս գալիս պահքից:

Ստելլա Պողոսյան (30 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պահքից դուրս գալու համար հարկավոր է գնալ եկեղեցի, մասնակցել Սուրբ Պատարագին, ստանալ Սուրբ Հաղորդություն եւ նոր համարել, որ Պահքն ավարտված է: Եթե եկեղեցի այցելելու անհնարինությունն արդարացված է եւ կարող է մի քանի օր ձգձգվել, ապա կարող եք Ավագ Շաբաթ երեկոյան պահքից դուրս գալ, իսկ առաջին հնարավորության դեպքում մասնակցել Ս. Պատարագին եւ Ս. Հաղորդություն ստանալ:
Նախընտրելի է պահքից դուրս գալ շաբաթ երեկոյան` մասնակցելով Ճրագալույցի Ս. Պատարագին: Իսկ եթե հանգամանքների բերումով չի ստացվում, ապա պահքից դուրս ենք գալիս կիրակի առավոտյան` մասնակցելով Զատկական Ս. Պատարագին: Երկու դեպքում էլ հարկավոր է ծոմ պահել, այսինքն` մինչեւ Հաղորդություն ստանալը չուտել եւ չխմել:
Հայտնի է, որ պահքը լինում է հոգեւոր եւ սննդային: Հոգեւոր պահքը պետք է ուղեկցի մեզ ամբողջ կյանքի ընթացքում: Իսկ սննդային պահքից դուրս գալու համար կարեւոր է Ավագ շաբաթվա ընթացքում մասնակցել եկեղեցում իրականացվող բոլոր արարողակարգերին, իսկ վերջում` Ճրագալույցի օրը (շաբաթ երեկոյան), առավոտից ծոմ պահել եւ մասնակցել Ճրագալույցի Ս. Պատարագին ու Հաղորդություն ստանալով` դուրս գալ պահքից:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեծ պահքի ընթացքում սովորաբար պսակադրություն չի կատարվում: Սակայն հաշվի առնելով մարդկանց անտեղյակությունը` եկեղեցին ընդառաջում եւ կատարում է պսակը` նախընտրելով օրհնել զույգերին:




Լրահոս